• Քահանայապետի քարոզը՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքից առաջ. լինել հեզ և խոնարհ

    «Եթե դու շատ բան գիտես, սակայն քո սիրտը փակ է, ուրեմն դու իմաստուն չես»


    Աշխարհը մեծարում է հարուստներին ու հզորներին և ոտնահարում է աղքատներին: Մենք ամեն օր տեսնում ենք արհամարված աղքատների. սա մի հաղորդագրություն է Եկեղեցու համար, որը կոչված է ապրել ողորմության գործերով և աղքատներին քարոզել՝ լինելու հեզ և խոնարհ: Այսպիսին է ուզում Իր Եկեղեցին տեսնել Հիսուսը, ընդգծեց Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքն արտասանելուց առաջ:

     

    Մեկնաբանելով Մատթեոսի Ավետարանից վերցված հատվածը (տե՛ս՝ Մտթ. 11, 25-30), Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ այդ քաղվածքը կարելի է պայմանականորեն բաժանել երեք մասի. նախ Հիսուս փառաբանում և շնորհակալություն է հայտնում Հորը, որ Նա բացահայտեց Երկնքի Արքայության խորհուրդը աղքատներին ու խոնարհներին, այնուհետև Հիսուս հայտնում է այն խորը և յուրահատուկ կապի մասին, որն առկա է Իր և Հոր միջև, և, վերջապես, Հիսուս կոչ է անում բոլոր «հոգնածներին ու բեռնավորվածներին» հետևել Իրեն, որպեսզի մխիթարություն գտնեն:

     

    Հիսուս, փառաբանելով Հորը՝ Երկնքի Արքայության, Իր ճշմարտության խորհուրդը «իմաստուններից և գիտուններից» թաքցնելու համար (տես Մտթ. 11, 25), նրանց այդպես է անվանում թաքնված հեգնանքով, քանզի իրենք իրենց ինքնավստահ համարում են իմաստուններ և դրա համար էլ, որպես կանոն, նրանք ապրում են իրենց խելքով՝ փակելով սրտերը ճշմարիտ իմաստության առջև: Այսպիսով, իրենք իրենց զրկում են իսկապես իմաստուն դառնալու հնարավորությունից, քանի որ իմաստությունը ներթափանցում է ոչ միայն մարդու միտքը, այլ նաև՝ սիրտը.

     

    «Եթե դու շատ բան գիտես, սակայն քո սիրտը փակ է, ուրեմն դու իմաստուն չես: Հիսուս ասում է, որ Հոր խորհուրդները բացահայտված են «մանուկներին»՝ նրանց, ովքեր վստահում են Նրա փրկության խոսքին, բացում են իրենց սիրտը Նրա փրկության Խոսքի առջև, զգում են Նրա կարիքը և ամեն ինչում ապավինում են Նրան: Լինել իմաստուն՝ նշանակում է լինել սրտաբաց և վստահությամբ լի՝ Տիրոջ հանդեպ»:

     

    Այնուհետև, Հիսուս պարզաբանում է, որ Նա ամեն ինչ ստացել է Հորից, և Նրան անվանում է «Հայր Իմ», որպեսզի հաստատի Նրա հետ Իր հարաբերությունների առանձնահատկությունը: Իսկապես, միայն Որդու և Հոր միջև գոյություն ունի լիակատար փոխադարձ կապ. մեկը գիտի մյուսին, մեկն ապրում է մյուսի մեջ: Այս յուրօրինակ միասնությունը նման է ծաղկի, որը ծաղկում է միայն նրա համար, որպեսզի բոլորին ցուցադրի իր գեղեցկությունն ու բույրը: Ահա՛ թե ինչու է Հիսուս կոչ անում. «Եկե՛ք ինձ մոտ…» (Մտթ. 11, 28).

     

    Ինչպես Հայրն է բարեհաճ «փոքրերի» նկատմամբ, այնպես էլ Հիսուս է դիմում «հոգնածներին ու բեռնավորվածներին», պարզաբանեց Նորին Սրբությունը. «Ավելին, Հիսուս ևս Ինքն Իրեն նրանց շարքին է դասում, քանզի «Նա հեզ ու խոնարհ է սրտով» (տե՛ս՝ Մտթ. 11, 29).

     

    Սակայն Հիսուսի հեզությունն ու խոնարհությունը ոչ մի առնչություն չունեն զոհի անպատասխանատվության ու հնազանդության հետ. Նա զգում է այս վիճակն իր ամբողջ սրտով, Հոր անկեղծ սիրո լիությամբ, այսինքն՝ Սուրբ Հոգով: Նա օրինակ է հանդիսանում «հոգով աղքատների» և բոլոր ավետարանական «երանելիների» համար, ովքեր կատարում են Աստծո կամքը և վկայում են Նրա արքայության մասին:

     

    Այնուհետև Հիսուսն ասում է, որ եթե մենք Նրա մոտ գնանք, ապա հանգստություն կստանանք: «Խաղաղությունը», որը Հիսուս է տալիս հոգնածներին ու բեռնավորվածներին, միայն հոգեբանական թեթևացում կամ ողորմություն չէ: Դա նաև աղքատների ուրախությունն է առ այն, որ Ավետարանը նրանց է քարոզվում և նրանք են  հանդիսանում նոր մարդկության կառուցողները:

     

    «Թող Սուրբ Կույս Մարիամը՝ բոլոր արարածներից ամենախոնարհն ու մեծագույնը, խնդրի Աստծուց սրտի իմաստություն մեզ համար, որպեսզի մենք կարողանանք ճանաչել Նրա նշանները մեր կյանքում և մասնակից դառնանք այն խորհուրդներին, որոնք թաքուն են ամբարտավանների համար, սակայն ակնհայտ են խոնարհներին», – հորդորեց Սրբազան Քահանայապետը:

     

    Վատիկան Նյուզի ռուսերեն բաժնից թարգմանեց՝

    Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց