• Աղոթե՛նք Աստծո Ծառա Կարդինալ Աղաջանյանի սրբադասման համար

    «Պատմութիւնը պէտք է ասի, թէ ինչքա՜ն է նրան պարտական Քրիստոնեայ
    Հայաստանը, Կաթողիկէ Առաքելութիւնները, Սուրբ Աթոռը եւ ամբողջ եկեղեցին»:
    Պողոս Զ Պապ, 26 Մայիս, 1971


     

    Ո՞Վ Է ԿԱՐԴԻՆԱԼ
    ԳՐԻԳՈՐ ՊԵՏՐՈՍ ԺԵ ԱՂԱՋԱՆԵԱՆԸ

     

    Աշխարհիկ անունով Ղազարոսը ծնուել է 1895 թուականի սեպտեմբերի 18-ին
    Վրաստանի Ախալցխայի շրջանում: 1917 թուականին ձեռնադրւում է քահանա՝
    առնելով Ֆրանչեսկոս անունը: Երկու տարի անց ստանում է քաղաքական եւ
    եկեղեցական իրաւունքի մասնագետի վկայական: Նոյն թուականին վերադառնում
    է Կովկաս, ծառայութեան է անցնում Թիֆլիսի Գրիգոր Լուսաւորիչ Հայ կաթողիկէ
    եկեղեցում: 1921 թուականին նրան հրաւիրում եւ նշանակում են Հռոմի Լեւոնեան
    վարժարանի փոխտնօրեն: 1937 թուականին Ֆրանչեսկոս Աղաջանեանն ընտրվում
    է հայ կաթողիկէների կաթողիկոս եւ ընդունում է Գրիգոր-Պետրոս 15-րդ անունը:
    1946 թուականին Պիոս ԺԲ պապը Աղաճանեանին կարգում է կարդինալ եւ
    նշանակում է Արեւելեան Եկեղեցու Կանոնագիրքը կազմող հանձնաժողովի
    նախագահ: 1958 թուականին ստանում է Սուրբ Աթոռի Հաւատի տարածման ժողովի վարիչի
    պաշտօնը:

     

    Պիոս ԺԲ պապի մահից յետոյ 1958 թուականի կոնկլավի ժամանակ կարդինալ
    Աղաջանեանը պապի ամենահաւանական թեկնածուներից է լինում, դա հաստատել
    է անձամբ Յովհաննէս 23-րդ պապը, ով յաղթել է այդ կոնկլավում: 1963 թուականին
    կարդինալ Աղաջանեանի անունը յայտնուեց պապի հաւանական թեկնածուների
    ցուցակում:

     

    1962 թուականին Աղաջանեանը հրաժարական է տուել հայ կաթողիկէ եկեղեցու
    առաջնորդութիւնից՝ մնալով միայն Լեւոնեան վարժարանի տնօրէն: 1970
    թուականին Աղաջանեանը հրաժարւում է նաեւ Հաւատի տարածման ժողովում
    իրեն վստահուած պաշտոնից վատթարացող առողջական վիճակի պատճառով:
    Կեանքի վերջին տարիներին կարդինալը կազմակերպել է Ամենայն Հայոց
    Կաթողիկոս Վազգեն Առաջինի հանդիպումը Հռոմի Պապի յետ: Աղաջանեանը մեծ
    աշխատանք է կատարել Կաթողիկէ, Հայ առաքելական եւ Աւետարանական
    եկեղեցիների միջդաւանաբանական միասնութեան ամրապնդման ուղղութեամբ:
    Աղաճանեանը մահացել է 1971 թուականի մայիսի 16-ին երկարատեւ
    հիւանդութիւնից Հռոմի Լեւոնեան վարժարանում:

     

    ԵՐԱՆԱՇՆՈՐՀ ՀԱՅՐԱՊԵՏԻ
    ՀՈԳԵՒՈՐ ԿՏԱԿԻՑ

     

    «Ցանկանում եմ մեռնել՝ ինչպէս, որ ջանացի ապրել միշտ, իբրեւ հնազանդ մի
    զաւակ Մօրս՝ Կաթողիկէ Սուրբ Եկեղեցու, կատարեալ միութեամբ նրա տեսանելի
    Գլխի եւ մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի փոխանորդի՝ Հռոմի Սրբազան
    Քահանայապետի հետ միասին դաւանել այն, ինչ որ նա է դաւանում: Տիրամօր հետ,
    ո՛վ Մայրն է ողորմութեան, ո՛վ մայրաբար հսկեց իմ վրայ եւ որի բարեխօսութեամբ
    լիայոյս եմ, որ Տէրը ներել է իմ մեղքերը. Ուրախ սրտով գնում եմ միանալու իր
    զաւակներին:

     

    Իմ երախտապարտ սիրտս ողջունում է բոլոր սիրելի գործակիցներին, ովքեր
    իրենց թանկագին օժանդակութեամբ օգնեցին ինձ: Հայ Կաթողիկէ
    Նուիրապետութեան՝ կղերին ու հաւատացեալներին, ինչպէս նաեւ սիրելի ազգիս
    բոլոր զաւակներին: Մաղթում եմ՝ բարեխօսութեամբ մեր բիւրաւոր
    մարտիրոսներին, ամէն հոգեւոր եւ ժամանակաւոր բարիք եւ յատկապէս՝
    պահպանումը եւ աճը քրիստոնէական հաւատքի՝ Քրիստոսի միակ Եկեղեցու
    միութեան մէջ:
    Սրանք են այն զգացումները, որոնցով տոգորուած է հոգիս, մինչեւ վերջ գտնում
    է իմ երկրաւոր կեանքս, եւ մինչ հրաժեշտ եմ տալիս իմ սիրելի անձերին, ովքեր ինձ
    հետ կապուած են խորը բարեկամութեամբ ի Քրիստոս, խնդրելով նրանցից, որ
    յիշեն ինձ Տիրոջ Խորանի առջեւ, որպէսզի Նա ցանկանա ընդունել ինձ երկնային
    օթեւանների մէջ եւ շնորհի ինձ երանական տեսութեան երջանկութիւնը»:

     

    «Ես յիշում եմ Նրա ազնուութիւնը, նրա զարգացումը, գերազանց բազմալեզուաբանի ձիրքերը, ընդարձակ հմտութիւնը, նրա մտքի եւ սրտի յատկութիւնները, մանաւանդ՝ նրա հովուական առաքինութիւնները: Նրան՝ մեզ համար արել էին օրինակելի մի աշխատակից, որը չէր խնայում ո՛չ իր ժամանակը եւ ո՛չ էլ իր յոգնութիւնը, լաւագոյն կերպով ծառայելու համար Եկեղեցուն: Պատմութիւնը պէտք է ասի, թէ ինչքա՜ն է նրան պարտական Քրիստոնեայ
    Հայաստանը, Կաթողիկէ Առաքելութիւնները, Սուրբ Աթոռը եւ ամբողջ եկեղեցին»:

    Պողոս Զ Պապ, 26 Մայիս, 1971

    ԱՂՕԹՔ

    Վասն Երանացման Աստուծոյ Ծառայի՝
    Երջանկայիշատակ Կարդինալ
    ԳՐԻԳՈՐ ՊԵՏՐՈՍ ԺԵ ԱՂԱՋԱՆԵԱՆ
    Կաթողիկոս Պատրիարք

     

    Տէր Յիսուս, Հովիւ քաջ ու բարի
    Եւ Առաջնորդ հոգիների,
    Որ Սուրբ Հոգու շնորհքները
    Առատօրէն բաշխեցիր առաքեալներիդ
    եւ ուզեցիր որ լինեն հեզ եւ խոնարհ Քեզ նման,
    Եւ Քեզ քարոզեն համայն տիեզերքում,
    Աղաչում ենք, որ ընդունես մեր պաղատանքները,
    Եւ դասես մեր երջանկայիշատակ Հայրապետին՝
    Գրիգոր Պետրոս ԺԵ Աղաջանեան
    Կաթողիկոս Պատրիարքին
    Երանելիներիդ ու սրբերիդ շարքին:
    Նա, հաւատարիմ Քո պատուիրաններին,
    Եղաւ հեզ եւ խոնարհ Քեզ նման, քաջ եւ բարի Հովիւ,
    հովուելով Հայ ազգի զաւականերին:
    Աղաչում ենք նաեւ, որ նրա բարեխօսութեամբ,
    լսես մեր աղօթքը եւ կատարես մեր խնդրանքը՝
    արժանանալու Սուրբ Հոգու առատ պարգեւներին:
    Հայցում ենք նաեւ, որ բարեխօսութեամբ
    Մեր երանաշնորհ Հայրապետի՝
    շնորհես մեզ այս յատուկ շնորհքը (……………….)
    որ խոնարհաբար եւ լի յոյսով հայցքում ենք Քեզանից:
    Փառք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ… (3 անգամ)

     

    Նրանք ովքեր ընդունել են շնորհքներ՝ Կարդինալ Աղաջանեանի Բարեխօսութեամբ,
    խնդրում ենք տեղեկացնել Հայ Կաթողիկէ Պատրիարքարան, Պէյրութ-Լիբանան
    Հեռ. +9611570555/6 – [email protected]
    Հայ Կաթողիկէ Առաջնորդարան, Գիւմրի-Հայաստան
    Հեռ. +37431252115 – [email protected]

     

    Պատրիարքարան Կաթողիկէ Հայոց Տանն Կիլիկիոյ

    Առաջնորդարան Կաթողիկէ Հայոց Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելեան Եւրոպայի

     

     

     

Օրացույց

Օրացույց