• «Համաճարակը մեզ արթնացնում է ամենակարող լինելու պատրանքից». Հ. Քանթալամեսա

    «Հաճախ Աստված մեզ հետ հենց այսպես է վարվում․ Նա խախտում է մեր ծրագրերը և հանգիստը, որպեսզի մեզ փրկի անդունդից, որը մենք չենք նկատում»


    Ապրիլի 10-ին՝ Ավագ Ուրբաթ օրը, Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը Սուրբ Պետրոսի տաճարում գլխավորեց Տիրոջ Չարչարանքների հիշատակության հանդիսավոր աղոթքը։ Ըստ ավանդույթի՝ քարոզը կարդաց պապական տան քարոզիչ Հ. Ռանիերո Քանթալամեսան։

     

    Քարոզիչն իր խորհրդածությունը սկսեց Սուրբ Գրիգոր Մեծի խոսքերով․ «Սուրբ Գիրքը աճում, զորանում է նրանց հետ, ովքեր Այն կարդում են», որը տալիս է նորանոր մտքեր կախված՝ այն հարցերից, որոնք մարդը կրում է իր սրտում։ Այսօր մենք կարդում ենք Տիրոջ չարչարանքների պատմությունը՝ մի հարցով մտահոգված, ավելին՝ աղաղակ ենք առաքում առ Աստված և կարող ենք նշմարել Աստծո պատասխանը, որը մեզ տրված է այսօրվա Խոսքում։

     

    Այն, ինչի մասին մենք հենց նոր լսեցինք, դա աշխարհում երբևէ տեղի ունեցած մեծագույն չարիքն է։ Քարոզիչը հավատացյալների ուշադրությունը հրավիրեց հետևյալ կետի վրա․

     

    «Քրիստոսի Խաչը փոխեց մարդկային ցավի և տառապանքի իմաստը. լինի դա ֆիզիկական, թե՝ բարոյական։ Ցավը դադարեց պատիժ և անեծք լինելուց: Ցավն արմատապես քավվեց սկսած այն պահից, երբ Աստծո Որդին այն Իր վրա վերցրեց։ Ո՞րն է ամենահուսալի ապացույցը, որ քեզ մատուցված ըմպելիքը թունավորված չէ։ Եթե քեզ մատուցողը՝ քո իսկ ներկայությամբ, խմում է հենց նույն գավաթից։ Աստված այդպես էլ արեց Նա ամբողջ աշխարհի առջև՝ Խաչի վրա, խմեց տառապանքի գավաթը և խմեց մինչև վերջին կաթիլը։ Դրանով Նա ցույց տվեց, որ այն թունավորված չէ և, որ նրա հատակում մարգարիտ կա։ Դա ոչ միայն նրանց ցավն է, ովքեր հավատք ունեն, այլ, առհասարակ, մարդկային ցավն է։ Նա մահացավ բոլորի համար։ «Երբ Ես բաձրանամ երկրից, ամենքին դեպի ինձ կձգեմ» (Հովհ 12, 32)։ Բոլորին, այլ՝ ոչ թե ոմանց»։

     

    Մենք պետք է ուշադրություն դարձնենք ոչ թե պատճառների, այլ՝ հետևանքների վրա, սակայն ոչ միայն բացասական հետևանքների, որոնց մասին տեղեկանում ենք լուրերից, այլ նաև՝ դրական, ասաց պապական քարոզիչը՝ խորհրդածելով ներկայիս ողբերգական իրավիճակի մասին, որը հիմա մենք բոլորս ապրում և զգում ենք։ Կորոնավիրուսի համաճարակը հանկարծ մեզ արթնացրեց յուրաքանչյուր մարդու և համայն մարդկությանը՝ ի դեմս ամենամեծ սպառնալիքի, որը ամենակարող լինելու պատրանքն էր, – պարզաբանեց Հ. Քանթալամեսան։ Մենք մահկանացու ենք, և ոչ մի ռազմական կամ տեխնիկական ուժ չի կարող փրկել մեզ։

     

    Հ. Քանթալամեսան պատմեց նկարիչ Ջեյմս Թորնհիլի մասին, ով պատկերազարդել է Լոնդոնի Մայր տաճարը։ Մի անգամ նա մեծ բավականությամբ հիանում էր իր որմնանկարներից մեկով և տեղաշարժվում փայտամածով՝ այն լավ զննելու համար՝ չնկատելով, որ կարող է վայր ընկնել։ Նրա օգնականը՝ սարսափահար եղած, վախենում էր ձայն տալ նկարչին, քանզի հասկանում էր, որ բղավոցը միայն կարագացնի ողբերգությունը, և մի պահ մտածելուց հետո՝ վրձինը թաթախեց ներկի մեջ ու շպրտեց դեպի որմնանկարի միջնահատվածը։ Ապշած ուսուցիչը մի կողմ քաշվեց և փրկվեց, չնայած որ նրա որմնանկարը վնասվեց։

     

    «Հաճախ Աստված մեզ հետ հենց այսպես է վարվում Նա խախտում է մեր ծրագրերը և հանգիստը, որպեսզի մեզ փրկի անդունդից, որը մենք չենք նկատում։ Սակայն պետք է զգուշանալ խաբեությունից կորոնավիրուսի վրձինը Աստծո կողմից չի շպրտվել մեր հպարտ տեխնոլոգիական քաղաքակրթության որմնանկարի վրա։ Աստված մե՛ր դաշնակիցն է, ոչ թե՝ վիրուսինը»։

     

    Աստված տառապում է մեզ հետ, ինչպես ցանկացած մայր, ինչպես ցանկացած հայր։ Եվ երբ մենք դա հասկանանք, ապա կամաչենք մեր կյանքի ընթացքում Նրա հասցեին արած բոլոր մեղադրանքների համար։

     

    «Մի՞թե Հայր Աստվածը Իր Որդու համար խաչի մահ էր ցանկանում, որպեսզի դրանից բարիք հաներ։ Ո՛չ։ Նա պարզապես թույլ տվեց մարդկային ազատությանը՝ անցնել սեփական ճանապարհը՝ այն, սակայն, ենթարկելով Իր ծրագրին, այլ՝ ոչ թե մարդկանց»։

     

    Սա հենց այն է, որը ոմանք անվանում են պատահականություն, իսկ Աստվածաշունչն անվանում է «Աստծո իմաստություն»։

     

    Այսպիսով, որո՞նք են ներկայիս ճգնաժամի դրական պտուղները։ Մենք մոռացել ենք պատի կառուցման մասին։ «Վիրուսը սահմաններ չի ճանաչում, – ընդգծեց քարոզիչը, – և պետք չէ ետ վերադառնալ, երբ այս ամենը վերջանա։ Ինչպես Նորին Սրբությունն է հորդորում, չի կարելի նման հնարավորությունը բաց թողնել»։

     

    Հայր Քանթալամեսան շարունակեց․ «Վերջ տալ սպառազինությունների մրցավազքին: Այս մասին բարձր բղավե՛ք, հատակապես դու՛ք՝ երիտասարդներդ, քանի որ առաջին հերթին ձեր ճակատագիրն է որոշվում։ Սպառազինության համար նախատեսված անսպառ ռեսուրսները հատկացնե՛նք առողջապահության, հիգիենայի, պարենի արտադրության, աղքատության դեմ պայքարի,  արարչագործությունը պահպանելու համար»։

     

    Ի՞նչ անենք փորձության ժամանակ։ «Աստծո Խոսքն ասում է․ Առաջին բանը, որ մենք պետք է անենք այսպիսի պահերին, Աստծուն աղաղակե՛լն է»,- ընդգծեց քարոզիչը:

     

    «Մի՞թե Աստծուն հաճելի է, որ մենք Նրան աղաչում ենք մեզ արժանացնել Իր ողորմությանը։ Մի՞թե մեր աղոթքները կարող են ստիպել Աստծուն փոխել Իր ծրագրերը։ Ո՛չ։ Սակայն կան բաներ, որոնք Աստված որոշել է մեզ ընծայել՝ որպես Իր շնորհի և մեր աղոթքների պտուղներ»։

     

    Այդ պահին զգում ենք, որ մեզ խայթել է անտեսանելի թունավոր օձը․

     

    «Եկե՛ք նայենք Նրան, Ով հանուն մեզ Խաչը բարձրացվեց։ Նրան խոնարհվենք մեր և համայն մարդկության համար։ Նա, ով Նրան հավատով նայի, ապա չի մահանա, սակայն եթե անգամ մահանա, ապա միայն՝ հավիտենական կյանք մտնելու համար»։

     

    Պապական տան քարոզիչն իր խոսքն ավարտեց Հիսուս Քրիստոսի կանխասացությամբ․ «Երեք օրից հարություն պիտի առնեմ» (Մտթ․  27, 63)։

     

    «Հուսալով, որ այս օրերը կարճ կլինեն, մենք ևս հարություն կառնենք և դուրս կգանք մեր գերեզմաններից, որոնք այսօր դարձել են մեր տները: Ոչ թե Ղազարոսի նման նախկին կյանքին վերադառնալու համար, այլ՝ ինչպես Հիսուսը, նո՛ր կյանքով ապրելու համար, որն առավել եղբայրական, առավել մարդկային, առավել քրիստոնեական կյանք է»։

     

    Վատիկան Նյուզ, թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը

     

Օրացույց

Օրացույց