«Քեզ եմ ասում, ո՛վ երիտասարդ՝ վե՛ր կաց» (Ղուկ. 7, 14)
Երիտասարդական համայնքային օրերն այս տարի տեղի ունեցան համավարակի պայմաններում՝ սահմանափակ օրերով և պահպանելով հակահամաճարակային անվտանգության կանոնները, փոքր թվաքանակով, երկու փուլերով՝ սեպտեմբերի 3-5-ը և 7-9-ը, Կարդինալ Աղաջանյան ամառային ճամբարի տարածքում: Երիտասարդական օրերը սկսվեցին հանդիսավոր Սուրբ Պատարագով, որ մատուցվեց ձեռամբ Առաջնորդ Տեր Ռաֆայել Արքեպիսկոպս Մինասյանի և առընթերակայությամբ Երիտասարդաց խմբի նախագահ Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյանի, Տ. Գրիգոր Ավ. Քհն. Մկրտչյանի, Հ. Նարեկ Վրդ. Մնոյանի և մասնակցությամբ հայ կաթողիկէ այլ հոգևորականների և երիտասարդների:
Բացման արարողության ժամանակ Առաջնորդ Հայրը նախ խնդրեց Ավետարանից ընթերցել Սերմնացանի մասին Հիսուսի առակը, որի շուրջ, ապա, ծավալեց իր հայրական խոսքը.
«Ես չեմ ուզում հավատալ, որ դուք այն հատիկներից եք, որ ընկել են փշերի մեջ, կամ ապառաժի վրա կամ ճանապարհին: Ես հավատում եմ, որ դուք ամենքդ էլ այն պարարտ հողի հատիկներն եք, որ արդյունք են տալիս երեսուն, վաթսուն կամ հարյուր: Եվ դուք տասլի եք հարյուր: Դուք ի՞նչ եք սպասոում մեզանից, չգիտեմ: Բայց ես կարող եմ ասել, թե մենք ինչ ենք սպասում ձեզանից: Եթե մենք պատկանելության վրա այդքան շեշտում ենք, վստահ ենք, որ ձեզանից շատերն ուրիշ անգամներ մասնակցած եք, ի՞նչ արդյունք եք ստացել ձեր մասնակցությունից, ինչքանո՞վ դուք իրականացրեցինք այն բառերը, որոնք մենք ասում ենք 3-4 տարի՝ պատկանելություն հոգևոր կյանքին, մշակութային կյանքին, համայնքային կյանքին»:
Լավ ըմբռնել «պատկանելություն» հասկացության իմաստը և գտնել դրա գործնական կիրառության ճանապարհները՝ համայնքային և ընդհանրական կյանքում. սա՛ էր ընտրված որպես այս տարվա թեմատիկ առանցք, որի շուրջ կառուցվել էին բոլոր բանախոսություններն ու քննարկումները: Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյանը իր բացման խոսքում անդրադարձավ նաև մերօրյա առողջապահական և սոցիալական ճգնաժամի մեջ հայտնված երիտասարդի հոգևոր և բարոյական կեցվածքին.
«Ուր էլ որ գնաք, Քրիստոս է ձեր կեանքի ուղեցոյցը: Երբեք մի՛ վախեցէք կեանքի ցանկացած իրավիճակում ապաւինել Յիսուսին, քանզի Նրա խոստումն էր. «Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչեւ աշխարհի վախճանը» (Մտթ. 28:20): Աշխարհը համակած այս համաճարակի տագնապալի օրերին Քրիստոս դարձեալ խօսում է մեզանից իւրաքանչիւրի հետ՝ ասելով.Աշխարհը համակած այս համաճարակի տագնապալի օրերին Քրիստոս դարձեալ խօսում է մեզանից իւրաքանչիւրի հետ՝ ասելով. «Այստեղ եմ՝ քո կողքդ եմ»»:
Այս տարվա Կաթողիկէ Եկեղեցու բոլոր երիտասարդական հավաքների համար որպես բնաբան ընտրված է Ղուկասի ավետարանից մի համար՝ «Քեզ եմ ասում, ո՛վ երիտասարդ՝ վե՛ր կաց» (Ղկ. 7, 14)՝ Նային քաղաքի այրի կնոջ մեռյալ որդու հարության դրվագից: Այս խոսքերն են ընկած նաև Քահանայապետի՝ երիտասարդներին ուղղված այս տարվա ուղերձի բովանդակության հիմքում: Քահանայապետի ուղերձի մասին էր Հ. Գառնիկի բանախոսությունը.
«Դուք ևս սիրելի երիտասարդներ, եթե կարողանաք մոտենալ մահվան, ցավի իրականություններին, Հիսուսի նման նոր կյանք պիտի ծնեք»:
Հ. Նարեկ Վրդ. Մնոյանը և հաղորդակցական միջոցների մասնագետ Գրիգոր Բոյաջյանը խոսեցին պատկանելության մասին՝ սուրբգրային, քրիստոնեական և համայնքային ընկալմամբ՝ հոգևորականի և աշխարհական հավատացյալի փոխլրացնող տեսակետներից:
Ամենօրյա կյանքում պատկանելության ապրումի մասին բանախոսեցին Հ. Եղիա Վրդ. Դերձակյանը և Տ. Միքայել Քհն. Դոմբուրյանը:
Շարունակելով նախորդ տարվա թեման՝ այն մասին, թե ինչ է Կաթողիկէ Եկեղեցին՝ այս տարի խոսեցի նաև Եկեղեցու ընդհանրականության սկզբունքի գործնական կիրառության, երիտասարդական միությունների առաքելության և գործունեության մասին:
Պատկանելության սոցիալական ընկալման և գործնական դրսևորումների մասին խոսեցին առաջին փուլում՝ Վրաստանի Կարիտասի տնօրեն Անահիտ Մխոյանը, իսկ երկրորդ փուլում՝ Տ. Գրիգոր Ավ. Քհն. Մկրտչյանը:
Հ. Ներսես Վրդ. Գալստյանը խոսեց սեփական պատկանելության արմատների որոնումների և, հատկապես, համայնքներում հայ կաթողիկէ պատկանելության և ինքնության պատմությունը իմանալու անհրաժեշտության մասին.
Սուրբ Հաղորդության մասին՝ որպես քրիստոնեական պատկանելության առանցքի, բացատրություններ տվեց Տ. Նարեկ քհն. Թադևոսյանը.
Հ. Մաշտոց Վրդ. Զահթերյանը ներկայացրեց մի նյութ՝ Կարդինալ Գրիգոր Պետրոս Աղաջանյանի մասին, որ կաթողիկէ պատկանելության մի գեղեցիկ օրինակ է.
Ի՞նչ է մարդու կոչումը ընդհանրապես, ինչպե՞ս է Աստված խոսում յուրաքանչյուր մարդու հետ և ինչպե՞ս է մարդը արձագանքում Աստծո կանչին. Հ. Պետրոս Վրդ. Մարաշլյան:
Քննարկումների ժամանակ երիտասարդները բաժանվեցին խմբերի՝ ըստ իրենց նախընտրած թեմաների, հարցեր ուղղեցին հոգևորականներին և արտահայտեցին սեփական կարծիքները, իսկ վերջում եկան ընդհանուր հայտարարի:
Առավոտյան բոլորը մասնակցում էին Սուրբ Պատարագի, իսկ երեկոյան, բանախոսություններից, քննարկումներից ու կարճ հանգստից հետո միասին աղոթում էին Վարդարան կամ Սուրբ Հաղորդության առջև:
Մշակութային երեկոներին ամեն մեկը հանդես էր գալիս իր տաղանդներով կամ պատմում իրենց համայնքային գործունեության մասին:
Փա՛ռք Աստծո, և շնորհակալությո՛ւն Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանին և կազմակերպիչներին՝ երիտասարդներին զարգացման, հոգևոր փորձառության և շփման այսպիսի հնարավորություն ընձեռելու համար՝ այս դժվարին օրերին:
Տ. Հովսեփ Քհն. Գալստյան