Մենք կարինքն ունենք Տիրոջ, որ մեր մեջ տեսնում է ոչ միայն թերություններ, այլ՝ նաև բացառիկ գեղեցկություն
Ապրիլի 19-ին Նորին Սրբություն Ֆրանցիկոս Սրբազան Քահանայապետը կիրակնօրյա Սուրբ Պատարագը մատուցեց Աստծո Ողորմության Սանթո-Սպիրիտո-ին-Սասսիա տաճարում։ Քսան տարի առաջ Հովհաննես Պողոս Բ Պապն էր, որ ամբողջ Եկեղեցու համար հաստատեց Աստծո Ողորմության այսօրվա տոնը, որի հավատարիմ առաքյալն էր լեհ միանձնուհի Սբ․ Ֆաուստինա Կովալսկան։
Դիմելով հավատացյալներին, ովքեր ուղիղ հեռարձարկմամբ և համացանցով հետևում էին Պատարագին, Սրբազան Քահանայապետն ասաց․
«Անցած կիրակի մենք տոնեցինք Վարդապետի հրաշափառ Հարությունը, իսկ այսօր մենք տեսնում ենք աշակերտի հարությունը։ Անցավ մեկ շաբաթ, որը աշակերտները անցկացրեցին վախի մեջ, «փակ դռների հետևում» (տե՛ս Հվհ․ 20, 26), չնայած որ տեսել էին Հարությունը։ Նրանք նույնիսկ չկարողացան համոզել միակ բացակայողին՝ Թովմասին, որ Հիսուս հարություն է առել։ Ի՞նչ է Նա անում՝ տեսնելով այդպիսի վեհերոտ անհավատություն։ Նա վերադառնում է նույն տեղը՝ աշակերտների «մեջտեղը» ու դարձյալ ասում․ «Խաղաղությու՜ն ձեզ» (տես Հովհ․ 20,19.26)։ Նա ամեն ինչ նորից է սկսում։ Աշակերտի հարությունը սկսվում է հենց այստեղից, հենց այս ճիշտ ու համբերատար ողորմությունից՝ այն գիտակցմամբ, որ Աստված անդադար Իր ձեռքն է մեկնում՝ մեզ բարձրացնելով անկումից։ Նա ցանկանում է, որ մենք Նրա մեջ տեսնենք ոչ թե սեփականատիրոջ, ում պետք է հաշվետու լինենք, այլ՝ հարազատ Հոր, Ով միշտ մեզ ոտքի է կանգնեցնում։ Կյանքում մենք դանդաղ ենք առաջ ընթանում, ինչպես փոքրիկը, ով նոր է սկսում քայլել ու վայր է ընկնում, մի քանի քայլ և նա կրկին գետնին է հայտնվում, նա կրկին ու կրկին վայր է ընկնում, և ամեն անգամ հայրն է նրան բռնում։ Ձեռքը, որը մեզ միշտ բարձրացնում է՝ դա Աստծո ողորմությունն է․ Աստված գիտի, որ առանց ողորմության մենք վայր ենք ընկնում և, որպեսզի մենք քայլենք, մեզ անհրաժեշտ է ոտքի կանգնեցնել։
Ինչ-որ մեկը կհակաճառի․ «Ես երբեք չեմ դադարի վայր ընկնել»։ Տերը գիտի դա և միշտ պատրաստ է քեզ վեր բարձրացնել։ Նա չի ուզում, որ մենք անընդհատ մտածենք մեր անկումների մասին, այլ նայենք Նրան, Ով տեսնում է վայր ընկնող զավակներին, ում անհրաժեշտ է վեր բարձրացնել, Ով տեսնում է դժբախտ զավակներին, ովքեր ողորմած սիրո կարիք ունեն։ Այսօր, այս Եկեղեցում, որը դարձել է Հռոմի ողորմության սրբավայրը, որը քսան տարի առաջ Հովհաննես Պողոս Բ Պապը նվիրեց Աստծո ողորմությանը, մենք վստահությամբ ընդունում ենք այս ուղերձը։ Տեր Հիսուսն ասաց Սբ․ Ֆաուստինային․
«Ես ինքնին Սեր ու Ողորմություն եմ։ Չկա աղքատություն, որը կկարողանար չափվել Իմ ողորմության հետ» (Օրագիր, 14 սեպտեմբերի 1937թ․)։ Մի անգամ Սրբուհին ուրախությամբ ասաց Հիսուսին, որ նա իր ամբողջ կյանքը և այն ամենը, ինչ ունեցել է նվիրել է Իրեն։ Սակայն Հիսուսի պատասխանը նրան հուսահատեցրեց․ «Դու Ինձ համար չես զոհաբերել այն, ինչն իսկապես պատկանում էր քեզ»։ Սակայն ի՞նչ էր այդ, որ սուրբ միանձուհին պահում իր համար։ Հիսուս ողորմությամբ պատասխանում է նրան․ «Դու՛ստր Իմ, տու՛ր ինձ քո աղքատությունը» (10 հոկտեմբերի 1937թ․)։ Մենք նույնպես կարող ենք ինքներս մեզ հարց տալ․ «Արդյո՞ք ես տվել եմ Տիրոջը իմ աղքատությունը։ Արդյո՞ք ես ցույց տվել եմ Տիրոջն իմ անկումները, որպեսզի Նա կարողանար ինձ վե՛ր բարձրացնել։ Թե՞ դեռ կա մի բան, որը ես իմ մեջ եմ պահում։ Մեղք, զղջում նախկինում, ներքին զայրույթ, վիրավորանք՝ որևէ մեկի նկատմամբ, կոնկրետ մարդու գաղափար․․․
Տերը սպասում է, որ մենք Նրան տանք մեր դժբախտությունները, որպեսզի Նա մեզ կարողանա ցույց տալ Իր ողորմությունը։
Վերադառնանք աշակերտներին։ Նրանք մենակ թողեցին Տիրոջը տառապանքների ժամանակ և իրենց մեղավոր էին զգում։ Բայց, հանդիպելով նրանց՝ Հիսուսը երկար քարոզներ չի կարդում։ Նրանց, ովքեր ներքին վիրավորանք ունեին, Նա ցույց է տալիս Իր վերքերը։ Թովմասը կարող է դիպչել վերքերին ու զգալ սերը, նա իմանում է, թե որքան ուժգին է տառապել Հիսուս իր համար, ի՛ր, որ լքել էր Նրան։ Այդ վերքերով նա դիպչում է Աստծո քնքուշ մտերմությանը։ Ընդունելով ողորմությունը՝ ուշացած Թովմասը գերազանցում է մյուս աշակերտներին․ նա հավատում է ոչ միայն հարությանը, այլ՝ նաև Աստծո անսահման սիրուն։ Եվ նա կատարում է ամենապարզ ու գեղեցիկ հավատքի վկայությունը․ «Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ»։ Հենց սա՛ է աշակերտի հարությունը․ դա տեղի է ունենում, երբ նրա փխրուն ու վիրավորված մարդկային էությունը դիպչում է Հիսուսի մարդկայնությանը։ Հենց այստե՛ղ են փարատվում կասկածները, այստե՛ղ է Աստված դառնում իմ Աստվածը, այստեղ է մարդը սկսում նորից ընդունել ինքն իրեն ու սիրել սեփական կյանքը։
Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, մեր փորձության մեջ մենք նույնպես, ինչպես Թովմասը, խոցելի դարձանք՝ մեր վախերի ու կասկածների պատճառով։ Մենք կարինքն ունենք Տիրոջ, որ մեր մեջ տեսնում է ոչ միայն թերություններ, այլ՝ նաև բացառիկ գեղեցկություն։ Նրա հետ մենք կրկին բացահայտում ենք, որ մենք թանկագին ենք՝ մեր թերություններով հանդերձ։ Բացահայտում ենք, թե ինչքա՜ն ենք նման գեղեցիկ բյուրեղներին՝ փխրուն և միաժամանակ թանկարժեք: Եթե մենք բյուրեղի նման թափանցիկ լինենք Նրա առաջ, ապա Նրա ողորմության լույսը կշողշողա մեր մեջ և մեր միջոցով՝ ամբողջ աշխարհում։ Այդ պատճառով, ինչպես ասված է Պետրոս առաքյալի ուղերձում, մենք պետք է ուրախանանք, «նույնիսկ՝ եթե հիմա ինչ-որ ժամանակ տառապում ենք տարբեր փորձությունների մեջ» (1 Պետ. 1,6):
Աստծո Ողորմության այս տոնին ամենագեղեցիկ ավետիսը գալիս է այն աշակերտից, ով վերջինն էր եկել։ Միայն նա՝ Թովմասը, չէր եղել մյուսների հետ։ Սակայն Տերը սպասու՛մ էր նրան։ Ողորմությունը չի թողնում նրանց, ովքեր հետ են մնում։ Հիմա, երբ մենք մտածում ենք համաճարակի դանդաղ ու դժվար ընթացքի մասին, ի հայտ է գալիս հենց այդ վտանգը՝ մոռանալ նրանց, ովքեր հետ են մնացել։ Կա սպառնալիք, որ մեզ կխոցի էլ ավելի վտանգավոր մի վիրուս՝ եսասեր անտարբերության վիրուսը։ Դա փոխանցվում է այն գաղափարից, որ կյանքը կբարելավվի, եթե այն բարեկեցիկ դառնա ի՛նձ համար, որ ամեն ինչ լավ կլինի, եթե ամեն ինչ լավ լինի միա՛յն ինձ համար։ Մենք դրանից ենք սկսում, ապա մարդկանց միջև ընտրություն ենք անում՝ մերժելով աղքատներին, առաջընթացի խորանին զոհաբերելով նրանց, ովքեր ետ են մնում։ Սակայն ներկայիս համաճարակը հիշեցնում է, որ տառապողների միջև չկան տարբերություններ ու սահմաններ։ Մենք բոլորս էլ հավասարապես խոցելի ենք, բոլորս էլ հավասար ենք, բոլորս էլ թանկագին ենք։
Այն, ինչ տեղի է ունենում մեզ ցնցում է ներքնապես․ եկել է անտարբերությունը վերացնելու և անարդարությունը բուժելու ժամանակը, որը վնասում, քայքայում է համայն մարդկության առողջությունը։ Եկե՛ք սովորենք վաղ քրիստոնեական հասարակությունից, որը նկարագրված է Գործք Առաքելոց գրքում։ Այն ողորմություն ստացավ և ապրեց ողորմությամբ․ «Հավատացյալները ամենքը միասին էին, և ինչ-որ ունեին, հասարակաց էր։ Նրանք վաճառում էին իրենց կալվածքներն ու ինչքերը և բաժանում էին բոլորին՝ ում ինչ-որ պետք լիներ» (Գրծք 2, 44-45)։ Սա գաղափարախոսություն չէ, այլ՝ քրիստոնեությունն է։
Հիսուս Քրիստոսի Հարությունից հետո առաքյալների համայնքում միայն մեկը ետ մնաց խմբից․ մյուսները նրան էին սպասում։ Ներկայումս, կարծես, ամեն ինչ ճիշտ հակառակն է․ մարդկության մի փոքր մասն է առաջ ընթացել, այն դեպքում, երբ մեծամասնությունը հետևում է մնացել։ Ամեն ոք կարող է ասել․ «դրանք բարդ խնդիրներ են, ես չէ որ պետք է խնամեմ կարիքավորներին, նրանց մասին պետք է մտածեն ուրիշները»։
Հիսուսի հետ հանդիպումից հետո Սբ․ Ֆաուստինան գրեց հետևյալը․ «Տառապող հոգու մեջ մենք պետք է տեսնենք խաչված Հիսուս Քրիստոսին, այլ՝ ոչ թե մի ձրիակերի։ Տե՛ր, Դու մեզ տալիս ես հնարավորություն՝ հմտանալու ողորմության գործերի մեջ, բայց մենք հմտանում ենք դատելու մեջ» (Օրագիր, 6 սեպտեմբերի 1937թ.)։
Բայց մի անգամ Սրբուհի Ֆաուստինան ինքը գանգատվեց Հիսուսին, որ ողորմած մարդիկ դառնում են միամիտ, դյուրահավատ։ Նա հարցրեց․ «Տե՛ր, իսկ եթե իմ բարությունը հաճախ չարաշահվու՞մ է»։ Հիսուս պատասխանում է․ «Դու՛ստր իմ, թող դա քեզ չհետաքրքրի, դու միշտ ողորմած եղիր բոլորի հանդեպ» (24 դեկտեմբերի 1937թ․)։ Հենց բոլորի նկատմամբ․ եկե՛ք չմտածենք միայն մեր սեփական շահերի, անձնական նպատակների մասին։ Եկե՛ք այս փորձության մեջ վաղվա օրվան պատրաստվելու հնարավորություն տեսնենք՝ առանց որևէ մեկին մերժելու, բոլորի համար: Որովհետև առանց ընդհանուր տեսլականի՝ ոչ ոք ապագա չի ունենա:
Այսօր Հիսուսի անզեն ու անպաշտպան սերը վերակենդանացնում է աշակերտի սիրտը։ Ուրեմն, եկե՛ք, ինչպես Թովմաս առաքյալը, այնպես էլ մենք ընդունենք ողորմությունը, աշխարհի փրկությունը։ Լինե՛նք ողորմած նրանց նկատմամբ, ովքեր տկար են․ միայն այդպե՛ս մենք կկառուցենք նոր աշխարհ։
Վատիկան Նյուզ, թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյան
Սրբագրեց՝ Տ. Հովսեփ