«Թող Սուրբ Կույս Մարիամն օգնի մեզ լինել հնազանդ Սուրբ Հոգուն. Նա փափկեցնում է դաժան սրտերը և մղում է դեպի ապաշխարություն»
Ավետարանի այսօրվա հատվածը մեզ կոչ է անում խորհել, արդյո՞ք մենք ճիշտ քրիստոնեական կյանք ենք ապրում, որն իրենից ներկայացնում է ոչ թե երազանքներ ու գեղեցիկ հույսեր, այլ՝ կոնկրետ պարտականություններ և գործողություններ՝ Աստծո կամքը կատարելու և մեր եղբայրների նկատմամբ գործուն սեր դրսևորելու համար, ընդգծեց Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքն ասելուց առաջ 2020թ. սեպտեմբերի 27-ին:
Աստծո Թագավորության Իր քարոզում Հիսուս հակառակվում է կրոնականության այնպիսի ընկալմանը, որը չի ներգործում մարդկային կյանքի վրա, խղճի խայթ և պատասխանատվություն չի առաջացնում բարու և չարի համար, ասաց Նորին Սրբությունը՝ մեկնաբանելով երկու որդիների մասին առակը (տես՝ Մտթ. 21, 28-32): Առաջին որդին՝ լսելով խաղողի այգում աշխատելու հոր խնդրանքը, ինքնաբարեբար պատասխանում է. «ոչ, չեմ գնա», սակայն հետո զղջում է և գնում է աշխատելու: Երկրորդ որդին, ով միանգամից համաձայնել էր, իրականում արհամարհում է նրա խնդրանքը.
«Հնազանդությունը ոչ թե «այո» կամ «ոչ» ասելն է, այլ՝ գործողություններ ձեռնարկելը, խաղողի այգին մշակելը, բարիք գործելը, Աստծո Թագավորության կառուցելը: Այս պարզ օրինակներով Հիսուս ցանկանում է մեզ դուրս բերել կրոնի սահմաններից, որն ընկալվում է միայն որպես արտաքին և սովորական գործողություն, որը չի ազդում մարդկանց կյանքի և հարաբերությունների վրա»:
Այս մակերեսային, «ճակատային» կրոնականության կրողները հանդիսանում են «ժողովրդի քահանայապետերն ու ծերերը» (տես՝ Մտթ. 21, 23), որոնց, Տիրոջ խոսքերի համաձայն, Աստծո Թագավորության տանող ճանապարհին շրջանցելու են անբարո կանայք (տես՝ Մտթ. 21,31). Այս արտահայտությունը չպետք է հանգեցնի այն մտքին, որ «նրանք, ովքեր Եկեղեցի են գնում, մեզանից վատն են», կամ էլ նրանք, ովքեր չեն հետևում Աստծո պատվիրաններին և բարոյականությանը, լավ են անում, պարզաբանեց Սրբազան Քահանայապետը.
«Հիսուս մատնանշում է մաքսավորներին և անբարո կանանց՝ ոչ թե որպես օրինակելի տիպար, այլ՝ որպես «ողորմածությամբ ընտրվածներ», որն Աստված պարգևում է բոլոր նրանց, ովքեր դարձի են գալիս: Այդ մարդիկ՝ լսելով Հիսուսի քարոզը, զղջացին և փոխեցին իրենց կյանքը»: Այստեղ կարելի է հիշատակել Մատթեոս առաքյալին. նա ևս մաքսավոր էր:
Այսօրվա Ավետարանի մեջ լավ տպավորություն թողեց առաջին որդին՝ ոչ թե նրա համար, որ հորն ասաց «ոչ», այլ՝ որովհետև հետո սթափվեց և կատարեց հոր խնդրանքը: «Աստված համբերատար է մեր նկատմամբ. Նա չի հոգնում և հանձնվում, երբ մենք մերժում ենք: Նա անգամ մեզ Իրենից հեռանալու և սխալներ գործելու ազատություն է տալիս: Սակայն Նա անհամբեր սպասում է մեր համաձայնությանը, որպեսզի մեզ դարձյալ ընդունի Իր հայրական գիրկը և լցնի Իր անհուն ողորմածությամբ: Հավատքն առ Աստված ենթադրում է ամեն օր հաստատել մեր ընտրությունը, բարին՝ չարի փոխարեն, ճշմարտությունը՝ ստի փոխարեն, եսասիրության փոխարեն՝ սերը մերձավորի հանդեպ: Նրանք, ովքեր դարձի կգան նույնիսկ մեղք գործելուց հետո, Աստծո Թագավորության մեջ կգրավեն առաջին տեղերը, որտեղ մեծ ուրախություն կլինի մեկ մեղավորի դարձի համար, քան իննսունինը արդարների համար» (տես՝ Ղկ. 15, 7), – ընդգծեց Նորին Սրբությունը:
Սակայն ապաշխարությունը մի ցավալի գործընթաց է, շարունակեց Սրբազան Քահանայապետը.
«Ապաշխարությունը միշտ խաչի ճանապարհով է անցնում: Չկա սրբություն՝ առանց հրաժարման և հոգևոր պայքարի: Հոգևոր առաջընթացը ենթադրում է ասկետիզմ և զոհողություններ՝ մահացումներ, որոնք աստիճանաբար առաջնորդում են դեպի կյանք՝ խաղաղության և Երանիների ուրախության մեջ»:
«Թող Սուրբ Կույս Մարիամն օգնի մեզ լինել հնազանդ Սուրբ Հոգուն. Նա փափկեցնում է դաժան սրտերը և մղում է դեպի ապաշխարություն, որպեսզի նրանք ձեռք բերեն Հիսուսի խոստացած կյանքը և փրկությունը»:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը