• Հայ երիտասարդները ևս գործուն կերպով միացան Laudato Si նամակի հոբելյանական շաբաթվան

    Երկիր մոլորակը մեր ընդհանուր տունն է. Laudato Si


    2020թ. մայիսի 16-24-ը Սուրբ Աթոռի Մարդկային համապարփակ զարգացման վարչության նախաձեռնությամբ հայտարարվեց Ն.Ս. Ֆրանցիսկոս Քահանայապետի 2015թ. հրապարակած «Գովեմ զՔեզ»՝ Laudato Si շրջաբերականին նվիրված շաբաթ: Նպատակն էր՝ հինգ տարի անց ողջ Ընդհանրական Եկեղեցու ուշադրությունը դարձյալ հրավիրել այդ հույժ կարևոր և միշտ արդիական սոցիալ-բնապահպանական բովանդակության փաստաթղթի վրա և առիթ տալ վերստին մտածելու նամակի տեսլականի և առաջ քաշած մարտահրավերների շուրջ:

     

    Սուրբ Աթոռի վարչության հրավերին ընդառաջեցին աշխարհի շատ կաթողիկէ համայնքներ և բարեսիրական կազմակերպություններ: Մենք ևս ջանացինք կիսել այդ համընդհանուր համերաշխությունը և փաստաթղթի արժեքները: Հայաստանի հյուսիսային չորս կաթողիկէ համայնքների՝ Մեծ Սեպասարի, Ղազանչիի, Բավրայի և Սիզավետի երիտասարդների հետ միասին նախաձեռնեցինք միջոցառումների շարք, որոնք կոչված են իրենց հերթին լինելու մեկնարկ՝ ամբողջ տարվա համար նախատեսվող միջացառումների: Այս նախաձեռնությանն իր աջակցությունը հայտնեց նաև Հայկական Կարիտաս բարեսիրական կազմակերպությունը, որի՝ համայնքներում իրականացրած ծրագրերում, որպես կամավորականներ, ընդգրկված են նաև այդ համայնքների երիտասարդները:

     

    Ամբողջ շաբաթվա ընթացքում՝ ամեն օր թե Առաջնորդության և թե Հայկական Կարիտասի ֆեյսբուքյան էջերին տեղադրվում էին հատվածներ «Գովեմ զՔեզ» շրջաբերականից՝ համապատասխան լուսանկարներով: Մայիսի 16-ին և 17-ին չորս համայնքների եկեղեցիների և երիտասարդական կենտրոնների տարածքներում կատարեցինք մաքրման աշխատանքներ: Մայիսի 17-ին և 24-ին չորս համայնքների 20-ից ավելի երիտասարդների հետ կազմակերպեցինք երկժամյա առցանց երկու սեմինար, որոնց ընթացքում երիտասարդներին ներկայացրեցի «Գովեմ զՔեզ» փաստաթղթի բովանդակության հիմնական էությունը՝ PPTX նյութերի մրջոցով, քննարկեցինք առանձին գաղափարներ,  սոցիալ-բնապահպանական խնդիրները, դրանց լուծման երիտասարդական պատկերացումները, իրենց պատրաստած հետաքրքիր նյութերը ներկայացրեցին նաև երիտասարդները (Կատյա Մարգարյան, Անդրանիկ Վարդանյան): Այսպիսով, հարթակ ստեղծվեց նաև երիտասարդների ինքնարտահայտման համար՝ անկախ մասնագիտական պատրաստվածությունից: Որոշեցինք առաջիկա օրերին միասին իրականացնել բնապահպանական փոքրիկ ծրագրեր՝ ծառատունկ, տարածքները, դաշտերը, լճերի տարածքները աղբից մաքրելու, մարդկանց իրազեկման գործողություններ, առցանց և կենդանի միջոցառումներ:

     

    Ծառատունկը իրականացրեցինք Հայկական Կարիտասի օգնությամբ: Տիրոջ Համբարձման տոնին Բավրա, Սիզավետ և Ղազանչի համայնքներում տեղի կամավորական երիտասարդների հետ միասին տնկեցինք հինգ տեսակի (բարդի, հացենի, լորենի, կլյոն, կաշտան) դեկորատիվ 120 ծառ՝ եկեղեցիների և Ղազանչիի երիտասարդական համալիր կենտրոնի բակերում:  Երիտասարդները ստանձնել են պատասխանատվություն՝ մշտապես պահպանելու նորատունկ ծառերը, որովհետև դրանք երաշխիք են իրենց համայնքների կանաչ և մաքուր ապագայի, ինչպես նաև Աստծո արարչագործության հանդեպ իրենց սիրո մի գեղեցիկ արտահայտություն են:

     

    Laudato Si փաստաթղթին նվիրված միջոցառումների կիզակետը եղավ մայիսի 24-ի կեսօրին աղոթքով աշխարհի տարբեր անկյուններում ամբողջ արարչագործության՝ «մեր ընդհանուր տան համար» հնչող աղոթքին միանալը: Ընտրեցի երեք աղոթք՝ Սբ. Ֆրանցիսկոս Ասսիզեցու «Արարածների երգը», Դանիելի մարգարեության արարածների օրհերգությունը՝ Դան. 4, 57-89, և Սուրբ Աթոռի վարչության հրապարակած հատուկ աղոթքը, որոնց PDF-ը կարող եք ներբեռնել այստեղ՝  Գովեմ զՔեզ շաբաթվա աղոթքներ:

     

    Մայիսի 24-ին կիրակնօրյա մարեմյան աղոթքից հետո Ն. Ս. Ֆրանցիսկոս Քահանայապետը հայտարարեց, որ մայիսի 24-ը «Գովեմ զՔեզ» փաստաթղթի հրապարակման տարեդարձն է և փաստաթղթին նվիրված շաբաթով հռչակում է «Գովեմ զՔեզ»-ի հատուկ տարի՝ 2020թ. մայիսի 24-ից մինչև 2021-ի մայիսի 24-ը: Սա պետք է լինի երկարատև հնարավորություն՝  խորհրդածելու շրջաբերականի մասին և «հոգ տանելու մեր ընդհանուր տան և մեր դյուրաբեկ եղբայրների ու քույրերի մասին»:

     

    Մեր երիտասարդների հետ միասին մտադիր ենք այս տարվա ընթացքում մշակել և իրականացնել բնապահպանական մի շարք գործողություններ և ծրագրեր՝ մանավանդ, հաշվի առնելով այն փաստը, որ համավարակի անորոշ երկարաձգումը հնարավոր է դարձնում միայն բացօդյա երիտասարդական ծրագրերի իրականացումը: Վստահ ենք, որ յուրաքանչյուր դժվարություն առիթ է՝ նոր հնարավորությունների և գաղափարների գեներացման:

     

    #LaudatoSi5

    Տ. Հովսեփ քհն. Գալստյան

    Աշոցքի հայ կաթողիկէ երիտասարդներ

Օրացույց

Օրացույց