Ն. Ս. Ֆրանցիսկոս Քահանայապետը սկսել է քարոզների նոր շրջան՝ ներկայիս համավարակի պայմաններում հասարակական խնդիրները լուծմանն օգնելու համար
2020թ. օգոստոսի 5-ին՝ չորեքշաբթի օրը, ամառային կարճատև դադարից հետո, Սրբազան Քահանայապետը վերսկսեց ընդհանուր ուկնդրությունը, սակայն դրանք դեռևս անցկացվում են Առաքելական պալատում՝ առանց ուխտավորների մասնակցության: Նորին Սրբության խորհրդածության թեման դարձավ աշխարհի տարբեր մասերում տարածվող համավարակը, որը «դեռ խոր վերքեր է պատճառում մարդկությանը՝ ցույց տալով մեր անզորությունը»: Բազմաթիվ մարդիկ, շատ ընտանիքներ ապրում են անորոշ ժամանակներ՝ սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառով, որոնք ամենից շատ ազդում են ամենաաղքատների վրա, արձանագրեց Նորին Սրբությունը: Մենք կանչված ենք, որպեսզի «մեր հայացքը չհեռացնենք Հիսուսից և հավատքով ապավինենք Աստծո Արքայությանը՝ ապաքինման և փրկության արքայությանը, որն արդեն իսկ ներկա է մեր մեջ, արդարության և խաղաղության Արքայությանը, որը դրսևորվում մարդկանց բարի գործերում, որն իր հերթին մեծացնում է հույսը և ամրապնդում է հավատքը: Սրբազան Քահանայապետը որոշեց հենց ապաքինման թեմային նվիրել հաջորդ ընդհանուր ուկնդրությունները:
Քրիստոնեական ավանդության մեջ հավատքը, հույսը և սերը ավելին են նշանակում, քան զգացմունքները կամ գործողությունները. դրանք առաքինություններ են, որը մեզ է տրվել Սուրբ Հոգու շնորհով: Դրանք ապաքինում են մեզ և հենց մեզ էլ դարձնում են բուժողներ:
«Հավատքի, հույսի և սիրո Ավետարանի հետ նոր հանդիպումը մեր մեջ սերմանում է ստեղծագործ ու նորոգված հոգի: Այսպիսով մենք կարող ենք վերափոխել մեր ֆիզիկական, հոգևոր և սոցիալական հիվանդությունների արմատները: Մենք կարող ենք արմատապես բուժել անարդար կառույցներն ու կործանիչ գործողությունները, որոնք հեռացնում են մեզ իրարից, սպառնում են մարդկային ընտանիքին և մեր մոլորակին»:
Հիսուսի առաքելությունը լի է բուժման օրինակներով, ասաց Նորին Սրբությունը: Տերը բուժում է անդամալուծությունից, տենդից, բորոտությունից, կուրությունից, համրությունից և խուլությունից: Սակայն Նա բուժում է ոչ միայն ֆիզիկական հիվանդությունը, այլ ապաքինում է մարդուն ամբողջությամբ: Սրբազան Քահանայապետը հիշատակեց անդամալույծի բժշկումը Կափառնայում. քանի որ ամբոխի պատճառով անհնար էր մոտենալ Հիսուսին, անդամալույծի ընկերները քանդեցին երդիկը և հիվանդի մահիճը իջեցրին այն տունը, որտեղ քարոզում էր Հիսուսը: Հիսուս տեսնելով նրանց հավատը ասում է անդամալույծին. «Որդյա՛կ, քո մեղքերը քեզ ներված են» (Մկ. 2,5):
Սա «ապաքինման հիանալի օրինակ է», պարզաբանեց Նորին Սրբությունը. Հիսուսի արարքը անմիջական պատասխան է այն մարդկանց հավատքին, ովքեր ապավինում են Իրեն և այն սիրուն, որը դրսևորում են միմյանց նկատմամբ: Հիսուս բժշկում է ոչ միայն անդամալուծությունը, այլ՝ մարդուն ամբողջությամբ, ներելով նրա մեղքերը և նորոգելով նրա ու իր ընկերների կյանքը:
Որպես Տիրոջ աշակերտներ, մենք կանչված ենք շարունակելու Տիրոջ գործը՝ բուժելով ֆիզիկական, հասարակական և հոգևոր իմաստներով: Այսօր մենք ինչպե՞ս կարող ենք օգնել բուժել աշխարհը, շարունակեց Սրբազան Քահանայապետը:
Եկեղեցին սուրբ խորհուրդների միջոցով փոխանցում է Քրիստոսի բուժարար շնորհը և միաժամանակ ապահովում է մոլորակի հեռավոր անկյուններում ապրող մարդկանց համար բժշկական օգնություն: Եկեղեցին համաճարակի կանխարգելման ու հաղթահարման մասնագետ չէ, ինչպես նաև չի տալիս կոնկրետ սոցիալ-քաղաքական ցուցումներ: Այս ամենի պատասխանատվությունը կրում են քաղաքական և հասարակական գործիչները: Սակայն դարերի ընթացքում և Ավետարանի լույսի ներքո Եկեղեցին մշակել է որոշ հասարակական հիմնարար սկզբունքներ, որոնք կարող են ապահովել այն ապագան, որի կարիքը մենք բոլորս ունենք. դա մարդկային արժանապատվության, համընդհանուր բարօրության, հօգուտ աղքատներին նախապատվության, բարիքների համընդհանուր նշանակության, համերաշխության, կարեկցության և ընդհանուր տան մասին հոգածության սկզբունքներն են: Այս ամենը կօգնի բուժել ինչպես անձնական, այնպես էլ հասարակական հյուսվածքները, ընդգծեց Սրբազան Քահանայապետը և պարզաբանեց, որ համավարակի ու հասարակական հիվանդույթունների հետ կապված հարցերը կլինեն իր խորհրդածությունների կենտրոնում հետագա ուկնդրությունների ժամանակ: Նորին Սրբությունը դրանք կքննարկի «Ավետարանի, աստվածաբանական առաքինությունների լույսի ներքո և Եկեղեցու սոցիալական ուսմունքի սկզբունքերին համապատասխան: Մենք միասին կուսումնասիրենք, թե մեր կաթողիկէ սոցիալական ավանդույթը ինչպես կարող է օգնել մարդկային ընտանիքին բուժել ծանր հիվանդություններից տառապող այս աշխարհը»:
Վատիկան Նյուզի ռուսերեն բաժնից թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը