Տիրելու փափագը homo sapiens-ին վերածեց homo oeconomicus-ի
2020թ. օգոստոսի 26-ին Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն անցկացրեց հերթական ընդհանուր ուկնդրությունը՝ նվիրված աշխարհի ապաքինմանը: Նորին Սրբությունը կրկին ընդգծեց, որ համավարակը էլ ավելի տեսանելի դարձրեց անհավասարության խնդիրը մեր աշխարհում. «Ոմանք կարող են աշխատել տանից, սակայն շատերի համար դա անհնար է, -պարզաբանեց Սրբազան Քահանայապետը:-Որոշ երեխաներ, չնայած բոլոր դժվարություններին, կարող են դպրոցական կրթություն ստանալ, սակայն մեծաթիվ երեխաների համար այն կտրուկ ընդհատվեց»: Համավարակի սոցիալական հետևանքների պատճառով մարդիկ ենթարկվում են հույսը կորցնելու վտանգին:
«Անորոշության ու տագնապի այս ժամանակաշրջանում ես բոլորիդ խնդրում եմ ընդունել հույսի շնորհը, որը Հիսուս Քրիստոսից է: Հենց Նա՛ է մեզ օգնում նավարկել հիվանդության, մահվան ու անարդարության ալեկոծ ջրերում, որոնց, սակայն, չի պատկանում մեր վերջնական ճակատագրի վերաբերյալ վերջին խոսքը»:
Անհավասարության ախտանիշերը վկայում են հիվանդ հասարակության մասին՝ հիվանդ տնտեսության վիրուսի մասին: Տնտեսությունը հիվանդ է, իսկ տնտեսական աճն անարդար է, քանի որ այն անտեսում է մարդկային հիմնարար արժեքները. այսօր մի քանի հարուստներ ավելին ունեն, քան մնացած մարդկությունը: Այս անարդարությունը աղաղակում է դեպի երկինք: Սոցիալական անհավասարությունը և շրջակա միջավայրի վատթարացումը առաջացել են մեղքի հետևանքով. տիրելու փափագը, եղբայրներին ու քույրերին, բնությանը և, նույնիսկ, Աստծուն գերիշխելու ծարավը:
Նորին Սրբությունը մեկնաբանեց Կաթողիկէ Եկեղեցու ուսմունքը. «Աստված սկզբում երկիրն ու նրա հարստությունը հանձնեց մարդկային համատեղ կառավարմանը, որպեսզի հոգան դրանց մասին»: Աստված կոչ արեց մարդուն իշխել երկրի վրա Իր անունով, սակայն դա չի նշանակում անել այն ինչ ցանկանում ես: Մարդու և արարչագործության միջև գոյություն ունի «փոխադարձ պատասխանատվություն»: Մեր պարտքն է երկրի մասին այնպես հոգ տանել, որ նրա պտուղները հասանելի լինեն բոլորին, այլ՝ ոչ թե մի քանիսին միայն: Եկեղեցու Gaudium et Spes հովվական սահմանադրությունն ասում է հետևյալը. «Բարիքներից օգտվող մարդը պետք է իմանա, որ իրերը, որոնց նա օրինականորեն տիրում է, պատկանում են ոչ միայն իրեն, այլ նաև՝ ուրիշներին»: Մենք միայն տնօրինում ենք այն, սակայն տերը չենք հանդիսանում. բարիքները, որոնք մեզ են պատկանում, չպետք է եսասիրաբար օգտագործվեն միայն մեզ համար, պարզաբանեց Սրբազան Քահանայապետը: Բարիքների համընդհանուր օգտագործման նկատմամբ մասնավոր սեփականության ստորադասության սկզբունքը սոցիալական կարգի «ոսկե կանոնն» է: Փողը և ունեցվածքը գործիքներ են, որոնք կարող են ծառայել որևէ ռաքելության, շարունակեց Նորին Սրբությունը, բայց մենք դրանք հեշտությամբ վերածում ենք նպատակի՝ ինչպես անհատական, այնպես էլ հավաքական: Այսպիսով Homo sapiens-ը՝ մտածող մարդը, վերածվում է homo oeconomicus-ի՝ տնտեսական շահ հետապնդող մարդու: Եվ միայն Աստծո մեջ արմատավորված քրիստոնեական հույսն է ամրապնդում ուրիշների հետ կիսվելու մեր կամքը, աջակցում է մեր առաքելությանը՝ որպես Քրիստոսի աշակերտներ, Ով ամեն ինչ կիսեց մեզ հետ:
Դա շատ լավ էին հասկանում առաջին քրիստոնյա համայնքները, ովքեր, ինչպես և մենք, ապրում էին դժվարին ժամանակներում: Նրանք միմյանց ընդունում էին որպես մեկ հոգի և սիրտ՝ համատեղ օգտագործելով իրենց բարիքները: Եվ մենք այսօր կանչված ենք բուժելու սոցիալական անարդարությունը, որպեսզի դուրս գանք ճգնաժամից դեպի ավելի լավ մի հասարակարգ:
Իր քարոզի ավարտին դիմելով հավատացյալներին՝ Սրբազան Քահանայապետը կոչ արեց մտածել երեխաների մասին և ուշադրություն դարձնել վիճակագրությանը. այսօր մեծաթիվ երեխաներ մահանում են սովից՝ հարստության անհավասարաչափ բաշխման հետևանքով, հիվանդ տնտեսության պատճառով:
«Թող սովից և կրթության բացակայությունից տառապող երեխաների այս տեսակը, պատկերը օգնի մեզ հասկանալ, որ ճգնաժամից մենք պետք է դուրս գանք՝ ավելի լավը դարձած»:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը
Սրբագրեց՝ Տ. Հովսեփ Գալստյան