Աստված օրհնի Եկեղեցու բարերարներին
Արևիկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայ կաթողիկէ եկեղեցու բակում, արևելյան պատի մոտ տեղադրվել է մի հոյակերտ խաչքար՝ նվիրված արցախյան հերոսամարտի նահատակներին: Խաչքարը եկեղեցուն նվիրել է գյուղի հավատացյալներից մեկը՝ Սերոբ Մխոյանը: Խաչքարի տարածքը ևս բարեկարգվել է, սալիկապատվել: Տ. Նարեկ Քհն. Թադևոսյանի խնդրանքով Մխոյանի հովանավորությամբ նաև ամբողջությամբ ցանկապատվել է եկեղեցու բակը: Նոր ցանկապատը շատ գեղեցիկ է՝ խաչի պատկերներով և համահունչ եկեղեցու ճարտարապետությանը: Ցանկապատերի տեղադրման աշխատանքը և խաչքարի տարածքի սալիկապատումը կամավոր սկզբունքով կատարել է գյուղի հավատացյալներից Ղուդրատյան Ալիկը:
Առաջիկայում նախատեսվում է կազմակերպել խաչքարի օծման հանդիսավոր արարողությունը՝ ձեռամբ Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանի: Արարողության ժամանակ Առաջնորդ Հայրը օրհնության գրեր կհանձնի հովանավորին և աշխատանքը կատարողին:
Գյուղի բնակիչների համար մեծ ուրախություն է եկեղեցու հարևանությամբ ունենալ այդպիսի մի խաչքար, որի մոտ այսուհետ հնարավոր կլինի պատշաճ հարգանքի տուրք մատուցել արցախյան հերոսամարտի նահատակներին: