• Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյանի խոսքը՝ ԵՀՕ-2020-ի փակման առթիվ

    Եկեղեցին այն կամրջող օղակն է, որ մեզ միաւորում է Քրիստոսի եւ միմեանց հետ


    Սիրելի՛ երիտասարդներ,

     

    Այս տարի եւս իր տրամաբանական աւարտին մօտեցաւ «Համայնքային երիտասարդական օրեր-IV» հանդիպումը: Յոյս ունենք, որ այս օրերի ընթացքում ձեզ փոխանցուած նոր տեսլականներն ու գաղափարները օգտակար կը լինեն եւ նոր շունչ կը հաղորդեն ձեր կեանքին ու նախաձեռնութիւններին:

     

    Մինչ բոլորիդ հրաժեշտ տալը՝ ցանկանում եմ որոշ մտքեր կիսել ձեզ հետ:

     

    Կ’ուզեմ, որ միշտ յիշէք. ձեր կեանքի բոլոր ճանապարներին, նոյնիսկ երբ յոգնած էք եւ յուսախաբ, երբ չեն արդարադել ձեր ակնկալիքները, այնուամենայնիւ, անցէ՛ք այդ ճանապարհը վստահ քայլերով եւ Սուրբ Հոգու աջակցութեամբ եւ ուղեկցութեամբ ընդառաջ քայլէք դէպի Յիսուս: Կեանքի բոլոր իրավիճակներում փնտռէ՛ք Յիսուսին, երբեք մի՛ վարանէք ձեր անձը յանձնել Նրա ձեռքերի մէջ եւ վկայէ՛ք Նրան:  Ձեր աչքերի առաջ մշտապէս ունեցէք Քրիստոսի սիրով լի հայեացքը: Յիշէք, որ Տիրոջ համար մեր սրտերը նման են բաց գրքի եւ միայն Նա կարող է այդ գիրքը կարդալ, քանզի միայն Նա է մարդկային սրտի մասնագետ:

     

    Այս տագնապալի օրերին մեր յորդորն է ձեզանից իւրաքանչիւրին, որ մօտիկ լինէք եւ միայնակ չը թողնէք բոլոր կարօտեալներին, բոլոր նրանց, ովքեր այս համաճարակի պատճառով կորցրեցին իրենց սիրելիներին, բոլոր նրանց, ովքեր յայտնուեցին մեկուսացման մէջ: Փորձէք լինել յատկապէս տարեցների կողքին, եթէ ոչ ֆիզիքապէս, ապա՝ հոգեպէս կամ նիւթական աջակցութեամբ:

     

    Դո՛ւք էք ժամանակակից այս կեանքի նորաբողբոջ ծառները, բայց միշտ յիշէ՛ք, որ տարեցներն են այդ ծառների արմատները, ուստի, շարունակէ՛ք սնուցել եւ հոգ տանել նրանց մասին, քանի որ առանց արմատի ծառը կը չորանայ եւ այլեւս պտուղ չի տայ:

     

    Թէեւ Դո՛ւք էք կրողները այսօրուայ իրականութեան, թէեւ դուք էք այսօրուայ կեանքի շարժիչ ուժը եւ պատմութեան կերտողները, սակայն տարեցներն են, որ իրենց կեանքի փորձառութիւնն ու իմաստութիւնը կը փոխանցեն ձեզ: Եղէ՛ք ջերմ, եղէ՛ք հոգատար, եղէք Քրիստոսի լոյսի կրողը եւ փոխանցողը ուրիշներին:

     

    Եկեղեցին այն կամրջող օղակն է, որ մեզ միաւորում է Քրիստոսի եւ միմեանց հետ: Եկեղեցին այն ձեռքն է, որ Քրիստոս մեկնել է մեզ: Ամուր բռնէ՛ք այդ ձեռքը եւ երբեք բաց չթողնէք: Եկեղեցին կարիքն ունի ձեր նոր գաղափրների, ձեր հաւտքի եւ նուիրուածութեան:

     

    05.09.2020թ.

    Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեան

    Փանիկի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ Ժողովրդապետ,

    Հայաստանի Հայ Կաթողիկէ Երիտասարդաց միութեան նախագահ

Օրացույց

Օրացույց