• Հ. Պետրոս Ծ. Վրդ. Եսայանը և ՌԴ-ում ՀՀ դեսպանը քննարկել են Ռուսաստանում հայերի նկատմամբ ազերիների սանդրանքների խնդիրը

    «Աղոթեցե՛ք մեր հայրենիքի և Ռուսաստանի Դաշնության խաղաղության համար»


    Մոսկվայի հայ կաթողիկէների ժողովրդապետ, Ռուսաստանում Հայ Կաթողիկէների Առաջնորդական Փոխանորդ Հ. Պետրոս Ծ. Վրդ. Եսայանը հուլիսի 26-ին հանդիպեց Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի հետ:

     

    Ինչպես հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջը, հանդիպման ընթացքում քննարկվեցին Մոսկվայում և Ռուսաստանի Դաշնության այլ քաղաքներում վերջերս տեղի ունեցած իրադարձություններին վերաբերող հարցեր՝ կապված հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակի սրման հետ:

     

    Կողմերն ընդգծեցին հայրենակիցների կողմից զգոնության ու զսպվածության պահպանման կարևորությունը՝ ադրբեջանցիների այլ հնարավոր սադրիչ գործողություններում ակամայից չներգրավվելու համար:

     

    Ընդգծվեց նաև Ռուսաստանի իշխանությունների հետ միասին ընդհանուր խնդիրների շուրջ կառուցողական լուծումներ գտնելու համատեղ ջանքերի կարևորությունը:

     

    Նույն օրը Մոսկվայի Անարատ Հղության կաթողիկէ մայր տաճարում Սուրբ Պատարագի քարոզի ընթացքում Գերհ. Հ. Պետրոս Ծ. Վրդ. Եսայանն ասաց հետևյալը.

     

    «Արդեն երկու շաբաթ է՝ ինչ ՌԴ-ում շարունակվում են հայ-ադրբեջանական բախումները: Ադրբեջանցիները տրորում, ճմլում են մեր հայկական մթերքները, ծիրանը և չեն ընդունում այն: Հարձակվում են հայերի վրա, կազմակերպում են գիշերային ծեծկռտուք են՝ ծեծելով անմեղ մարդկանց: Նման պահվածքը շատ անպատիվ է և անարգ: Այս ամենի կապակցությամբ մեր Առաջնորդ Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանը կոչ է անում աղոթել, որպեսզի մենք չմոռանանք մեր այն զորության մասին, որը ստանում ենք Աստծուց՝ աղոթելիս և մեր քրիստոնեական պարտքի մասին՝ առ այն, որ մենք չենք կարող վարվել նրանց նման և պատասխանել նրանց սադրանքներին: Մենք պետք է ավելի բարձր լինենք: Հայաստանի կառավարությունը փորձում է խաղաղ ճանապարհով գտնել կոնֆլիկտի ելքը, լուծումը, որքանով, որ դա հնարավոր է: Մենք, որպես ՀՀ քաղաքացիներ և քրիստոնյա մարդիկ, ևս խաղաղություն ենք փնտրում: Մենք այն մարդկանցից չենք, ովքեր մասնակցում են կոնֆլիկտին և սադրում են: Շատ կարևոր է հասկանալ այս ամենը և զգույշ լինել: Պետք է հասկանալ, որ մենք չենք կարող նույն ձևով հատուցել, որովհետև այդ դեպքում ու՞ր է մնում մեր քրիստոնեությունը և մեր ժողովրդական իմաստությունը: Դրա համար էլ խաղաղության և աղոթքի կոչ ենք անում: Ես գիտեմ, որ այս օրերին տարբեր իրադարձություններ են տեղի ունենում…

    Խնդրում եմ զգույշ եղեք: Աղոթեցե՛ք մեր հայրենիքի և Ռուսաստանի Դաշնության խաղաղության համար»:

     

Օրացույց

Օրացույց