• Եկե՛ք չբամբասենք. բամբասանքը համաճարակից ավելի վատ է

    Բամբասանքը փակում է համայնքի սիրտը, կործանում է Եկեղեցին


    2020թ. սեպտեմբերի 6-ին՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքն ասելուց առաջ, Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն իր խորհրդածության մեջ խոսեց եղբայրական դաստիարակության մասին՝ կոչ անելով այն դարձնել առողջ սովորություն մեր համայնքներում: Սակայն այդ դաստիարակությունը պետք է հիմնված լինի Աստծո ողորմած փոխադարձ ներման և զորության վրա: Հիսուսի մանկավարժությունը միշտ փրկության մանկավարժություն է:

     

    Իր խորհրդածության մեջ Նորին Սրբությունը մեկնաբանեց կիրակնօրյա Ավետարանի հատվածը, որտեղ Հիսուս պարզաբանում է, թե ինչպես օգնել մեղք գործած եղբորը: Տերն առաջարկում է բուժման մանկավարժության երեք փուլ, որի խորհուրդը կայանում է նրանում, որ պետք է օգնել, այլ ոչ թե մեղադրել, ընդգծեց Սրբազան Քահանայապետը.

     

    «Առաջին, Նա ասում է. «Եթե եղբայրդ քո դեմ մեղանչի, գնա հանդիմանի՛ր նրան, երբ դու և նա մենակ եք» (Մտթ. 18,15), այսինքն՝ նրա մեղքը մի՛ դարձրու հանրային քննարկման առարկա: Պետք է հանգիստ մոտենաք ձեր եղբորը, չդատեք նրան, այլ օգնեք հասկանալ, թե նա ինչ է արել»:

     

    Սակայն կարող է այնպես պատահել, որ բարի մտադրություններով առաջին մոտեցումն անհաջողությամբ ավարտվի, շարունակեց Նորին Սրբությունը.

    «Այդ դեպքում պետք չէ հանձնվել, այլ պետք է օգնություն խնդրել մյուս եղբորից կամ քրոջից: Այս երկու վկաներն անհրաժեշտ են օգնելու, ոչ թե մեղադրելու և դատելու համար»:

     

     

    Սակայն անգամ երկու կամ երեք եղբայրների սերը բավական չէ, քանի որ նա համառում է, ընդգծեց Նորին Սրբությունը: «Այդ դեպքում, – Հիսուս ասում է, – ասա՛ Եկեղեցուն (տես Մտթ. 18,17): Որոշ իրավիճակներում մասնակցում է ամբողջ համայնքը: Կան բաներ, որոնք չեն կարող անտարբեր թողնել մյուս եղբայրներին. եղբորը հետ բերելու համար էլ ավելի շատ սեր է անհրաժեշտ:

     

    Որոշ դեպքերում նույնիսկ սա կարող է բավարար չլինել: Այդ դեպքում Հիսուս ասում է. «թող նա քեզ համար լինի ինչպես հեթանոսը և մաքսավորը»: Այս արտահայտությունն առաջին հայացքից շատ արհամարհական է թվում, սակայն իրականում խրախուսում է մեզ մեր եղբորը տալ Աստծուն. միայն Հայրը կարող է ցուցաբերել ավելի մեծ սեր, քան բոլոր եղբայրների ու քույրերի սերը միասին վերցրած, պարզաբանեց Նորին Սրբությունը.

     

    «Հիսուսի այս ուսմունքը մեզ շատ է օգնում, եկե՛ք դիտարկենք օրինակով. երբ մենք տեսնում ենք եղբոր կամ քրոջ սխալը, մեղքը, վրիպումը, որպես կանոն, առաջին բանը, որ անում ենք, դա այն է, որ գնում և պատմում ենք ուրիշներին, բամբասում ենք: Բամբասանքը փակում է համայնքի սիրտը, կործանում է Եկեղեցին: Մեծագույն բանսարկուն դա սատանան է, որը միշտ ուրիշներին վատ բաներ է պատմում, քանի որ նա ստախոս է և ձգտում է բաժանել Եկեղեցին, որպեսզի հեռացնի եղբայրներին և քույրերին, այլ ոչ թե համայնք ստեղծի: Խնդրում եմ, եղբայրնե՛ր և քույրե՛ր, եկե՛ք չբամբասենք: Բանսարկությունը Քովիդ-19-ից ավելի վատ չարիք է: Եկե՛ք չբամբասենք»:

    Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ Հիսուս ցույց տվեց Իր սերը՝ մեղավորների և հեթանոսների հանդեպ՝ զայրացնելով այդ ժամանակի հարմարվողականներին: Ոչ թե անվերապահորեն դատապարտել, այլ խոստովանել, որ երբեմն մեր մարդկային ջանքերը կարող են ձախողվել, և Աստծուն մոտ գտնվելը կօգնի եղբորը՝ դեմ դիմաց կանգնել իր սեփական խղճի հետ և պատասխանատվություն կրել սեփական արարքների համար:

     

    Վատիկան Նյուզ, ռուսերեն բաժին,

    Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյան

    Սրբ.՝ Տ. Հովսեփ

Օրացույց

Օրացույց