Հոգևոր և բարոյական դաստիարակության գործում մեծ ներդրում ունենալու համար
Օգոստոսի 2-ին Տաշիրի հայ կաթողիկէ եկեղեցում կիրակնօրյա Սուրբ Պատարագը Տաշիրի հայ կաթողիկէների ժողովրդապետ Հ. Ներսես Վրդ. Գալստյանի ձեռամբ մատուցվեց զինվորների անվտանգության և ընտանիքների դիտավորությամբ:
Պատարագի ավարտին Հ. Ներսես Վրդ. Գալստյանին շնորհվեց երկու պատվավոր կոչում, մեկը՝ Ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի Պատվավոր Պրոֆեսորի՝ ակադեմիայի Մոնրեալի մասնաճյուղի նախագահ գեներալ-մայոր Ազատ Վարդանյանի կողմից, մյուսը՝ Հայ-Ռուսական «Հայրենիքի Պաշտպան» միջազգային ռազմական ակադեմիայի Պատվավոր Պրոֆեսորի՝ նույն ակադեմիայի ատեստացիոն հանձնաժողովի նախագահ գեներալ-լեյտենանտ Էդուարդ Մանևեդիսի կողմից:
Գեներալ-մայոր Ազատ Վարդանյանը պատմեց Ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի մասին: Ակադեմիան հիմնվել է Կանադայում ավելի քան 20 տարի առաջ, ունի մոտ 25.000 անդամներ: ՄԱԿ-ը դեռ 25 տարի առաջ ճանաչել է Ակադեմիայի գործունեության կարևորությունը: Ակադեմիան միայն գիտական աշխատանքով չէ, որ զբաղվում է, այլև՝ տեղեկատվության փոխանցման ուսումնասիրությամբ՝ հասարակական տարբեր ոլորտներում, ընդ որում նաև հոգևոր, ազգային պատմական արժեքների փոխանցման: Հետևաբար, Ակադեմիայի անդամների մեջ են ոչ միայն գիտնականներ, այլև՝ զինվորականներ, հոգևորականներ: Եվ այդ տրամաբանության մեջ Ակադեմիայի պատասխանատուները նկատել և գնահատել են հոգեշնորհ վարդապետի գործունեությունը՝ Տաշիրի տարածաշրջանում երիտասարդների, պատանիների հոգևոր, հայրենասիրական դաստիարակության ոլորտում: Հ. Ներսեսին Պատվավոր Պրոֆեսորի կոչում շնորհելը երախտագիտության արտահայտություն է:
Գեներալ Մանևեդիսը խոսեց երիտասարդ սերնդի հոգևոր և բարոյական դաստիարակության մասին և հատուկ շեշտեց այդ ոլորտում Տաշիրի տարածաշրջանում Հ. Ներսեսի և Անարատ Հղության հայ քույրերի կատարած մեծ աշխատանքի կարևորության մասին: Պատվավոր Պրոֆեսորի կոչումը վարդապետին շնորհվեց՝ դաստիարակչական և խորհրդատվական մեծ աշխատանք կատարելու համար, ասաց գեներալ-լեյտենանտ Էդուարդ Մանևեդիսը: Հայ-ռուսական միջազգային ակադեմիան նաև 2016-ին Հ. Ներսեսին շնորհել էր ակադեմիայի հոգևոր խորհրդատուի և գնդապետի կոչումներ, իսկ 2017-ին պարգևատրել «Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջին» ոսկե մեդալով:
Տ. Հովսեփ