• Ն.Ս. Ֆրանցիսկոսի ուղերձը՝ արարչագործության պահպանության մեկամսյակի առթիվ

    Մենք կանչված ենք դարձյալ լսելու երկրի աղաղակը


    Սեպտեմբերի 1-ը արարչագործության պահպանության դիտավորությամբ աղոթքի համաշխարհային օրն էր: Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը հատուկ ուղերձով դիմեց հավատացյալներին՝ ոգեշնչված հոբելյանի մասին աստվածաշնչյան հետևյալ խոսքերով. «Կսրբագործե՛ք հիսուներորդ տարին և ձեր երկրի բոլոր բնակիչների համար ազատագրում կհայտարարեք: Դա ազատագրման տարի ազդարարելու նշան թող լինի» (Ղև. 25,10): Աղոթքի համաշխարհային օրը բացում է «Արարչագործության ժամանակ» ձեռնարկը, որը կտևի մինչև հոկտեմբերի 4-ը:

     

    «Այս ժամանակաշրջանում, – պարզաբանում է Նորին Սրբությունը, – ողջ աշխարհի քրիստոնյաները նորացնում են իրենց հավատքն առ Արարիչ Աստված և հատուկ ձևով միանում են ընդհանուր տան պահպանման համար աղոթքներին և գործողություններին»:

     

    Բացահայտելով արարչագործության պահպանման համար Աղոթքի համաշխարհային օրվա թեման՝ «Հոբելյան՝ Երկրի համար», որն առաջարկվել է Եվրոպայի տարբեր դավանանքի քրիստոնեական համայնքների կողմից, Սրբազան Քահանայապետն առանձնացնում է հոբելյանի  հինգ հիմնական բնութագրիչներ:

     

    Առաջին, Սուրբ Գրքի համաձայն, հոբելյանը հիշողության սուրբ ժամանակն է: Ամենից առաջ մենք կանչված ենք հիշելու այն, որ մարդու վերջնական ճակատագիրը Աստծո «հավերժական շաբաթ» մտնելն է: Հոբելյանը նաև հիշեցնում է «արարչագործության բուն կոչումը. լինել և ծաղկել որպես սիրո համայնք»:

     

    «Մենք ապրում ենք միայն կապերի միջոցով՝ Արարիչ Աստծո հետ, եղբայրների և քույրերի հետ՝ որպես մեկ ընտանիքի անդամներ, և բոլոր արարածների հետ, ովքեր ապրում են մեր տանը: «Ամեն ինչ փոխկապակցված է, և մենք բոլորս միավորված ենք որպես եղբայրներ և քույրեր՝ հիանալի ուխտագնացության մեջ, միավորված ենք Աստծո սիրով՝ Նրա յուրաքանչյուր արարածի նկատմամբ, ինչը մեզ ևս հարազատ բարեկամներ է դարձնում՝ եղբայր Արևի, քույր Լուսնի, եղբայր Գետակի) և մայր Հողի հետ» (LS 92):

     

    Այսպիսով, հոբելյանը հիշելու՝ մեր փոխկապակցված գոյության մասին հիշողություն պահելու ժամանակն է:

     

    Բացի այդ, դա նաև վերադառնալու ժամանակն է: Հոբելյանի ժամանակ մենք կանչված ենք վերադառնալ և գիտակցել մեր սխալները:

     

    «Մենք քանդեցինք կապերը՝ Արարիչն Աստծո, այլ մարդկանց և մյուս արարածների հետ: Մենք պետք է բուժենք այդ մարող հարաբերությունները, որոնք անհրաժեշտ են մեր և մեր կենսական հյուսվածքի պահպանության համար»:

     

    Հոբելյանը Աստծո՝ մեր սիրաշատ Արարչի մոտ վերադառանալու ժամանակն է: Մենք կանչված ենք դարձյալ այլ մարդկանց մասին մտածելու համար, հատկապես, հիվանդների ու թույլերի, և կրկին ընդունելու Աստծո արարչագործության նախնական ծրագիրը՝ որպես ընդհանուր ժառանգություն: Հոբելյանը ճնշվածների և բոլոր նրանց ազատագրման ժամանակաշրջանն է, ովքեր շղթայված են ժամանակակից ստրկության տարբեր ձևերի մեջ, որոնց թվում են երեխաների աշխատանքն ու մարդկանց վաճառքը:

     

    Մենք կանչված ենք դարձյալ լսելու երկրի ձայնը, քանզի մենք չենք տերը՝ կյանքի փոխկապակցված ցանցի, այլ միայն դրա մի մասն ենք:

     

    Հոբելյանը հանգստի ժամանակ է, գրում է Նորին Սրբությունը: Իր իմաստությամբ Աստված նախատեսեց շաբաթ օրը հանգստանալու համար, որպեսզի երկիրն ու նրա բնակիչները վերականգնեն իրենց ուժերը:

     

    «Սակայն այսօր մեր կենսակերպը մոլորակը հասցրել է ծայրահեղության: Աճի անընդհատ անհրաժեշտությունը և արտադրության ու սպառման շարունակական ցիկլը քայքայում են շրջակա միջավայրը»:

     

    Հոբելյանի ժամանակ Աստծո ժողովուրդը պետք է հանգստանար առօրյա գործերից և «թույլ տար երկրին վերականգնվել, իսկ աշխարհին՝ ինքն իրեն կարգի բերել»: Ներկայիս համավարակը օգնեց մեզ վերադառնալ առավել պարզ ու ընդունելի կենսակերպի, և ինչ-որ առումով ճգնաժամը հնարավորություն դարձավ՝ կյանքի նոր ձևերի զարգացման համար: Մենք արձանագրել ենք, որ երկիրը կարող է վերականգնվել, եթե թույլ տանք, որ նա հանգստանա. օդն առավել մաքուր և ջրերն ավելի վճիտ են դարձել, կենդանիների շատ տեսակներ վերադարձել են այնտեղ, որտեղից վաղուց անհետացել էին: Անհրաժեշտ է օգտվել այս պահից, որպեսզի վերջ դնենք անիմաստ և կործանարար գործողություններին: Մենք պետք է վերանայենք մեր սովորություններն այն առումով, ինչը վերաբերում է էներգիային, սպառմանը, շարժմանը և սնուցմանը:

     

    «Մենք պետք է մեր տնտեսական համակարգից հեռացնենք ոչ կարևոր ու վնասակար դրսևորումները և սկիզբ դնենք երկրային բարիքների առևտրի, արտադրության ու փոխադրման արդյունավետ եղանակների»։

     

    Հոբելյանի չորրորդ բնութագրիչը վերադառնալու ժամանակն է։ Մենք կանչված ենք, որպեսզի վերականգնենք արարչագործության սկզբնական ներդաշնակությունը և բուժենք արատավոր մարդկային հարաբերությունները: Նորին Սրբությունը հիշեցնում է մոլորակի հարավի շահագործման պատմությունը, որն առաջացրել է հսկայական բնապահպանական պարտքեր և սպառել ռեսուրսները: Հոբելյանը «փոխհատուցող արդարադատության» ժամանակն է, ընդգծում է Սրբազան Քահանայապետը և կրկին կոչ է անում, որ մարվեն առավել խոցելի երկրների պարտքերը, որոնք ավելի շատ տուժեցին առողջապահական ճգնաժամի և դրա սոցիալ-տնտեսական հետևանքների պատճառով։

     

    Անհրաժեշտ է նաև փոխհատուցել երկրին հասցված վնասը, դիմակայել գլոբալ տաքացմանը և վերականգնել Երկրի կենսաբազմազանությունը։ Գլազգոյի կլիմայական վեհաժողովին ընդառաջ (COP26), Նորին Սրբությունը կոչ է անում բոլոր երկրներին իրենց առջև դնել «առավել պատվախնդիր նպատակներ՝ արտանետումների կրճատման համար»։

     

    Մենք պետք է արդարությամբ փոխհատուցենք վնասը և ապահովենք, որ բնիկ ժողովուրդները, ովքեր սերնդեսերունդ ապրել են այդ տարածքներում, կրկին հնարավորություն ունենան օգտագործել դրանք։

     

    Ի վերջո, հոբելյանը ուրախության ժամանակ է։ Մենք ականատես ենք լինում, թե ինչպես է Սուրբ Հոգին ոգեշնչում մարդկանց և համայնքներին վերականգնել մեր ընդհանուր տունը և պաշտպանել ամենաթույլերին։ Մենք հետևում ենք այն մարդկանց գործունեությանը, ովքեր անշահախնդիր ձևով պաշտպանում են երկիրն ու աղքատներին։ Ուրախության առիթ է նաև Laudato si’ կոնդակի հինգերորդ ամյակը, որը ոգեշնչել է բազմաթիվ ձեռնարկումներ՝ տեղական և համաշխարհային մակարդակներով։ «Արարչագործության ժամանակը» դառնում է իսկապես էկումենիկ նախաձեռնություն, և դա ևս ուրախանալու առիթ է։

     

    Իր ուղերձը Սրբազան Քահանայապետն ավարտում է աղոթքով՝ ոգեշնչված 103-րդ սաղմոսով․ «Ուղարկիր Քո Հոգին, ով Աստված, և նորոգիր երկիրը»:

     

    Վատիկան Նյուզի ռուսերեն բաժնից թարգմանեց՝

    Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց