Վսեմ պարծանք հայ ազգի, բարեխոսի՛ր մեզ համար
2020թ․ ապրիլի 24-ի երեկոյան ժամը 19:30-ին, Իտալիայի Արեցցո քաղաքի Եպիսկոպոսական ճեմարանի մեծավոր Հ Ռաֆայել Մեննիտտին մատուցեց սուրբ և անմահ պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին։ Պատարագին մասնակցում էին ճեմարանի աշակերտությունը, որոնց թվում էին նաև Հայաստանի Հայ Կաթողիկէ առաջնորդության երեք ժառանգավորները, ովքեր իրենց փիլիսոփայական և աստվածաբանական բարձրագույն ուսումն են անցնում Արեցցոյում։
Հայկական շարականներով ու աղոթքներով ճեմարանի հայ աշակերտներն իրենց յուրահատուկ մասնակցությունն ունեցան սուրբ և անմահ Զոհին։ Հայերեն լեզվով օրվա ավետարանական ընթերցումից հետո՝ պատարագիչ հայրն իր քարոզում անդրադարձավ օրվա խորհրդին․ հիշեց 105 տարի առաջ հայերի նկատմամբ գործադրված անարդարությունը և կոչ արեց աղոթել այդ ոճրի նահատակների համար՝ Աստծուց հայցելով, որ մարդկությանը զերծ պահի այդպիսի վայրագություններից։ Նա ընդգծեց աստվածային ու երկնային նշանները ճշգրտորեն կարդալու անհրաժեշտության մասին և խրախուսեց դառնալ Աստծո ընտանիքի անդամ։ Հայ ժառանգավորները նաև երգեցին Տերունական աղոթքը։
Պատարագի ավարտին նրանք աղոթեցին Հայոց ցեղասպանության զոհ ու նահատակ և ընդհանրական Եկեղեցու կողմից Երանելի հռչակված՝ Իգնատիոս Արք. Մալոյյանին նվրիված հոգևոր տաղը։
Բազմաչարչար նահատակ պանծալի Տեր Իգնատիոս,
Քո վարդագույն արյունովդ ոռոգեցիր անապատը,
Վկա եղար Խաչյալին քո քաջարի մահով։
Վսեմ պարծանք հայ ազգի, բարեխոսի՛ր մեզ համար:
Վատիկան Նյուզ, Ռոբեր Ադդարյան
Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը