• «Եկե՛ք և տեսե՛ք». եռօրյա հոգևոր կրթություն՝ «Տիրամայր Հայաստանի» կենտրոնում

    Թագուհի Հայաստանի, աղաչեա՛ վասն մեր


    Աստվածածնի Վերափոխման իննօրյա տոնական շրջանի առիթով, 2020թ. օգոստոսի 15-18-ը Անարատ Հղության հայ քույրերի միաբանության Գյումրիի «Տիրամայր Հայաստանի» կենտրոնում Աշոցքի Սիզավետ հայ կաթողիկէ համայնքի մի խումբ աղջիկների համար կազմակերպվեց հոգևոր կրթություն՝ «Եկե՛ք և տեսե՛ք» խորագրով՝ հիմնվելով Հովհաննեսի ավետարանի 1, 35-39 համարի վրա, որտեղ Հիսուս կանչում է իր առաջին երկու աշակերտներին՝ գալու և տեսնելու Իր տունը: Ձեռնարկի կազմակերպիչ քույր Մարիամ Հարությունյանը ցանկացավ երեխաների համար մի գեղեցիկ առիթ ստեղծել՝ հանդիպելու Անարատ Հղության հայ միաբան քույրերին և կենտրոնում անցկացնել երեք օր՝ հագեցած օրակարգով: Այդ երեք օրերի ընթացքում երեխաները Գյումրիի Սրբոց Նահատակաց մայր տաճարում մասնակցեցին Վերափոխման տոնական Սուրբ Պատարագին, որ մատուցվեց ձեռամբ Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանի, ամեն օր աղոթեցին Վարդարան, զրուցեցին միաբան քույրերի հետ, ծանոթացան նրանց առօրյային, առաքելությանը, հոգևոր զրույց ունեցան ինձ հետ, խաղացին հետաքրքիր խաղեր, մասնակցեցին Արհեստի դպրոցի դասընթացի, ձեռագործ արեցին, ծանոթացան և հարցեր ուղղեցին կենտրոնում աշխատող ֆրանսիացի կլինիկական հոգեբան Կատրինին, իսկ վերջին օրը Արհեստի դպրոցի խոհանոցում տիկին Արփենիկի հետ միասին ճաշ պատրաստեցին: Վստահ եմ, որ երեխաների համար այդ երեք օրերը հետաքրքիր փորձառություն են:

     

     

    Քույր Մարիամ Հարությունյանը, որ նշանակվել է Գյումրիում հիմնված Անարատ Հղության միաբան քույրերի կրտսեր նորընծայարանի տեսուչ, մոտ մեկ տարի է՝ քրիստոնեականի դասընթաց և հետաքրքիր զբաղվածություն է կազմակերպում Աշոցքի կաթողիկէ համայնքների պատանիների համար՝ շարունակելով Գյումրիի տան ներկայիս մեծավորուհի քույր Ռեբեկայի ձեռնարկը: Անարատ Հղության հայ քույրերը համայնքներում երեխաների դաստիարակությամբ զբաղվել են մշտապես: Նրանք ոչ միայն հոգևոր գիտելիքներ են փոխանցում, այլև սովորեցնում են ձեռագործ, լեզուներ, կազմակերպում են  զարգացողական խաղեր, ընկերանում նրանց՝ մեծ հոգատարությամբ և սիրով: Պետք է անկեղծորեն ասեմ, որ Աշոցքի բոլոր գյուղերի երեխաներն էլ շատ սիրում են քույրերին և պատրաստ են զոհաբերել անգամ իրենց շատ սիրելի զբաղմունքները՝ քույրերի հետ հանդիպումները բաց չթողնելու համար:

     

     

    Կցանկանայի իմ և Աշոցքի հայ կաթողիկէ համայնքների անունից խորին շնորհակալություն հայտնել Անարատ Հղության հայ քույրերի միաբանությանը, մասնավորապես, Ընդհանուր մեծավորուհի քույր Արուսյակ Սաճոնյանին, քույր Ռեբեկա Ավճարյանին և, հատկապես, քույր Մարիամ Հարությունյանին՝ պատանիների հոգևոր դաստիարակության ուղղությամբ ստեղծագործ աշխատանք կատարելու համար՝ Անարատ Սուրբ Կույսի հովանավորությամբ:

     

    Տ. Հովսեփ Քհն. Գալստյան

Օրացույց

Օրացույց