«Ընտրեցինք լավագույն մասը կյանքում՝ հոգիների փրկության գործը»
Այսօր Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկէների վաստակավոր Առաջնորդ Արհ. Տ. Նշան Արքեպս. Գարաքեհեյանի քահանայական ձեռնադրության 60-ամյա հոբելյանն է: Այսօր Նշան Սրբազանը Սուրբ Պատարագ մատուցեց Երևանի Սուրբ Գրիգոր Նարեկացի ժողովրդապետության մատռան մեջ՝ առընթերակայությամբ Առաջնորդ Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանի և Գերպ. Հ. Նարեկ Վրդ. Մնոյանի, ներկայությամբ հայ կաթողիկէ հոգևորականների:
Արհ. Տ. Նշան Արքեպիսկոպոս Գարաքեհեյանը՝ մկրտության անունով Եղիան, ծնվել է Հունաստանի Բիրեա քաղաքում, 1932թ.: Նախնական կրթությունն ստացել է Հայ Կաթողիկե և ՀԲԸՄ միացյալ վարժարանում, Ս. Հակոբի ազգային վարժարանում, Հայ Կաթողիկե-Հ.Օ. Խաչ միացյալ վարժարանում, Ֆրեր Մարիստ գիմնազիայում: 1948թ. մտել է Զմմառի վանքի փոքր նորընծայարանը, իսկ 1955թ. ընդունվել Հռոմի Լևոնյան Վարժարան և 6 տարի հաճախել հիսուսյան հայրերի քահանայապետական Գրիգորյան համալսարանի փիլիսոփայության և աստվածաբանության դասերին: Քահանա է ձեռնադրվել 1960թ. հուլիսի 2-ին: 1961-63թթ.եղել է Զմմառի նորընծայարանի հսկիչ, 1963-68թթ.՝ Պուրճ-Համուտի փոխժողովրդապետ, 1968-69թթ.՝ Կահիրեի փոխժողովրդապետ, 1969թ.՝ Բեյրութի փոխժովրդապետ, 1969-1976թթ.՝ Տիքվանի Զմմառյան ճեմարանի տնօրեն, 1976-1977թթ.՝ Զմմառի Մեծավոր և ընդհանուր մատակարար, 1977-78թթ.՝ Զալքայի հոգևոր հովիվ, 1978-1984թթ.՝ Սան-Պաուլոյի ժողովրդապետ և եպիսկոպոսական փոխանորդ, 1984-1991թթ.՝ Մարսելի ժողովրդապետ, 1991-93թթ.՝ Հունաստանի Հայ Կաթողիկե թեմի առաջնորդ, 1993-2001թթ.՝ Առաջնորդական Փոխանորդ Կաթողիկե Հայոց Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի, 2001-2005թ.՝ Իրանի Հայ Կաթողիկե թեմի առաջնորդ՝ 2001թ. ձեռնադրվելով եպիսկոպոս Իսպահանի թեմի:
2005թ. Հովհաննես Պողոս Բ Սրբազան Քահանայապետը Հ. Նշանին անվանեց Հայաստանի Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդ՝ փոխարինելով Հ. Ներսես Արքեպս. Տեր-Ներսեսյանին: Թեմի առաջնորդի պաշտոնում Արհ. Տ. Նշան Արքեպիսկոպոս Գարաքեհեյանը ծառայեց մինչև 2010թ.-ը:
2010-2015թթ. Արքեպս. Գարաքեհեյանը պաշտոնավարել է որպես Իրանի և Հունաստանի հայ կաթողիկէների առաջնորդ:
2015-ից վաստակավոր Նշան Սրբազանը բնակվում է Երևանի հայ կաթողիկէ ժողովրդապետության մեջ՝ Ռաֆայել Սրբազանի հետ միասին:
Արհ. Նշան Արքեպս. Գարաքեհեյանը 2001-2010 թվականներին՝ նախ որպես Արհ. Տ. Ներսես Արքեպս. Տեր-Ներսեսյանի օգնական, ապա՝ որպես Առաջնորդ Հայր, հսկայածավալ աշխատանք տարավ՝ Հայաստանում, Վրաստանում և Ռուսաստանում հայ կաթողիկէ համայնքների վերակազմակերպման, եկեղեցիների, մատուռների, ժողովրդապետական կենտրոնների կառուցման, քահանայական կոչումների պատրաստության դաշտում: Հատկապես, Նշան Սրբազանի ջանքերով Գյումրիում 1990-ականների կեսերին կայացավ Ներսիսյան հոգևոր դպրանոցը, որի սաներից հետագայում ձեռնադրվեցին հայ կաթողիկէ համայնքներում ծառայող հոգևորականները: Նշան Սրբազանի կազմակերպչական ջանքերը մեծապես նպաստեցին շուրջ վաթսուն տարիների պետական արգելքից հետո համայնքներում հոգևոր գիտակցության վերարթնացմանը, պաշտամունքային ծիսական կյանքի կանոնավոր վերսկսմանը:
Արհ. Նշան Արքեպս. Գարաքեհեյանը այսօրվա Սուրբ Պատարագի ընթացքում եղբայրակից հոգևորականներին մի համեստ խոսք ուղղեց, որը, կարծես, մի իմաստային ամփոփ է իր բազմավաստակ կյանքի.
«Ոչինչ դիզեցինք մեզ համար, այլ միայն Աստծո համար աշխատեցինք և շարունակում ենք աշխատել:
Երանի՛ մեզ, եթե շարունակենք աշխատել նույն եռանդով՝ հոգիների փրկության համար, որոնց համար Քրիստոս Իր կյանքը տվեց, որ նշանակում է, թե արժե՛ հոգիների համար աշխատել: Եթե չարժենար, Հիսուս աշխարհ չէր գա: Հոգիները արժեք ունեն Աստծո համար, որովհետև Ինքն է ստեղծել մարդու հոգին: Մենք մեր կյանքը դարձրեցինք արժեքավոր գործիքներ, որպեսզի այդ հոգիների համար մեր կյանքը տանք: Կարծեմ, թե ընտրեցինք լավագույն մասը կյանքում՝ հոգիների փրկության գործը»:
Տ. Հովսեփ Գալստյան