Քահանայապետը խոսեց երկու ծայրահեղությունների մասին՝ քրիստոնեությունը համարել գաղափարախոսություն և ինքն իրեն համարել բացառիկ
Պապական նստավայրում գտնվող Սուրբ Երրորդության մատուռում մայիսի 7-ին մատուցած առավոտյան Պատարագի ժամանակ Նորին Սրբությունն անդրադարձավ օրվա առաջին ընթերցման առանձնահատկությանը, որը վերցված էր Գործք Առաքելոց գրքից։ Ժամանելով Պիսիդիայի Անտիոք՝ Պողոս առաքյալը քարոզում է ժողովարանում։ Սրբազան Քահանայապետը հավատացյալների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Պողոս առաքյալը հռչակում է Հիսուսին, երկար սպասված Փրկչին՝ առանց վարդապետության օգնության․ նա փրկության պատմությունն է ներկայացնում։
«Քրիստոնեությունը միայն վարդապետություն չէ։ Դա միայն այն չէ, ինչին հավատում ենք», – ընդգծեց Նորին Սրբությունը։ Քրիստոնեությունը դա պատմություն է, իսկ դրա վարդապետությունը Աստծո խոստումն է, Աստծո հետ ուխտը, որը նշանակում է լինել Աստծո ընտրյալներ։ Քրիստոնեությունը ոչ միայն բարոյականություն է, այլ, ամենից առաջ, պատկանելություն մի ժողովրդի, ում Աստված ընտրեց անշահախնդրորեն։
«Եթե մենք չենք գիտակցում ժողովրդին մեր այդ պատկանելությունը, ապա մենք գաղափարախոս քրիստոնյաներ ենք՝ ցածր մակարդակի վարդապետությամբ, որը հաստատում է ճշմարտությունը, բարոյականությունը և էթիկան»։
Մյուս ծայրահեղությունն էլ ինքդ քեզ էլիտա համարելն է, ով ընտրվել է Աստծո կողմից՝ ի տարբերություն մյուսների։ Նման աշխարհայացքը ստիպում է մտածել, որ մնացածները դժոխք են գնալու կամ կփրկվելու են Աստծո ողորմությամբ, բայց մնալու են մերժվածներ, ովքեր չեն պատկանում ընտրյալ ժողովրդին։
Պողոս առաքյալը հռչակում է Հիսուսին՝ մեկնելով հենց ժողովրդի պատմությունը, փոխանցելով փրկության պատմությունը։ Աստծո ժողովրդի այս պատմության մեջ, ընդհուպ մինչև Հիսուս Քրիստոսի գալուստը, եղել են սրբեր և մեղավորներ, եղել են հասարակ մարդիկ՝ իրենց առաքինություններով և արատներով հանդերձ։ «Ժողովուրդը միշտ մեղավոր է, ինչպես մեզանից յուրաքանչյուրը, սակայն, ըստ էության, ժողովուրդը չի սխալվում, քանի որ ունի ընտրված ժողովրդի ներքին զգացողությունը. ժողովուրդը հետևում է խոստմանը և ուխտ է կնքել․ միգուցե, այն չի պահում, սակայն գիտի դրա մասին», – պարզաբանեց Սրբազան Քահանայապետը։
Վատիկան Նյուզ, թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը