• Ն. Ս. Ֆրանցիսկոս Քահանայապետի քարոզը Լամպեդուզա կղզի այցելության 7-րդ տարեդարձի կապակցությամբ

    Տիրոջ դեմքը որոնելու փափագով մեկնած լինելով՝ մենք ևս կարող ենք Տիրոջը ճանաչել աղքատների, հիվանդների, լքվածների և օտարականների մեջ, որոնց Աստված է բերում մեր կյանքի ճանապարհին


    Հուլիսի 8-ին Ն. Ս. Ֆրանսցիսկոս Սրբազան Քահանայապետը Սուրբ Պատարագ մատուցեց Վատիկանի Սանթա Մարթա մատուռում՝ Լամպեդուզա կղզի այցելության 7-րդ տարեդարձի կապակցությամբ:

     

    Նորին Սրբությունն իր քարոզում ասաց, որ այսօրվա սաղմոսը մեզ հրավիրում է անդադար որոնել Աստծո դեմքը, և այդ որոնումը հանդիսանում է հավատացյալի կյանքի հիմնական կեցվածքն ու երաշխիքն այն բանի, որ հաջող ճամփորդություն է դեպի ավետյաց երկիր, երկնային հայրենիք։ Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ Հեսու մարգարեի կողմից նկարագրված Իսրայելի ժողովուրդն այն ժամանակ մոլորված մի ժողովուրդ էր, որը կորցրել էր խոստացված երկիրը տեսնելու հնարավորոթյունը և թափառում էր անձկության անապատում:

     

    «Բարգավաճումն ու արատավոր հարստությունը իսրայելացիների սիրտը հեռացրին Տիրոջից և այն լցեցին անարդարությամբ ու կեղծիքով, ասաց Նորին Սրբությունը և ընդգծեց. «դա մի մեղք է, որից մենք՝ քրիստոնյաներս ևս այսօր անմասն չենք։ Բարօրության մշակույթը մեզ առաջնորդում է մտածել միայն մեր անձի մասին, մեզ դարձնում է զգայազուրկ՝ ուրիշների աղերսանքի նկատմամբ և ապրեցնում է օճառի փրփուրների մեջ, որոնք գեղեցիկ են, սակայն ոչինչ են, անօգուտ, ժամանակավոր պատրանքներ են, որոնք մեզ ստիպում են անտարբեր գտնվել ուրիշների նկատմամբ», ասաց Սրբազան Քահանայապետը՝ շեշտելով, որ Հեսու մարգարեի կոչը մեզ կհասնի՝ իբրև ապաշխարության հրավեր, մեր աչքերը դեպի Տիրոջը սևեռելու և Նրա դեմքը տեսնելու համար։

     

    Անդրադառնալով օրվա Ավետարանական հատվածին՝ Նորին Սրբությունը հայտնեց, որ առաքյալները Հիսուսի հետ ֆիզիկապես, առանձին հանդիպելու շնորհն ունեցան, և, որ Հիսուսի հետ այդպիսի հանդիպում հնարավոր է նաև մեզ՝ երրորդ հազարամյակի առաքյալներիս համար:

     

    Սրբազան Քահանայապետը հաստատեց, որ Տիրոջ դեմքը որոնելու փափագով մեկնած լինելով՝ մենք ևս կարող ենք Տիրոջը ճանաչել աղքատների, հիվանդների, լքվածների և օտարականների մեջ, որոնց Աստվա՛ծ է բերում մեր կյանքի ուղևորության ճանապարհին, և հավելեց, որ այդ հանդիպումը մեզ համար նաև կդառնա փրկության և ժամանակի շնորհը, եթե կատարենք առաքյալներին հանձնված միևնույն առաքելությունները:

     

    Քարոզի ժամանակ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը հիշեց յոթ տարի առաջ Լամպեդուզա կղզի կատարած այցելությունը և որոշ դրվագներ՝ գաղթականների հետ ունեցած հանդիպումից:

     

    Նշեց, որ գաղթականների հետ ունեցած զրույցի ժամանակ անդրադարձել է նրան, որ թարգմանիչները շատ հակիրճ են թարգմանում գաղթականների երկար խոսքը։ Այս խնդրին Սրբազան Քահանայապետը նաև անդրադարձել է Վատիկան վերադարձի ճանապարհին՝ Սանթա Մարթա տանը, եթովպուհի դռնապահի հետ հանդիպումից հետո։ Եթովպացի կինը հիմա այլևս չկա՝ հոգին ավանդած է: Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ թարգմանիչները գաղթականների խոսքի մեկ քառորդն են թարգմանում։

     

    «Ինձ փոխանցեցին միայն խմբագրված տարբերակը», ասաց Սրբազան Քահանայապետը և նույնը տեղի է ունենում նաև Լիպիոյի հետ։ Մեզ տալիս են միայն խմագրված տարբերակը։ Պատերազմը շատ վատ բան է։ Բոլորս շատ լավ գիտենք, սակայն չենք կարող պատկերացնել դժոխքը, որի մեջ ապրում են մարդիկ։

     

    Նորին Սրբությունը եզրափակեց քարոզը՝ ասելով, որ ուրիշի հետ հանդիպումը նշանակում է հանդիպում Քրիստոսի հետ և, որ այս մեկը Հիսուս հաստատեց։ Նա մեր դուռը բախում է՝ որպես մի սոված, ծարավ, օտարական, մերկ, հիվանդ, բանտարկյալ մարդ, խնդրելով, որ իր մասին հոգ տանենք: Եթե այս մասին կասկած ունեք, ուրեմն ահա Հիսուսի հստակ խոսքը. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ՝ ի՛նձ համար արեցիք» (Մտթ. 25, 40):

     

    «Թող Սուրբ Կույս Մարիամը՝ մխիթարության Մայրը օգնի մեզ բացահայտելու իր Որդու դեմքը բոլոր եղբայրների և քույրերի մեջ, որոնք ստիպված փախչեցին իրենց երկրից՝ անարդարությունների պատճառով, որոնց հետևանքով աշխարհը դեռևս տառապում է»։

     

    Վատիկան Նյուզ, հայկական բաժին,

    Վազգեն Աբարդյան

    Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց