«Տերը մեզ թողնում է բացառիկ հիշողություն՝ իսկական, կենդանի Հաց՝ Սուրբ Հաղորդությունը՝ սիրո համով, և այդ համը անհնար է մոռանալ»
Հունիսի 14-ի առավոտյան Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը Վատիկանի տաճարում մատուցեց կիրակնօրյա Սուրբ Պատարագ՝ Քրիստոսի Սուրբ Մարմնի և Արյան տոնի առթիվ։ Կորոնավիրուսի համաճարակի կանխարգելման համար նախատեսված սանիտարական միջոցառումների պատճառով Սուրբ Պատարագին մասնակցեց մոտ հիսուն մարդ։
Քարոզի սկզբում Նորին Սրբությունը խոսեց ժողովուրդների ու կոնկրետ մարդկանց կյանքում Աստծո կատարած մեծագործությունների մասին աստվածաշնչյան հիշատակությունների շուրջ։ Հիշողությունը ոչ միայն յուրաքանչյուրի անձնական իրավունքն է, այլ նաև մի ճանապարհ է, որը մեզ միավորում է Աստծո և այլ մարդկանց հետ։ Այդ պատճառով, Աստվածաշնչի համաձայն, Բարձրյալի մասին հիշողությունը պետք է փոխանցվի սերնդեսերունդ։ Սակայն ի՞նչ անել, եթե հիշողության շղթան ընդհատվում է։ Ինչպե՞ս կարելի է հիշել լսածը, եթե այն ինքդ չես զգացել քո վրա։ Տերը ընդառաջում է մարդկանց և անում չլսված մի բան․ Նա մեզ թողնում է բացառիկ հիշողություն՝ իսկական, կենդանի Հաց՝ Սուրբ Հաղորդությունը՝ սիրո համով, և այդ համը անհնար է մոռանալ։
Բացի այդ, Սուրբ Հաղորդությունը Տիրոջ հարատև, կենդանի Զատկի իրողությունն է, ընդգծեց Սրբազան Քահանայապետը։ Սուրբ Պատարագի ժամանակ մենք տեսնում ենք Հիսուսի մահը և հարությունը, Ով կոչ է անում աշակերտներին հավաքվել որպես համայնք և կատարել Սուրբ Հաղորդությունը՝ Իր հիշատակին։ Այսպիսով, տեղի է ունենում մեր վիրավոր հիշողությունների բուժում, ընդգծեց Նորին Սրբությունը։
Նախ, Տերը բուժում է մեր որբության հիշողությունը։ Շատերի մոտ հիշողությունը դրոշմված է սիրո բացակայությամբ և դառն հուսախաբություններով, որոնց պատճառը նրանք են, ովքեր սեր պարգևելու փոխարեն, որբացրել են իրենց հոգին։ Վերադառնալն անցյալ և ինչ-որ բան փոխելն անհնար է, սակայն Աստված կարող է բուժել այդ խոր վերքը՝ մեր հիշողության մեջ դնելով ավելի մեծ սեր՝ Իր սերը։ Սուրբ Հաղորդությունը մեզ նվիրում է Երկնային Հոր հավատարիմ սերը, որը բժշկում է մեր որբությունը, տալիս է Հիսուսի սերը, Ով հաղթեց մահը, լցնում է Սուրբ Հոգի Մխիթարիչի սիրով, Ով մեզ երբեք մենակ չի թողնում և բուժում է մեր վերքերը։
Սուրբ Հաղորդության շնորհիվ Տերը բուժում է նաև մեր վատ հիշողությունը, որը մեզ միշտ հիշեցնում է մեր սխալների, անկումների ու անարդար լինելու մասին՝ հոգին լցնելով հոռետեսությամբ։ Քրիստոս գալիս է՝ հերքելով ճշմարտության այս խեղաթյուրումը, ընդգծեց Սրբազան Քահանայապետը: Տերն ուրախ է մեզ հետ լինել և ամեն անգամ, երբ մենք Նրան ընդունում ենք, հիշեցնում է, որ մենք թանկ են Նրա համար, մենք երկար սպասված հյուրեր ենք Նրա Սուրբ Սեղանի շուրջ։
Տերը մեծահոգի է և իսկապես սիրում է մեզ․ Նա տեսնում և սիրում է այն գեղեցիկն ու լավը, որը մենք կանք իրականում։ Նա հիանալի գիտի, որ սուտն ու մեղքերը չեն հանդիսանում մեր էությունը, դրանք հիվանդություններ, վարակներ են։ Քրիստոսը գալիս է մեզ բուժելու Սուրբ Հաղորդության օգնությամբ, որն իր մեջ պարունակում է բոլոր հակամարմինները՝ դարմանելու մեր հիշողությունը, որը վարակված է հոռետեսությամբ։ Հիսուսի հետ միասին մենք կարող ենք ինքներս մեզ պաշտպանել տխրությունից, և ոչ մի անկում, դժվարություններ, խնդիրներ տանը կամ աշխատանքում, չիրականացված երազանքներ չեն կարող մեզ կործանել։ Սուրբ Հաղորդությունը մեզ վերափոխում և դարձնում է «Աստվածակիրներ», կրողներ ուրախության, որը մենք կանչված ենք աշխարհին բերելու։
Վերջապես, Սուրբ Հաղորդությունը բժշկում է մեր փակ հիշողությունը, ընդգծեց Նորին Սրբությունը։ Վերքերը, որոնք մենք կրում ենք մեր մեջ, խնդիրներ են ստեղծում ոչ միայն մեզ համար, այլ նաև՝ մյուս մարդկանց համար։ Այդ վերքերը մեզ դարձնում են վախկոտ և կասկածամիտ․ սկզբում մենք ինքնամփոփ ենք, սակայն հետո դառնում ենք անպատկառ, անսիրտ ու ամբարտավան։ Միայն սերն է բուժում վախը՝ մեզ ազատելով ինքնամեկուսացումից։ Հենց այդպե՛ս է վարվում Հիսուսը՝ բեկանված Հացը․ Նա կոտրում է մեր եսասիրության կեղևը։ Տերը, Ինքն Իրեն որպես հասարակ հաց մատուցելով, խնդրում է մարդկանց՝ կյանքը չվատնել հազարավոր անպետք իրեր ձեռք բերելու համար, որոնք առաջացնում են կախվածություն և ներսում թողնում դատարկությունը:
Սուրբ Հաղորդությունը հագեցնում է ծարավը և բորբոքում ծառայելու ցանկությունը, այն մեզ հանում է հարմարավետ բազմոցներից՝ հիշեցնելով, որ «մենք ոչ միայն բերան ենք, որին անհրաժեշտ է կերակրել, այլ նաև՝ ձեռքեր ենք, որոնք կանչված են մերձավորին կերակրելու համար»։ Հատկապես հիմա՛ պետք է հոգ տանել նրանց մասին, ովքեր փափագում են սնունդ, արժանապատվություն, աշխատանք և առաջընթաց: Հիմա խիստ անհրաժեշտ է իսկական մոտիկություն, անհրաժեշտ են «համերաշխության շղթաներ»:
Սուրբ Հաղորդության մեջ Տերը յուրահատուկ մերձավորություն է ցուցաբերում մեր նկատմամբ․ «Եկե՛ք չմոռանանք նրանց մասին, ովքեր մեր կողքին են», – կոչ արեց Սրբազան Քահանայապետը՝ հիշեցնելով, որ Սուրբ Սուրբ Հաղորդությունը գանձ է, որը պետք է զբաղեցնի առաջին տեղը և՛ Եկեղեցում, և՛ կյանքում։ Միևնույն ժամանակ անհրաժեշտ է, որ ինքներս մեզ համար նորից բացահայտենք Սուրբ Սուրբ Հաղորդությունը, քանզի այն մեր մեջ աճեցնում է Սուրբ Պատարագի բուժիչ պտուղները, և այս դժվարին օրերին մենք դրա կարիքը շատ ունենք։
Քարոզի ավարտին Նորին Սրբությունը գլխավորեց Սուրբ Հաղորդության երկրպագությունը և Սուրբ Հաղորդությամբ օրհնեց հավատացյալներին։
Վատիկան Նյուզի ռուսերեն բաժնից թարգմանեց՝
Նաիրա Բաղդասարյանը
Սրբագրեց՝ Տ. Հովսեփ Գալստյան