Եթե Եկեղեցին դուրս չի գալիս իր մեկուսացումիս, ապա հիվանդանում է
Աստված չի նայում ժամանակին կամ արդյունքներին, այլ նայում է, թե ինչպիսի պատրաստակամությամբ ու առատաձեռնությամբ ենք ծառայում Իրեն: Նրա գործողություններն արդար են այն առոմով, որ Նա վեր է արդարությունից և Իրեն բացահայտում է ողորմության մեջ: Ամեն ինչ ողորմություն է: Մեր փրկությունը Աստծո ողորմածությունն է: Մեր սրբությունը ևս ողորմածություն է: Նա մեզ ավելին է տալիս, քան մենք արժանի ենք, ընդգծեց Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքն ասելուց առաջ 2020թ. սեպտեմբերի 20-ին:
Մեկնաբանելով կիրակնօրյա Ավետարանի հատվածը մշակների մասին, որոնց վարձել էր խաղողի այգու տերը (Մտթ. 20, 1-16)` Նորին Սրբությունը պարզաբանեց, որ այս առակի միջոցով Հիսուս ցույց է տալիս մեզ, թե որքան զարմանալի են Աստծո արարքները, որոնք այստեղ ներկայացվում են հանձին խաղողի տիրոջ, թե նա ինչպես է կանչում մշակներին և պարգևատրում նրանց:
Խաղողի տերը հինգ անգամ գնում է հրապարակ և կանչում է մարդկանց, որպեսզի իր մոտ աշխատեն.
«Շատ հուզիչ է տիրոջ կերպարը, ով կրկին ու կրկին դուրս է գալիս փողոց, որպեսզի գտնի մշակներ` իր խաղողի այգում աշխատելու համար: Այդ տերը ներկայացնում է Աստծուն, Ով կանչում է բոլորին և կանչում է միշտ, ցանկացած պահի: Աստված այդպես է վարվում նաև այսօր. Նա ամեն ժամ շարունակում է կանչել բոլորին, որպեսզի աշխատեն Իր Թագավորությունում: Դա Աստծո ոճն է, որը մենք բոլորս պետք է ընդօրինակենք: Նա միշտ փնտրում է մարդկանց, քանզի չի ցանկանում, որ ինչ-որ մեկը բացակայի Իր սիրո ծրագրից»:
Մեր համայնքները ևս կանչված են դուրս գալու տարբեր տեսակի «սահմաններից», որպեսզի Հիսուսի բերած փրկության խոսքը հասցնեն բոլորին, ասաց Սրբազան Քահանայապետը՝ պարզաբանելով, որ դա նշանակում է լինել բաց՝ կյանքի հորիզոնների նկատմամբ, որը հույս է տալիս նրանց, ովքեր գտնվում են կեցության ծայրահեղ վիճակներում, ովքեր դեռ չեն զգացել կամ կորցրել զորությունն ու լույսը, որ գալիս է Քրիստոսից: Եկեղեցին պետք է Աստծո նման լինի. այն պետք է միշտ դուրս գա: Եթե Եկեղեցին դուրս չի գալիս, ապա հիվանդանում է մի շարք տկարություններով: Թեև, երբ ինչ-որ մեկը դուրս է գալիս փողոց, վթարի ենթարկվելու վտանգ կա: Սակայն ավելի լավ է լինել վթարի ենթարկված Եկեղեցի, որը դուրս է եկել՝ Ավետարանը հռչակելու համար, քան Եկեղեցի, որը տառապում է իր փակվածության պատճառով:
Աստծո գործը խորհրդանշական ձևով պատկերող այգու տիրոջ երկրորդ քայլը դա մշակներին պարգևատրելու կարողությունն է: Առաջին մշակների հետ, ովքեր առավոտյան էին վարձվել, նա պայմանավորվում է «դահեկանի» մասին: Սակայն նրանց, ովքեր ավելի ուշ էին եկել, ասում է. «Ինչ-որ արժան է, կտամ ձեզ» (տես Մտթ. 20, 4): Օրվա ավարտին խաղողի այգու տերը հրամայում է բոլորին վճարել միևնույն գումարը, այսինքն՝ մեկ դահեկան: Նրանք, ովքեր առավոտից էին աշխատել, իրենց վրդովմունքն են հայտնում տիրոջը, սակայն նա համառում է, նա ցանկանում է բոլորին տալ առավելագույն վարձատրությունը, այդ թվում նաև՝ վերջիններին (տե՛ս՝ Մտթ. 20, 8-15): Այստեղ մենք հասկանում ենք, որ Հիսուս խոսում է ոչ թե աշխատանքի և արդար վարձատրության մասին, այլ՝ Աստծո Թագավորության և Երկնային Հոր ողորմածության մասին:
Աստված հենց այդպես է գործում: Ուստի նա, ով առաջնորդվում է մարդկային տրամաբանությամբ, այսինքն՝ արժանիքներով, որոնք ձեռք է բերել իր ունակությունների շնորհիվ, դառնում է վերջինը: Նրանք ասում են. «Ես այդքան աշխատել եմ Եկեղեցու համար, օգնել եմ, սակայն ինձ վճարում են նույնքան, որքան նրանց, ովքեր վերջինն են եկել…»: Հիշե՛նք, թե ով է եղել Եկեղեցու առաջին սրբադասված անձը. դա խոհեմ ավազակն է, որին Հիսուս Իր Խաչի վրա խոստացավ Իր հետ տանել Երկնքի Արքայություն: Նա իր կյանքի վերջին րոպեին «գողացավ» դրախտը, որն Աստծո կողմից շնորհված ողորմություն էր: Նրանք, ովքեր մտածում են իրենց արժանիքների մասին, ձախողվում են, անհաջողության մատնվում: Իսկ նրանք, ովքեր խոնարհաբար վստահում են Աստծո ողորմությանը, դառնում են առաջինները (տե՛ս՝ Մտթ. 20,16), ասաց Սրբազան Քահանայապետն իր խորհրդածության ավարտին:
Վատիկան Նյուզ, ռուսերեն բաժին
Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյան