Հիսուսի կարեկցությունն ու քնքշությունը բազմության նկատմամբ զգացմունքայնություն չէ, այլ՝ սիրո և հոգատարության հստակ դրսևորում է մարդկանց կարիքների հանդեպ
2020թ. օգոստոսի 2-ին «Հրեշտակ Տեառն» աղոթքն ասելուց առաջ՝ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն իր խորհրդածության մեջ մեկնաբանեց մի հատված Մատթեոսի Ավետարանի 14-րդ գլխից, որը պատմում է հացի ու ձկան առատացման հրաշքի մասին:
Հատվածում նկարագրված իրադարձությունները տեղի են ունենում մի ամայի վայրում, որտեղ Հիսուս գնացել էր Իր աշակերտների հետ միասին: Սակայն մարդիկ Նրան այնտեղ էլ գտան, որպեսզի լսեն և բուժվեն, քանզի Նրա խոսքերն ու արարքները վերածնում և հույս էին տալիս: Մայրամուտին մարդկանց բազմությունը դեռ հավաքվում էր Հիսուսի շուրջը, և աշակերտները՝ որպես գործնական մարդիկ, խորհուրդ են տալիս արձակել նրանց, որպեսզի նրանք գնան շրջակա գյուղերը և կարողանան գտնել ուտելու ինչ-որ բան: Սակայն Նա պատասխանում է. «Դու՛ք նրանց ուտելու բան տվեք» (տե՛ս Մտթ. 14, 16)։ Այսպես ասելով՝ Հիսուս արդեն գիտեր, թե ինչ էր անելու, սակայն ուզում էր փոխել նրանց վերաբերմունքը, որպեսզի աշակերտները չասեին «արձակի՛ր նրանց», «թող հոգ տանեն իրենք իրենց մասին», «թող իրենց համար ուտելու ինչ-որ բան գտնեն», այլ Հիսուս ուզում էր, որ աշակերտներն իրենք իրենց հարց տային. «Ի՞նչ է մեզ առաջարկում մեզ նախախնամությունը»: Հիսուս ցանկանում է այս իրավիճակն օգտագործել՝ Իր աշակերտներին Աստծո տրամաբանությամբ դաստիարակելու համար, որի նպատակը հետևյալն է. պատասխանատվություն կրել ուրիշների նկատմամբ, այլ ոչ թե՝ հեռանալ ու լքել դժվարին իրավիճակում հայտնված մարդկանց: Քրիստոնեական բառապաշարում չկա նման արտահայտություն՝ «թող իրենք գլուխ հանեն», ընդգծեց Նորին Սրբությունը:
Այնուհետև տեղի է ունենում հինգ հացի և երկու ձկան առատացումը:
«Այս արարքով Հիսուս ցույց է տալիս Իր զորությունը, սակայն ոչ թե հանդիսավոր կերպով, այլ՝ որպես Հայր Աստծո ողորմության, առատաձեռնության նշան՝ Իր հոգնած և կարիքավոր զավակների նկատմամբ: Նա ապրում է Իր ժողովրդի կյանքով, հասկանում է նրա հոգնածությունը և սահմանափակությունը, սակայն Նա չի թողնում, որ ինչ-որ մեկը վայր ընկնի կամ մահանա. Նա նրանց կերակրում է Իր խոսքով և առատ ուտելիք է տալիս»:
Ավետարանական այս հատվածում նաև հղում կա Սուրբ Հաղորդությանը, հատկապես, երբ նկարագրվում է օրհնությունը, հացի բեկանումը, աշակերտներին տալը և մարդկանց բաժանելը (տե՛ս Մտթ. 14, 19)։ Հատկանշական է, թե ինչպիսի սերտ կապ կա Սուրբ Հաղորդության հացի հետ՝ հավիտենական կյանքի սննդի ու հանապազօրյա հացի հետ, որն անհրաժեշտ է երկրային կյանքի համար, ընդգծեց Սրբազան Քահանայապետը.
«Նախքան Ինքն Իրեն որպես փրկության Հաց Հայր Աստծուն առաջարկելը՝ Հիսուս հոգ է տանում նրանց մասին, ովքեր Իրեն հետևելով մոռացան իրենց հետ հաց վերցնել: Երբեմն հոգևորն ու նյութականը հակադրվում են, սակայն իրականում սպիրիտուալիզմը և նյութապաշտությունը խորթ են Աստվածաշնչին. դա աստվածաշնչյան լեզու չէ»:
Հիսուսի կարեկցությունն ու քնքշությունը բազմության նկատմամբ զգացմունքայնություն չէ, այլ՝ սիրո և հոգատարության հստակ դրսևորում է մարդկանց կարիքների հանդեպ, ասաց Նորին Սրբությունը: Նախքան Սուրբ Հաղորդության սեղանին մոտենալը՝ մենք պետք է Հիսուսի նման դրսևորենք կարեկցություն՝ ուրիշների կարիքների նկատմամբ.
«Ավետարանում «գթալ, կարեկցել» բառերը կրկնվում են ամեն անգամ, երբ Հիսուս տեսնում է որևէ խնդիր, հիվանդություն կամ առանց հացի մարդկանց… «Հիսուս գթաց նրանց»: Կարեկցությունն այնպիսի զգացողություն է, որը վերաբերում է ոչ միայն մարդու էության ֆիզիկական բնույթին: Իսկական կարեկցությունը նշանակում է տառապել ուրիշների հետ միասին, դա ուրիշի ցավը զգալու ունակությունն է: Կարծում եմ, որ այսօր մեզանից յուրաքանչյուրի համար օգտակար կլինի խորհել, մտածել հետևյալի մասին. Արդյո՞ք ես զգում եմ կարեկցություն, երբ լուրեր եմ կարդում պատերազմի, սովի, համավարակի մասին: Արդյո՞ք ես զգում եմ կարեկցություն այդ մարդկանց նկատմամբ: Արդյո՞ք ես զգում եմ կարեկցություն ինձ շրջապատող մարդկանց նկատմամբ: Արդյո՞ք ունակ եմ տառապել նրանց հետ միասին, թե այլ կողմ եմ նայում՝ ասելով. «Թող իրենք գլուխ հանեն»: Եկե՛ք չմոռանանք «կարեկցություն» բառը, որը նշանակում է՝ հավատք Աստծո նախախնամական սիրո նկատմամբ և ունեցածովդ կիսվելու քաջություն»:
Թող Սուրբ Կույս Մարիամը օգնի մեզ գնալ այն ճանապարհով, որը Տերը ցույց է տալիս այսօրվա Ավետարանի մեջ, ասաց Սրբազան Քահանայապետը՝ եզրափակելով մեկնաբանությունը.
«Դա եղբայրության ճանապարհն է: Այն անհրաժեշտ է, որպեսզի դիմակայենք մեր աշխարհի տառապանքներին ու աղքատությանը, հատկապես, այս դժվարին պահին: Բացի այդ, այն մեր հայացքն ուղղում է այս աշխարհից այն կողմ, քանզի սա ճանապարհ է, որը սկսվում է Աստծուց և վերադառնում է դեպի Աստված»:
Վատիկան Նյուզի ռուսերեն բաժնից թարգմանեց՝
Նաիրա Բաղդասարյանը