• Տոնական երկու Սբ. Պատարագ և կիսասարկավագի ձեռնադրություն՝ ձեռամբ Առաջնորդ Սրբազան Հոր

    Մաղթում ենք նվիրյալ և խոնարհ նոր մշակների շնորհը՝ Հայ Կաթողիկէ Սուրբ Եկեղեցու համար


    Աստվածածնի Վերափոխման տոնի առթիվ Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանը մատուցեց երկու Սուրբ Պատարագ. առաջինը՝ օգոստոսի 15-ի երեկոյան՝ Երևանի Սուրբ Գրիգոր Նարեկացի հայ կաթողիկէ ժողովրդապետության բակում՝ առընթերակայությամբ Հ. Նարեկ Վրդ Մնոյանի, Տ. Կոմիտաս Քհն. Դավեյանի, ներկայությամբ Արհ. Տ. Նշան Արքեպս. Կարաքեհեյանի, Հ. Մաշտոց Վրդ. Զահթերյանի, Տ. Մաշտոց Քհն. Ղազարյանի, սպասավորությամբ Սրբոց Հրեշտակապետաց միացյալ հոգևոր ճեմարանի սաների և հավատացյալների բազմության: Սուրբ Պատարագի ընթացքում տեղի ունեցավ քահանայական փոքր կարգերի շնորհման և կիսասարգավության ձեռնադրության կարգ՝ ճեմարանի սան Ահարոն Սամվելյանի համար:

     

    Ահարոնը ծնվել է 1995թ. Մարտունի քաղաքում: 2003-2011թթ. սովորել է Աստղաձոր գյուղի միջնակարգ դպրոցում, 2011-2013թթ. ուսումը շարունակել է Մխիթարյան հոգևոր դպրեվանքում, որտեղ առաջին անգամ լրջորեն մտածել է քահանայական ծառայության պատրաստվելու մասին: 2013-2015թթ. ծառայել է բանակում, 2017-ից հոգևոր կրթություն է ստանում Լեհաստանի Սբ. Հովհաննես Պողոս Բ-ի անվան աստվածաբանական համալսարանում:

     

    «Շնորհավորու՛մ եմ, Ահարոն, որովհետև մի քայլ առաջ արեցիր դեպի Սուրբ Խորան՝ ծառայելու Աստծուն խոնարհությամբ».-ասաց Ռաֆայել Սրբազանն իր հայրապետական քարոզում և հիշեց ևս մեկ կարևոր փաստ, որ հինգ տարի առաջ՝ Աստվածածնի Վերափոխման տոնին, քահանա ձեռնադրեց Հ. Նարեկ Վրդ. Մնոյանին և նրան մաղթեց երկար տարիների քահանայական բեղուն ծառայություն: Անցնելով Վերափոխման տոնի խորհրդին՝ Ռաֆայել Սրբազանն ասաց.

     

     

    «Արդյո՞ք մտածել եք, թե ինչու՛ և ինչպե՛ս տեղի ունեցավ Տիրամոր Վերափոխումը: Նախ պետք է ասել, որ Վերափոխումը Հիսուսի սիրո և երախտագիտության արտահայտությունն է՝ Իր մոր հանդեպ՝ այն բանի դիմաց, որ Կույս Մարիամն ընդունեց Ավետման լուրը և համաձայնեց դառնալ Աստծո Որդու մայրը: Երկրորդ՝ Կույս Մարիամը համարձակ ընդունեց այդ պատասխանատվությունը և դեռ չգիտեր էլ, որ իր առջև երկար ճանապարհ ուներ անցնելիք՝ լի ցավերով, դժվարություններով, զոհողություններով, լքվածությամբ, հալածանքով: Եվ այս ամենը Աստվամայրը կրեց լռությամբ, խոնարհությամբ և ցավով, հետևեց իր Որդուն մինչև Խաչը: Եւ այդ պատճառով էլ արժանացավ մարմնով և հոգով Երկինք փոխադրվելու փառավոր շնորհին… Սիրելի՛ հավատացյալներ, եկե՛ք Տիրամորը դարձնենք մեզ համար պաշտպան և ճանապարհ՝ հետևելով նրա օրինակին, որպեսզի մեր դժվարությունները հաղթահարելով՝ հասնենք նրա երկնային փառքին»:

     

    Տոնական երկրորդ Սուրբ Պատարագը Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանը մատուցեց կիրակի՝ Գյումրիի Սրբոց Նահատակաց հայ կաթողիկէ մայր տաճարում՝ առընթերակայությամբ Տ. Գրիգոր Ավ. Քհն. Մկրտչյանի և Հ. Նարեկ Վրդ. Մնոյանի: Հավատացյալների համար մեծ երջանկություն էր Աստվածածնի տոնին ներկա լինել Սրբազան Հոր ձեռամբ մատուցված Սուրբ Պատարագին՝ մանավանդ համավարակի այս օրերի բարդությունների և մտավախությունների ֆոնին և լսել նրա՝ հավատի ու հույսի մեջ հաստատող հայրական խոսքը, Վերափոխման խորհրդի մեկնությունը, Տիրամոր Սրբապատկերի շուրջ ջերմ և աղոթախառն խորհրդածությունը՝ ի սեր իր հոգևոր զավակների:

     

    Տ. Հովսեփ

Օրացույց

Օրացույց