«Քանզի աղոթքը, եթե այն ճշմարիտ է, օգնում է ազատվել բռնության հակումից: Աղոթքը հայացք է առ Աստված, հրավեր է, որպեսզի Տերը մտնի մեր մարդկային սրտի մեջ»
2020թ. մայիսի 27-ի ընդհանուր ուկնդրության ժամանակ, որը կայացավ Առաքելական պալատում՝ ուղիղ հեռարձարկմամբ, Ն. Ս. Ֆրանցիսկոս Քահանայապետը շարունակեց խոսել աղոթքի մասին:
Սրբազան Քահանայապետն ասաց, որ մարդկության համար Աստծո ծրագիրը բացառապես բարի է, սակայն կյանքում մենք ամեն օր բախվում ենք չարի դրսևորումների հետ: Մեղքի աստիճանական տարածումը մարդկության մեջ նկարագրված է «Ծննդոց» Գրքի առաջին էջերում:
Ադամն ու Եվան կասկածեցին Աստծո բարի մտադրություններին՝ մտածելով, որ գործ ունեն նախանձոտ աստվածության հետ, որը խանգարում է նրանց երջանկությանը, որի արդյունքում ըմբոստացան Տիրոջ դեմ: Ենթարկվելով չարի գայթակղությանը՝ նրանց սրտերը գոռոզացան: Նրանք հավատում էին, որ համտեսելով բարու և չարի իմացության ծառի պտուղները, իրենք ևս կդառնան աստվածներ, սակայն հակառակ արդյունքը ստացան: «Չարն առավել կործանարար ու վտանգավոր է դառնում մարդկության երկրորդ սերունդում՝ Կայենի և Աբելի պատմության մեջ,- շարունակեց Սրբազան Քահանայապետը: Կայենը նախանձում էր եղբորը: Նա մեծն էր և Աբելի մեջ սպառնալիք էր տեսնում: Չարը համակեց Կայենի սիրտը և նա չկարողացավ դիմակայել: (…) Այսպիսով մարդկության պատմության մեջ առաջին ընդհարման պատմությունը հարազատ եղբայրների միջև ավարտվեց սպանությամբ»: Հակում դեպի բռնությունը ուներ նաև Կայենի սերունդը, որն արտահայտվել է «Ղամեքի չարամիտ երգեցողության մեջ», որը հանդիսանում է իսկական «վրեժխնդրության օրհներգ». «Եթե սպանության համար Կայենից յոթն անգամ վրեժ է պահանջում, ապա Ղամեքից՝ յոթանասունյոթն անգամ» (Ծննդոց 4, 23-24): Այսպիսով, չարը տարածվեց ամբողջ հորիզոնում՝ որպես յուղի բիծ. «Աստված տեսավ, որ մարդկանց չարագործությունները բազմանում են երկրի վրա, և ամեն ոք իր մտքում ամեն օր խնամքով չարագործություններ է նյութում» (Ծննդ. 6, 5): Մեծ Ջրհեղեղի լայնածավալ պատկերները և Բաբելոնի աշտարակը վեր բարձրացնելու փորձերը վկայում են նոր սկզբի, նոր արարման անհրաժեշտության մասին: Այս կարիքը լիովին բավարարվեց միայն Հիսուս Քրիստոսի հայտնությամբ»,- ամփոփեց Ընդհանրական Եկեղեցու Առաջնորդը:
Այնուհետև նա ընդգծեց, որ Աստվածաշնչի առաջին էջերում ներկայացված է նաև «այլընտրանքային պատմությունը», թեկուզ պակաս վառ, սակայն՝ համեստ ու բարեպաշտ, հույսով համակված: «Նույնիսկ, եթե գրեթե բոլոր մարդիկ են դաժանորեն գործել՝ «պատմության շոգեքարշ» դարձնելով ատելությունն ու իշխելու ցանկությունը, գտնվել են նաև այնպիսիք, ովքեր ունակ էին անկեղծորեն Աստծուն դիմել և իրենց աղոթքներով գրել ճակատագրի բոլորովին այլ գիրք», – ընդգծեց Նորին Սրբությունը և որպես օրինակ բերեց Աբելին, ով Աստծուն ընծա էր բերում իր ոչխարների առաջնեկներին, Ենոսին, ով կանչում էր Տեր Աստծու անունը, Ենոքին, ով «քայլում էր Աստծո առաջ» և երկինք տարվեց, և վերջապես Նոյին, ով դարձավ նորի նախահայրը, ով վերապրեց մարդկության ջրհեղեղը: «Կարդալով այդ պատմությունները՝ տպավորություն է ստեղծվում, որ աղոթքը դարձել է պատնեշ, որը պաշտպանում է մարդուն ամբողջ աշխարհը պատած կատաղի չարից: Ի վերջո, մենք աղոթում ենք նաև նրա համար, որպեսզի փրկվենք ինքներս մեզանից: Պետք է աղոթել՝ ասելով. «Տե՛ր, խնդրում եմ փրկիր ինձ ինքս ինձանից, իմ պատվասիրությունից, իմ կրքերից …», – նշեց Սրբազան Քահանայապետն ու հավելեց. «Աղոթողները, որոնց մասին գրված է Աստվածաշնչում, խաղաղարարներ են: Քանզի աղոթքը, եթե այն ճշմարիտ է, օգնում է ազատվել բռնության հակումից: Աղոթքը հայացք է առ Աստված, հրավեր է, որպեսզի Տերը մտնի մեր մարդկային սրտի մեջ»:
Նորին Սրբության խոսքերի համաձայն՝ աղոթքը «վերածննդյան օազիս է այնտեղ, որտեղ մարդկային ատելությունը իրենից հետո թողնում է ամայի անապատ»: «Ահա, թե ինչու է Աստծո Թագավորությունը փոխանցվում այնպիսի մարդկանց միջոցով, ովքեր հաճախ չեն հասկացվում և հետ են մղվում: Սակայն այս աշխարհն ապրում և զարգանում է միայն Աստծո զորության շնորհիվ, որը Նրա ծառաներն աղերսում են իրենց աղոթքներով: Դա այն քաշող լարն է, որը աղմուկ չի բարձրացնում: Նա գրեթե հնարավորություն չունի հայտնվելու նորություններում, սակայն առանց նրա անհնար է վերականգնել աշխարի հույսը», – ասաց Նորին Սրբությունը: Իր խոսքի ավարտին Սրբազան Քահանայապետը հիշեց մի անհավատ քաղաքական գործչի մասին, ով իր կյանքի դժվարին պահին սկսեց աղոթել՝ հիշելով հավատքի դասերը, որոնք վաղ մանկության տարիներին սովորել էր իր տատից: Շատ կարևոր է երեխաներին աղոթել սովորեցնել: Աղոթքը կդառնա Աստծո հետ միասին սկսված կյանքի այն սերմը, որը հավիտյան կմնա նրանց սրտում և մի օր էլ հասուն պտուղ կտա:
Vatican News,
Сибирская католическая газета
Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը