• Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյանի բացման խոսքը՝ Համայնքային երիտասարդական օրեր – IV-ի առթիվ

    «Յոյս ունենք, որ թէեւ կարճատեւ, սակայն բովանդակալից հանդիպումները, որ պէտք է ունենաք այս երեք օրերի ընթացքում, կը կարողանան նոր շունչ եւ իմաստ հաղորդել ձեր կեանքին»


    Սիրելի՛ հիւրեր, սիրելի՛ երիտասարդներ,

     

    Թոյլ տուէք ողջունել եւ շնորհակալութիւն յայտնել բոլորիդ, որ ձեր մասնակցութիւնն էք բերում արդէն իսկ աւանդոյթ դարձած ամենամեայ «Համայնքային երիտասարդական օրեր» միջոցառմանը:

     

    Այսօր, երբ համայն աշխարհը փորձում է դիմակայել «անտեսանելի» այս չարիքին՝ Քորոնավիրուս կոչուող այս համաճարակին, երբ բոլորս այսքան մօտ ենք զգում մահուան շունչը՝ վերստին դառնում ենք դէպի Քրիստոսի լոյսը, որն այս տարի եւս միաւորեց մեզ այս հիւրընկալ յարկի տակ:

     

    Հաւատարիմ մնալով նախորդ տարիներին մեր որդեգրած բնաբանին՝ այս տարի նոյնպէս կը փորձենք մեր բանախօսութիւնները եւ քննարկումները կառուցել «Պատկանելիութիւն» գաղափարի շուրջ: Պատկանելիութիւն ոչ միայն կրօնական, այլեւ համայնքային եւ սոցիալական տեսանկիւնից:

     

    Յոյս ունենք, որ թէեւ կարճատեւ, սակայն բովանդակալից հանդիպումները, որ պէտք է ունենաք այս երեք օրերի ընթացքում, կը կարողանան նոր շունչ եւ իմաստ հաղորդել ձեր կեանքին: Ինչպէս Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն է ասել երիտասարդներին ուղղուած իր պատգամներից մէկում. «Յիսուսն է կեանքին լիարժէք իմաստ տուողը»: Յիսուսի հետ մնալ՝ նշանակում է նորոգուել անհատապէս, նշանակում է հանդիպել Նրան՝ յատկապէս Սուրբ Հաղորդութեան եւ Խոստովանութեան խորհուրդի մէջ եւ առնել Նրան որպէս հանապազօրեայ հաց: Հանդիպել Քրիստոսին նշանակում է Նրա հետ ապրել ոչ միայն չարչարանքի ամէն մի պահ, այլեւ յարութեան յաղթանակը: Ուր էլ որ գնաք, Քրիստոս է ձեր կեանքի ուղեցոյցը: Երբեք մի՛ վախեցէք կեանքի ցանկացած իրավիճակում ապաւինել Յիսուսին, քանզի Նրա խոստումն էր. «Ես ձեզ հետ եմ բո­լոր օրերում՝ մին­չեւ աշ­խար­հի վա­խ­ճա­նը» (Մատթ. 28:20):

     

    Աշխարհը համակած այս համաճարակի տագնապալի օրերին Քրիստոս դարձեալ խօսում է մեզանից իւրաքանչիւրի հետ՝ ասելով. «Այստեղ եմ՝ քո կողքին»: Տագնապի եւ վախի այս օրերը, որ ապրում ենք, կարող ենք յաղթահարել միայն Քրիստոսի հետ:

     

    – Արդեօ՞ք դժուար է հաւատալ այսօրուայ աշխարհին՝ երրորդ հազարամեակի աշխարհին:

     

    – Այո՛, դժուար է, քանի որ չենք կարող չնայել իրականութեան աչքերի մէջ: Սակայն աստուածային շնորհի օգնութեամբ հնարաւոր է յաղթահարել ամէն տեսակ դժուարութիւն: Դժուարութիւնների եւ, նոյնիսկ, ամենածանր փորձութիւնների մէջ ենք դառնում աւելի տոկուն, ուստի փորձենք մեր ապրումով վկայել յոյսը, վեհանձնութիւնը եւ զօրակցութիւնը: Կեանքի դժուարին պահերին մի՛ վարանէք ապաստան փնտռել ձեր մոր՝ Եկեղեցւոյ գրկում, ով այն սիրող մայրն է, որ մշտապէս հոգ է տանում ձեր մասին: Դուք բոլորդ Եկեղեցւոյ զաւակներն էք եւ ապրում էք նրա սրտի մէջ: Եկեղեցին միշտ աղօթում է ձեզ համար:

     

    Այսօրուայ մեր երիտասարդներին տեսնում եմ երրորդ հազարամեակի արշալոյսի մէջ, որպէս վաղուայ օրուայ պահապաններ (հմմտ. Ես. 21:11-12): Ուստի, հետեւէ՛ք Քրիստոսի կոչին. «Քեզ եմ ասում, ո՛վ երիտասարդ՝ վե՛ր կաց» (Ղուկ. 7, 14) եւ ձեր ապագան կառուցելու ճանապարհին ժամանակ գտէք Նրա հետ լինելու, մի՛ վախեցէք քայլել Քրիստոսի ոտնահետքերով՝ հետեւելով Մարիամի «այո»-ի օրինակին:

     

    Այսպիսով, թոյլ տուէք պաշտօնապէս բացուած համարել «Համայնքային երիտասարդական օրեր-IV» հանդիպումը:

     

    Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյան

    Նախագահ Հայ Կաթողիկէ Երիտասարդաց միության

    03.09.2020

Օրացույց

Օրացույց


Recent Comments