• Եվս մեկ մշակ՝ Տիրոջ պարտեզում. Տ. Միքայել Քհն. Դոմբուրյան, քահանայական նոր ձեռնադրություն

    «…Հրեշտակային գերաշխարհիկ զորութիւններից աւելի վեր է նրանց համար, ովքեր անարատութեամբ եւ սրբութեամբ են կատարում այն». Ներսես Շնորհալի «Թուղթ ընդհանրական»


    Վեցերորդ Շաբաթ Յինանց: Շաբաթ, 23 մայիս, 2020 թուական, ժամը 11:00-ին՝ Երեւանի Սուրբ Գրիգոր Նարեկացի Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ մէջ մատուցուեց Սուրբ եւ Անմահ Պատարագ եւ տեղի ունեցաւ նորընծայ Արմէն Դօմպուրեանի Քահանայական ձեռնադրութեան եւ օծման կարգը՝ ձեռամբ Տիտղոսաւոր Արքեպիսկոպոս Կապադովկեան Կեսարիոյ Հայոց, Առաջնորդ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Արեւելեան Եւրոպայի Կաթողիկէ Հայոց Արհի. Տէր Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանի, առընթերակայութեամբ՝ Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի եւ Գերպ. Հ. Նարեկ Վրդ. Մնոյեանի, խարտաւիլակութեամբ Գերպ. Հայր Մաշտոց Վրդ. Զահթերեանի:

     

    Հնչում է «Այսօր Աստուածութիւնն զուարճանայ» շարականը, նորընծան ծնրադիր առաջանում է ի միջավայր բեմի, դառնում դէպի հաւատացեալների բազմութիւն եւ բարձրացնում ձեռքերը՝ ի նշան աշխարհից հրաժարման, ապա՝ հնչում է. «Աստուածային եւ երկնաւոր շնորհ որ միշտ լնու զպէտս սրբոյ սպասաւորութեան առաքելական Եկեղեցւոյ… կոչէ Արմէն ի սարկաւագութենէ ի քահանայութիւն»։ Ներկաները՝ միաւորուելով արարողութեանը, վկայում են. «Արժանի է»։ Նորընծան ծնրադիր շրջւում է դէպի Աւագ խորան: Ձեռնադրիչ Եպիսկոպոսը ձեռնադրութեան մեծ աղօթքը ընթերցելուց յետոյ «դնէ զաջն ի վերայ գլխոյն նուիրելոյ և ասէ. ես դնեմ զձեռս ի վերայ սորա եւ դուք ամենեքեան աղօթս արարէք, զի արժանի լիցի սա զաստիճան քահանայութեան, անարատ պահել առաջի սեղանոյ Տեառն Աստուծոյ»։ Այնուհետեւ, Եպիսկոպոսն «ինքն ձեռամբն բերէ զուրար զպարանոցաւն ի ձախմէ ի յաջ» եւ օրհնութեամբ «արկանէ զփիլոնն զուսով նուիրելոյն, եւ զշուրջառն, զբազպանն եւ զգօտին, զսաղաւարտն եւ զայլ քահանայական զգեստ»։

     

    Նորընծան զգեստաւորւում է, եւ ապա պահն է օծման՝ ձեռնադրութեան արարողութեան հոգեւոր վերացման եւ  ամենախորհրդաւոր պահը: Քահանայական զգեստաւորման մէջ՝ նորընծան կանգնում է ձեռնադրիչ եպիսկոպոսի առջեւ: Արհի. Տէր Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանը սրբալոյս միւռոնով օծում է նորընծայ Արմէն սարկաւագ Դօմպուրեանի ճակատն ու ձեռքերը եւ նրան վերանուանում Տէր Միքայէլ Քհնյ. Դօմպուրեան:

    Օծման արարողութեան աւարտին նորընծայ քահանայ Տէր Միքայէլին ձեռամբ Արհի. Սրբազան Հօր շնորհուեց «զսկիհն և զմաղզմայն հանդերձ կենարար Մարմնով և Արեամբ, վասն կենդանեաց և ննջեցելոց», այսպիսով՝ ստացաւ Սուրբ Պատարագ մատուցելու իշխանութիւն եւ դառնալով ներկաներին՝ տուեց իր անդրանիկ քահանայական օրհնութիւնն ու խաղաղութիւնը:

    Ձեռնադրութեան եւ օծման հանդիսաւոր արարողութիւնից յետոյ Արհի. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանն իր քարոզում անդրադարձաւ օրուայ խորհուրդին.

     

    «Սիրելի՛ եղբայրներ եւ քոյրեր,

    Մեզ եւ ձեզ համար մեծ ուրախութիւն է, որ այսօր Սուրբ Եկեղեցւոյ մէջ եւս մէկ ծառայ աւելացաւ՝ փառաւորելու Աստուծոյ անունը եւ վկայելու Նրան, միեւնոյն ժամանակ, հովուելու իրեն յանձնուած ժողովուրդը: Ի՜նչ մեծ պատիւ եւ ուրախութիւն է, երբ մի մեծահարուստ մեզ թողնում է իր ամբողջական ժառանգութիւնը: Եւ, չկայ աւելի հարուստ եւ ամենակարող, քան Քրիստոս, որ այսօր, սիրելի՛ Տէր Միքայէլ, քեզ է հանձնում իր ժառանգութիւնը: Այսօր դու սկսում ես քո առաքելութիւնը՝ տիպար ունենալով այն Հարուստը, այն Ամենազօրը, ով քեզ տուեց այս իշխանութիւնը: Եւ ո՞վ է Նա, եթէ ոչ Քրիստոս, որ իր ամբողջ կեանքը հեզութեամբ, խոնարհութեամբ, պարզութեամբ եւ եղբայրսիրութեամբ ապրեց: Պէտք չունես, որ որեւէ մէկը քեզ սիրի, բայց պարտաւոր ես, վկայելով Քրիստոսին, սիրել բոլորին: Ինչպէս ֆրանսիացիներն են ասում. «Սէրը սկսւում է սեփական անձից», – եթէ մենք սիրում ենք մեզ, ուրեմն եւս առաւել պիտի ուզենանք, որ ուրիշներին կարողանանք սիրել՝ նոյնպէս, ինչպէս սպասում ենք նրանցից:

     

    Աստուած քեզ ուժ, կարողութիւն եւ երկար կեանք տայ: Ինչպէս Յիսուս ասաց իր աշակերտներին. «Եթէ մէ­կը կա­մե­նում է հե­տե­ւել ինձ, թող ու­րա­նայ իր ան­ձը, վեր­ց­նի իր խա­չը եւ գայ իմ յե­տե­ւից» (Մատթ. 16:24): Երկնքի արքայութեան դուռը նեղ է: Նեղ դռնից երբ մտնենք՝ կտեսնենք փառաւորութիւնը ամբողջական ուրախութեան՝ մինչեւ յաւիտենական երջանկութիւն: Ի սրտէ մաղթում եմ քեզ, որ քո ընտանիքը եւ հարազատները նեցուկ լինեն եւ իրենց աղօթքներով կարողանան օժանդակել քեզ, որպէսզի դու քո առաքելութիւնը իրականացնես աւելի ազատ, ամէն տեղ եւ ամենքի համար: Ամենքս մէկ օր հաւաքուելու ենք Աստուծոյ արքայութեան մէջ՝ տեսնելու այն բոլոր բարի գործերը, որ մենք կատարեցինք այս աշխարհում եւ դա պէտք է լինի մեր դրամագլուխը՝ երկինք մտնելու համար: Աստուած քեզ ուրախ եւ երջանիկ օրեր պարգեւի. Ամէն»:

     

    Ուրբաթ՝ 22 մայիս, 2020 թուական, Երեւանի Սուրբ Գրիգոր Նարեկացի Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ մէջ տեղի ունեցաւ սարկաւագ Արմէն Դօմպուրեանի Քահանայական ձեռնադրութեան առաջին մասը՝ ձեռամբ վաստակաւոր Առաջնորդ Կաթողիկէ Հայոց Արհի. Տէր Նշան Արքեպս. Գարաքէհէեանի եւ խարտաւիլակութեամբ Գերապ. Հայր Մաշտոց Վրդ. Զահթերեանի:

     

    Կիրակի, 24 մայիս, 2020 թուական, ժամը 10:00-ին Տէր Միքայէլ Քհնյ. Դօմպուրեանն իր անդրանիկ Սուրբ եւ Անմահ Պատարագը կը մատուցի Ազատանի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ մէջ:

     

    Հակիրճ կենսագրական տուեալներ Տէր Միքայէլ Քհնյ. Դօմպուրեանի

     

    Տէր Միքայէլ Քհնյ. Դօմպուրեանը ծնուել է 08 յունուար, 1981 թուականին՝ Պէյրութ, Լիբանան:

    1984-1994թթ. նախնական կրթութիւնը ստացել է Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ ճեմարանում (Ժայդաուի, Պէյրութ):

    Խորանի ծառայութեան կոչումն արթնացել է շնորհիւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ ճեմարանի  տնօրէն Հայր Սահակ Վրդ. Քեշիշեանի:

    2007 թուականին Տէր Յիսուս կանչել է խորանի ծառայութեան, ինչը հիմնովին փոխել է կեանքը՝ առաջնորդելով նրան խաւարից դէպի լոյս:

    2010 թուականին վերանորոգել է իր ուխտը:

    Արմենը դիմել է Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Ամենապատիւ Տէր Ներսես Պետրոս 19-րդ Հոգեւոր Տիրոջը, որպէսզի ընդառաջի եւ թույլատրի պատրաստուել քահանայեական ծառայութեան:

    2011-2015թթ. ուսանել է Աստուածաբանութիւն եւ Փիլիսոփայութիւն Պէյրութի Անտունիէ համալսարանում:

    2013 թուականին՝ Պէյրութի Սուրբ Եղիա, Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցւոյ մէջ, ստացել է Քահանայական փոքր կարգերը եւ կիսասարկաւագութիւնը՝ ձեռամբ երջանկայիշատակ Հոգեւոր Տէր Ներսէս Պետրոս 19-րդ Կաթողիկոս-Պատրիարքի:

    Մինչ հոգեւոր կրթութիւն էր ստանում եւ պատրաստւում ձեռնադրութեան՝ 25 յունիս, 2015 թուականին, սրտի կաթուածից վախճանւում է Ամենապատիւ Հոգեւոր Տէրը:

    2016 թուականին՝ օգնութեամբ Տէր Կարապետ Քհնյ. Թաթէոսեանի դիմում է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Արեւելեան Եւրոպայի Կաթողիկէ Հայոց Առաջնորդ Արհի. Տէր Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանին: Արհիապատիւ Սրբազան Հայրը ընդունում է նրան՝ ծառայելու իր թեմում:

    2019 թուականի յուլիս 21-ին, Գիւմրու Սրբոց Նահատակաց Հայ Կաթողիկէ Առաջնորդանիստ Եկեղեցւոյ մէջ ձեռնադրուեց սարկաւագ՝ ձեռամբ Արհի. Տէր Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանի:

    Ամուսնացած է, ունի մէկ դուստր եւ մէկ որդի՝ Սեւանա եւ Նարեկ: Տիկնոջ անունը՝ Մարիա Քիզիրեան:

     

    Տէր Միքայէլ Քհնյ. Դօմպուրեանը նշանակուեց Ազատան եւ Ձիթհանքով գիւղերի փոխժողովրդապետ, իսկ այդ գյուղերի ժողովրդապետը մնում է Տ. Նարեկ Քհն. Թադեւոսեանը, ով 2013թ.-ից սկսած ժողովրդապետն է չորս համայնքների՝ Ազատանի, Արեւիկի, Լանջիկի եւ Ձիթհանքովի:

     

    Աղօթում ենք առ Ամենազօր Աստուած, որպէսզի ոգու ամրութիւն եւ տոկունութիւն պարգեւի նորընծայ Տէր Միքայէլ Քհնյ. Դօմպուրեանին՝ հաստատ պահելով նրան իր կոչման մէջ: Մաղթում ենք բեղուն առաքելութիւն. Ամէն:

     

    Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեան 

    Փանիկի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ Ժողովրդապետ,

    Հայաստանի Հայ Կաթողիկէ Երիտասարդաց միութեան նախագահ 

     

    23.05.2020

Օրացույց

Օրացույց