• Աղոթքը և Հակոբի մենամարտը Աստծո հետ

    «Աստված գիտի ինչպես անել, չէ՞ որ Նա ճանաչում է մեզանից յուրաքանչյուրին»


    Առաքելական պալատի գրադարանում կայացած ընդհանուր ուկնդրության ժամանակ Սրբազան Քահանայապետը շարունակեց խորհրդածել Աստծո հետ իսրայելացիների հարաբերությունների մասին՝ անդրադառնալով Հակոբին։

     

    Հունիսի 10-ի ընդհանուր ուկնդրությունը ևս կայացավ Առաքելական պալատի գրադարանում։ Նորին Սրբությունը կարդաց աղոթքին վերաբերող վեցերորդ քարոզխոսությունւ՝ հետամուտ լինելով Աստծո հետ մարդու հարաբերությունների պատմությանը, որը նկարագրված է Ծննդոց Գրքում։ Այս անգամ խոսքը Հակոբի մասին էր։ «Ծննդոց Գիրքը, – սկսեց իր խորհրդածությունը Սրբազան Քահանայապետը, – հեռավոր դարերում ապրած մարդկանց մասին գրվածքների միջոցով մեզ պատմում է պատմություններ, որտեղ կարող ենք տեսնել մեր սեփական կյանքը»։

     

    Հակոբի մասին կարելի է ասել, որ խորամանկությունը դարձել էր նրա արժանապատվությունը, որը և նա դրսևորեց իր երկվորյակ եղբոր՝ Եսավի հետ դժվարին հարաբերություններում։ Խաբեությամբ ստանալով անդրանկությունը և հոր օրհնությունը՝ Հակոբը ստիպված էր փախչել եղբորից։ Կյանքում ամեն ինչ նրան հաջողվում է, նա ամեն ինչին հասնում է խորամանկության ու հնարամտության շնորհիվ։ Այնուամենայնիվ, նրան ինչ-որ բան պակասում է. այն՝ կենդանի կապն իր հարազատ արմատների հետ։ Մի օր Հակոբը լսում է հայրենիքի կանչը և երկար ճանապարհ է նախաձեռնում։ Մեծաթիվ մարդկանց ու քարավանի ուղեկցությամբ՝ Հակոբը մոտենում է իր ճանապարհի վերջնակետին, այստեղ ևս տեղի է ունենում նշանակալից իրադարձություն։ Անցնելով ծանծաղուտը՝ Հակոբը միայնակ հայտնվում է օտար ափին։ Նա համակված է մտքերով, թե ինչ է սպասում նրան վաղը և ինչպես իրեն կպահի Եսավը։ Հանկարծ գիշերը ինչ-որ մեկը սկսում է պայքարել նրա հետ։ Կաթողիկէ Եկեղեցու Վարդապետությունը տալիս է այս պատմության հետևյալ մեկնությունը․

    «Եկեղեցու ավանդությունը պահպանել է այս պատմվածքը, դրանում տեսնելով աղոթքի խորհրդանիշը՝ որպես հավատքի պայքար և կայունության հաղթանակ»։

     

    Այս մենամարտում Ինչ-որ մեկը հաղթում է Հակոբին՝ վնասելով «ազդրը» ու նրան դարձնելով կաղ, և ասում է․ Այսուհետև քեզ Հակոբ թող չկոչեն, այլ Իսրայել թող լինի քո անունը, որովհետև դիմացար Աստծու հետ մաքառելիս, ուստի մարդկանց նկատմամբ էլ ուժեղ կլինես»: Այլ կերպ ասած՝ «դու հիմա ուղիղ ես քայլելու, կփոխես անունդ ու վարքդ»։ Հակոբը խնդրում է խորհրդավոր հակառակորդին ասել իր անունը. «Նա չի ասում անունը, այլ օրհնում է Հակոբին, ով հասկանում է, որ հանդիպել է Աստծուն դեմ առ դեմ»։

     

    Աստծո հետ մենամարտը դա աղոթքի այլաբերությունն է, ընդգծեց Նորին Սրբությունը։ Այլ հանգամանքներում, Հակոբն արդեն ցույց է տվել Աստծո հետ երկխոսելու և Նրա ընկերական ներկայությունը զգալու իր ունակությունը: Գիշերվա այդ պայքարից հետո, որը նրան ուժասպառ է անում, աստվածաշնչյան նախահայրը փոխվում է։ Առաջին անգամ նա դադարում է ինքն իրեն զգալ իրավիճակի տերը, այստեղ խորամանկությունը այլևս չի օգնում, քանզի Աստված նրան բացահայտել է նրա մահկանացու լինելը։ Վերջապես, Հակոբը այլևս ոչինչ չի կարող առաջարկել Աստծուն, բացի իր խոցելիությունից և անզորությունից, ինչպես նաև մեղքերից: Հենց այդ Հակոբն է ստանում Աստծո օրհնությունը։ Նախկինում նա ինքնավստահ էր, ապավինում էր իր հնարամտությանը, և, հետևաբար, անթափանցելի էր շնորհի և ողորմության համար. նա չգիտեր, թե ինչ է ողորմությունը: Սակայն Աստված փրկեց նրան՝ հասկացնելով, որ նա սահմանափակ մարդ է, մեղավոր մեկը, ով ողորմության կարիք ունի։

     

    Մենք բոլորս, – իր խորհրդածության ավարտին ասաց Սրբազան Քահանայապետը, – մի օր գիշերը հանդիպում ենք Աստծուն։ Դա տեղի է ունենում մեր կյանքի գիշերներին, մեր կյանքի բազմաթիվ գիշերներին՝ խավարի, մեղքի ու շփոթվածության պահերին։ «Հենց այստեղ է մեզ համար նշանակված հանդիպում Աստծո հետ։ Նա գալիս է մեզ մոտ այն պահին, երբ մենք Նրան չենք սպասում և իսկապես միայնակ ենք»։ Հենց այդ ժամանակ, երբ մենք մեզ խղճուկ ենք զգում, Աստված մեզ ընծայում է իր անունը, որում կայանում է մեր կյանքի իմաստը․ «Աստված գիտի ինչպես անել, չէ՞ որ Նա ճանաչում է մեզանից յուրաքանչյուրին», – ասաց Նորին Սրբությունը և հավատացյալներին կոչ արեց Աստծուն դիմել հետևյալ խոսքերով․ «Տեր, Դու ինձ ճանաչում ես։ Դու ինձ ճանաչում ես, ուրեմն, փոխի՛ր ինձ»։

     

    Վատիկան Նյուզ,

    Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց