• Արարչագործության հայեցողությունը սովորեցնում է հոգ տանել ուրիշների մասին

    «Նա, ով օգտագործում է բնությունն իր նպատակների համար, օգտագործում է նաև մարդկանց»


    «Համավարակը հաղթահարելու համար, մենք պետք է հոգ տանենք միմյանց մասին և աջակցենք նրանց, ովքեր հոգ են տանում ամենաթույլերի՝ հիվանդների ու տարեցների մասին, որոնք այսօր հաճախ են դառնում «թափոնների մշակույթի» զոհը». այս խոսքերով Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը սկսեց 2020թ. սեպտեմբերի 16-ի ուկնդրությունը՝ հիշեցնելով հիվանդապահների հերոսության մասին. ժամանակակից հասարակության մեջ նրանց դերն անփոխարինելի է, ինչը, ավաղ, հաճախ պատշաճ ձևով չի գնահատվում և պարգևատրվում:

     

    Մենք պետք է հոգ տանենք ոչ միայն միմյանց, այլև՝ մեր ընդհանուր տան, երկրի և յուրաքանչյուր արարածի մասին: Կյանքի բոլոր ձևերը միմյանց հետ փոխկապակցված են, մեր առողջությունը կախված է էկոհամակարգերի առողջությունից, ընդգծեց Նորին Սրբությունը: Եթե մենք այն չարաշահենք, ապա կհիվանդանան թե՛ նրանք, թե՛ մենք ինքներս:

     

    Մեր ընդհանուր տան չարաշահման հակաթույնը հայեցողությունն է: Եթե մենք ունակ չենք հիանալ մեզ շրջապատող գեղեցկությամբ, ապա զարմանալի չէ, որ ցանկացած բան մեզ համար դառնում է օգտագործման ու չարաշահման առարկա (Laudato si’, 215): Արարչագործությունն ուղղակի «ռեսուրս» չէ. բոլոր արարածները «արտացոլում են Աստծո անսահման իմաստության և բարության շողը» (Կաթողիկէ Եկեղեցու քրիստոնեական, 339): Այսպիսով հայեցողությունը բուժում է հոգին, և առանց դրա հեշտ է ընկնել անհավասարակշիռ մարդակենտրոնության մեջ՝ ամեն ինչի կենտրոնում դնելով սեփական «ես»-ը: Դա ծնում է արարչագործության շահագործման մեղքը, ընդգծեց Սրբազան Քահանայապետը և մեկ անգամ ևս շեշտեց հայեցողության կարևորությունը. երկիրն ու ողջ արարչագործությունը պետք է դիտել որպես պարգև: Մտահայել՝ նշանակում է տեսնել ավելին և՝ ոչ միայն տվյալ իրի օգտակարությունը, նաև ընդունել, որ Աստծո յուրաքանչյուր արարած ունի խորհրդանշական, միստիկ ունակություն՝ մատնանշելու Արարչին և մեր մասնակցությունը արարչագործությանը: Հենց հայեցողությո՛ւնն է խրախուսում մեզ հոգ տանել բնության մասին՝ այն չդիտելով արտաքին կողմից, սակայն գիտակցելով, որ մենք ինքներս գտնվում ենք նրա մեջ և հանդիսանում ենք նրա մի մասը: Հենց այսպիսի հայեցողություն է անհրաժեշտ, որպեսզի սովորենք մտահայել մարդկանց՝ իրենց հարստության մեջ, իսկ նա, ով բնությունն օգտագործում է իր նպատակների համար, նույն կերպ էլ օգտագործում է մարդկանց:

     

    Խոսելով հայեցողության և հոգատարության մասին՝ Նորին Սրբությունը հիշեց մի ասացվածք. Աստված ներում է միշտ, մենք ներում ենք երբեմն, իսկ բնությունը երբեք չի ներում: Մեզանից յուրաքանչյուրը կանչված է ընդհանուր տան պահապանը դառնալու համար՝ փառաբանելով Աստծուն, մտահայելով ու պաշտպանելով Տիրոջ արարչագործությունը:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց