• Սոցիալական սերը միակ բուժումն է՝ հասարակական ներկա ճգնաժամի

    Սերը սնում է ընտանիքն ու ընկերությունը, սակայն սերը սնում է նաև սոցիալական, մշակույթային, տնտեսական և քաղաքական հարաբերությունները՝ թույլ տալով կառուցել «սիրո քաղաքակրթություն»


    Կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջացած ճգնաժամը դիպչել է բոլոր մարդկանց, որից մենք որպես ավելի լավ մարդ կարող ենք դուրս գալ միայն այն դեպքում, եթե բոլորս միասին սկսենք փնտրել համընդհանուր բարիքներ: Այս մասին Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը խոսեց սեպտեմբերի 9-ի ընդհանուր ուկնդրության ժամանակ՝ շարունակելով զրույցները աշխարհի ապաքինության մասին:

     

    Ցավոք սրտի, ընդգծեց Նորին Սրբությունը, համընդհանուր բարօրության ձգտելու փոխարեն՝ մենք բախվում ենք սեփական շահերի հետապնդմանը, օրինակ՝ պատվաստանյութի մշակման գործընթացում: Ոմանք օգտվում են իրավիճակից՝ ներքին հակամարտությունները խթանելու համար, փնտրում են տնտեսական և քաղաքական շահեր: Մյուսներին էլ պարզապես չի հետաքրքրում ուրիշների տառապանքը և նրանք շարունակում են քայլել իրենց ճանապարհով:

     

    «Համավարակին և դրա սոցիալ-տնտեսական հետևանքներին քրիստոնեական արձագանքը հիմնված է սիրո վրա՝ ամենից առաջ Աստծո սիրո վրա, որը միշտ նախորդում է մեզ: Նա առաջինը մեզ սիրեց, Նա մեզ միշտ ուղղորդում է սիրո մեջ և որոշումներ կայացնելիս: Աստված անվերապահորեն սիրում է մեզ և, ընդունելով այդ Աստվածային սերը, մենք ունակ ենք դառնում նույն կերպ պատասխանել: Մենք սիրում ենք ոչ միայն նրանց, ովքեր մեզ են սիրում՝ մեր ընտանիքը, ընկերներին, համայնքը, այլ նաև նրանց, ովքեր մեզ չեն սիրում, ովքեր մեզ չեն ճանաչում, սիրում ենք օտարներին, և նաև նրանց, ում պատճառով մենք տառապում ենք և ում թշնամի ենք համարում: Սա՛ է քրիստոնեական իմաստությունը, և Հիսուս այդպես վարվեց: Կարելի է ասել, որ թշնամիների հանդեպ սերը սրբության բարձրագույն կետն է, և դա բոլորովին էլ հեշտ չէ: Իհարկե, դժվար է սիրել բոլորին, ներառյալ նաև թշնամիներին, – ես կասեի, որ դա արվեստ է: Սակայն այդ արվեստը կարելի է սովորել և կատարելագործել: Իսկական սերը, որը մեզ դարձնում է պտղաբեր ու ազատ, միշտ ընդարձակ է ու ներառող: Այդ սերը բուժում, ապաքինում և բարիք է բերում»:

    Այսպիսով, սերը չի սահմանափակում մարդկային հարաբերությունները՝ երկու կամ երեք անձանց, ընկերների կամ հարազատների միջև: Այն ներառում է քաղաքացիական և քաղաքական հարաբերություններ, ինչպես նաև հարաբերություններ շրջակա միջավայրի հետ: Քանի որ մարդը հանդիսանում է սոցիալական և քաղաքական էակ, ապա սիրո բարձրագույն դրսևորումներից մեկը սոցիալական և քաղաքական սերն է, որը վճռորոշ դեր է խաղում մարդու զարգացման և ցանկացած ճգնաժամին արձագանքելու ժամանակ: Սերը սնում է ընտանիքն ու ընկերությունը, սակայն սերը սնում է նաև սոցիալական, մշակույթային, տնտեսական և քաղաքական հարաբերությունները՝ թույլ տալով կառուցել «սիրո քաղաքակրթություն»:

     

    Կորոնավիրուսը մեզ թույլ տվեց հասկանալ, որ իսկական բարիքը բոլորի համար հանդիսանում է համընդհանուր բարօրությունը, և, ընդհակառակը, համընդհանուր բարօրությու՛նն է հանդիսանում իսկական բարիք յուրաքանչյուրի համար: Այս վիրուսը չունի արգելքներ, սահմաններ և տարբերություններ, դրա համար էլ այն կարելի է հաղթահարել միայն սիրով, որը ևս չունի արգելքներ, սահմաններ և տարբերություններ: Այդպիսի սերը կարող է ծնել սոցիալական կառույցներ, որոնք խրախուսում են ոչ թե մրցակցությունը, այլ կիսվելը: Սակայն, եթե առաջարկված որոշումները եսասիրության կնիք են կրում, լինի դա մարդկային, ձեռնարկության կամ ազգի եսասիրություն, ապա հնարավոր է, որ մենք հաղթահարենք կորոնավիրուսը, սակայն չենք հաղթահարի համամարդկային և հասարակական ճգնաժամը, որն այդքան տեսանելի դարձավ համավարակի ժամանակ:

     

    Սուրբ Թովմա Աքվինացին ասել է, որ համընդհանուր բարօրության խթանումը արդարության պարտականությունն է, և դա վերաբերում է յուրաքանչյուր քաղաքացու: Քրիստոնյաների համար դա ոչ միայն պարտականություն է, այլ նաև՝ առաքելություն: Անհրաժեշտ է ցույց տալ, որ քաղաքականությունը կարող է լինել բարի, երբ կենտրոնում դնում է մարդու անհատականությունն ու համընդհանուր բարօրությունը: Այդպիսի քաղաքականություն հնարավոր է, եթե այն ոգեշնչվում է սոցիալական և քաղաքական սիրով: Այսօր ժամանակն է աճեցնելու մեր սոցիալական սերը, ընդգծեց Սրբազան Քահանայապետը: Աստծո՝ Սիրո Երրորդության օգնությամբ մենք կարող ենք բուժել աշխարհը՝ միասին աշխատելով հանուն համընդհանուր բարօրության:

     

    Վատիկան Նյուզ, ռուսերեն բաժին

    Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց