Չկայ աւելի մեծ սէր եւ նուիրում, քան սեփական կեանքը զոհել յանուն հայրենիքի…
Կիրակի, 19 յուլիս, 2020 թուական. Հայոց Եկեղեցին նշեց Տ. Մ. Յիսուսի Քրիստոսի Պայծառակերպութեան Տօնը՝ Վարդավառը:
Քորոնա ժահրի համաճարակով պայմանաւորուած՝ այս տարի հաւատաւոր ժողովուրդը չկարողացաւ աւանդական կերպով նշել Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան Տօնը: Համաձայն ՀՀ Կառավարութեանն առընթեր գործող Պարէտատան ցուցումների եւ յորդորների՝ անհրաժեշտ է խուսափել զանգուածային միջոցառումների կազմակերպումից եւ մարդաշատ վայրեր այցելելուց, ինչպէս նաեւ՝ զերծ մնալ Վարդավառը աւանդական կերպով տօնելուց:
Այնուամենայնիւ, գործող արտակարգ իրավիճակի պայմաններում, Եկեղեցին՝ հաւատարիմ մնալով իր առաքելութեանը, սակաւաթիւ հաւատացեալների ներկայութեամբ նշեց Տ. Մ. Յիսուսի Քրիստոսի Պայծառակերպութեան Տօնը: Փանիկի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ մէջ մատուցուեց Սուրբ եւ անմահ պատարագ՝ ձեռամբ Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի: Պատարագի ընթացքին Գերյ. վարդապետն անդրադարձաւ օրուայ խորհուրդին.
«Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութիւնը, որը հոգու եւ մտքի մաքրագործման տօն է, Հայ Եկեղեցւոյ հինգ տաղաւար տօներից երրորդն է: Այս տօնը յայտնի է նաեւ Այլակերպութիւն կամ Վարդավառ անուններով եւ նշւում է Զատիկից 98 օր յետոյ:
Սուրբ Գրիգոր Տաթեւացին՝ մեկնելով տօնի խորհուրդը, Յիսուսին համեմատում է վարդի հետ: Ինչպէս վարդն է թաքնուած իր պատեանի մէջ եւ միայն բացուելուց յետոյ է յայտնւում բոլորին, այնպէս էլ Յիսուս իր պայծառակերպութեամբ յայտնւում է մարդկութեանը՝ որպէս Աստուած:
Յիսուսի Պայծառակերպութեամբ եւս մէկ անգամ հաստատուեց այն ճշմարտութիւնը, որ Նա է Աստուծոյ սիրելի Որդին: Մեր Տիրոջ այլակերպութեան տեսարանը ներկայացուած է Աւետարանում՝ Ղուկաս, Մատթեոս եւ Մարկոս աւետարանիչների մեկնութեամբ. «Եւ երբ աղօթքի էր կանգնած, նրա երեսի տեսքը այլակերպուեց, նրա զգեստը փոխուեց եւ փայլուն սպիտակ դարձաւ: Եւ ահա, երկու մարդիկ խօսում էին նրա հետ: Նրանք Մովսէսն ու Եղիան էին, որոնք, փառքով երեւալով, խօսում էին նրա վախճանի մասին, որ պիտի տեղի ունենար Երուսաղէմում: Իսկ Պետրոսը եւ նրա հետ գտնուողները քնի ծանրութեան տակ արթնացան ու տեսան նրա փառքը եւ երկու մարդկանց, որոնք նրա մօտ կանգնած էին: Եւ երբ սրանք նրանից հեռանում էին, Պետրոսը Յիսուսին ասաց. «Վարդապե՛տ, լաւ է, որ մենք այստեղ ենք. երեք տաղաւար շինենք, մէկը՝ քեզ, մէկը՝ Մովսէսի եւ մէկը՝ Եղիայի համար»: Եւ չէր իմանում, թէ ինչ է խօսում: Եւ երբ այս ասում էր, մի ամպ եկաւ ու նրանց վրայ հովանի եղաւ. եւ երբ նրանք ամպի տակ ընկան, վախեցան: Ամպից մի ձայն եկաւ, որ ասում էր. «Դա է իմ ընտրեալ Որդին, նրա՛ն լսեցէք» (Ղուկ. 9:29-35)»:
Սուրբ պատարագի աւարտին տեղի ունեցաւ հոգեհանգստեան կարգ: Հայր Սուրբը եւ ներկայ հաւատացեալները աղօթք բարձրացրեցին առ Աստուած՝ օրեր առաջ, ՀՀ Տաւուշի մարզում՝ հայ-ազրպէյճանական սահմանին տեղի ունեցած մարտական գործողութիւնների ժամանակ՝ յանուն հայրենիքի եւ յանուն հայ ժողովուրդի խաղաղ եւ լուսաւոր ապագայի իրենց կեանքը զոհած հայորդիներ՝ մայոր Գարուշ Համբարձումեանի, կապիտան Սոս Էլբակեանի, կրտսեր սերժանտ Սմբատ Գաբրիէլեանի եւ կրտսեր սերժանտ Գրիշա Մաթեւոսեանի հոգիների հանգստութեան եւ երկնային արքայութեանն արժանանալու համար:
Թող Երկնաւոր Տէրը Երկնքի արքայութեան հանգրուաններում երանաւէտ հանգստութիւն պարգեւի հայ ազգի արժանաւոր զաւակներին: Հայցում ենք Սուրբ Հոգու մխիթարութիւնը մեր զոհուած զինուորների սգակիր հարազատների եւ զինակից ընկերների համար: Շուտափոյթ ապաքինում ենք մաղթում սահմանին վիրաւորում ստացած մեր զինծառայողներին: Թող որ Ամենակալ Աստուած էլ աւելի զօրացնի հայ զինուորի բազկի ուժը եւ անառիկ պահի Հայաստանի եւ Արցախի սահմանները:
Ծանօթագրութիւն. Ըստ ժողովրդական սովորոյթի Վարդավառի ժամանակ ընդունուած է միմեանց վրայ ջուր ցողել եւ աղաւնի բաց թողնել: Ջուրը խորհրդանշում է ջրհեղեղը, իսկ աղաւնին խորհրդանիշն է Նոյի աղաւնու, որ աւետիսն էր նոր կեանքի եւ աշխարհի նոր սկզբի: Վարդավառի տօնին ժողովուրդի շրջանում ընդունուած է նաեւ ծաղիկներով զարդարուելը, ինչը Քրիստոսի Պայծառակերպութեան տօնի առթիւ մարդկանց մեծ ուրախութեան վկայութիւնն է:
Ինչպէս եւ տաղաւար բոլոր տօներին, այնպէս էլ Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան Տօնին յաջորդում է օր մեռելոց: Եկեղեցում մատուցւում է Ս. պատարագ եւ կատարւում հոգեհանգստեան կարգ՝ ննջեցեալների հոգիների յաւիտենական հանգստի համար:
Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեան
Փանիկի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ Ժողովրդապետ,
Հայաստանի Հայ Կաթողիկէ Երիտասարդաց միութեան նախագահ
20.07.2020