Դեպի քահանայական կոչում՝ ազնվությամբ և հեզությամբ
2020թ. հունիսի 13-ին՝ Սբ. Գրիգոր Լուսավորիչ վիրապից ելքի տոնին, Երևանի Սուրբ Գրիգոր Նարեկացի հայ կաթողիկէ մատռան մեջ տեղի ունեցավ քահանայական փոքր կարգերի և կիսասարկավագության տվչության կարգ՝ Նարեկ Մկրտչյանին և սքեմի տվչության կարգ՝ Սիմավոն Մկրտչյանին: Արարողությունը կատարեց Առաջնորդ Հայր Արհ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանը՝ Սուրբ Պատարագի ընթացքում, առընթերակայությամբ Հ. Նարեկ Վրդ. Մնոյանի և Տ. Կոմիտաս Քհն. Դավեյանի, խարտավիլակությամբ Սրբոց Հրեշտակապետաց հայ կաթողիկէ միացյալ ճեմարանի տեսուչ Հ. Մաշտոց Վրդ. Զահթերյանի, ներկայությամբ թեմի վաստակավոր Առաջնորդ Արհ. Տ. Նշան Արքեպս. Կարաքեհեյանի, Մխիթարյան միաբանության հայրեր Հ. Եղիա Ծ.Վրդ. Քիլաղպյանի և Հ. Գևորգ Վրդ. Սարգսյանի, եւ նվագակցությամբ Հ. Պետրոս Վրդ. Մարաշլյանի:
Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանն իր հայրական խոսքում ճեմարանականներին ասաց.
«Ձեզ համար ամեն օր աղոթում եմ, որ Աստված ձեզ պահի այն կոչման մեջ, որին դուք ընդառաջեցիք ազատորեն և հոգու ազնվությամբ՝ ծառայելու Քրիստոսին: Ունեք դժվարություններ, խոչընդոտներ, որոնք հարթվում են աղոթասիրությամբ, հեզությամբ, խոնարհությամբ և աշխատելու սիրով»:
Նարեկ Մկրտչյանը (ծնվ.՝ 30.09.1998) ծնունդով Մեծ Սեպասարից է, սերում է քահանայական ընտանիքից՝ Գյումրիի հայ կաթողիկէների ժողովրդապետ Տ. Գրիգոր Ավագ Քահանա Մկրտչյանի որդին է: Նարեկը մանկուց դարբնվել է հոգևոր արժեքներով, տեսել քահանայական ծառայության օրինակը՝ յանձին իր հոր, ծառայել է Սուրբ Խորանին, մասնակցել եկեղեցական պատանեկան, երիտասարդական ձեռնարկներին, հոգևոր կոչում է զգացել և վճռականորեն որոշել է հետևել Աստծո կանչին շատ վաղ հասակում: Նարեկը մշտապես աչքի է ընկել աղոթքի և սրբակենցաղ կյանքի հանդեպ սիրով, օրինակելի նվիրվածությամբ: Նարեկ Մկրտչյանը սովորել է Մխիթարյան միաբանության դպրանոցում, ապա՝ 2017թ. բարձրագույն հոգևոր ուսումը սկսել Վարշավայի Քահանայապետական հոգևոր ճեմարանում: Այժմ սովորում է աստվածաբանություն՝ 3-րդ կուրսում:
Սիմավոն Մկրտչյանը (ծնվ.՝ 50.11.1998) ծնունդով Շիրակի մարզի Ազատան համայնքից է: Վաղ տարիքից սկսել է Սուրբ Խորանի ծառայությունը հարազատ գյուղում, ակտիվորեն մասնակցել է Հայ կաթողիկէ պատանեկան միության գործունեությանը և հարստացել հոգևոր արժեքներով, զգացել հոգևոր ծառայության կոչումը: 2018-ին ընդունվել է Սրբոց Հրեշտակապետաց հայ կաթողիկէ միացյալ հոգևոր ճեմարան: