• Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանի քարոզը՝ Ծաղկազարդի տոնին

    Մի՛ վախեցեք. աղ՛ոթք, աղո՛թք, աղո՛թք


    Ծաղկազարդի տոնական Սուրբ Պատարագը Առաջնորդ Հայր Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանը մատուցեց Երևանի Սբ. Գրիգոր Նարեկացի ժողովրդապետության մատուռում, առընթերակայությամբ Հոգշն. Հ. Նարեկ Վրդ. Մնոյանի եւ ներկայությամբ Հոգշն. Հ. Մաշտոց Վրդ. Զահթերյանի, Հոգշն. Հ. Պետրոս Վրդ. Մարաշլյանի եւ Արժ. Տ. Կոմիտաս Քհն. Դավեյանի: Իսկ հավատացյալներին Սուրբ Պատարագին հետևելու հնարավորություն էր ընձեռնված համացանցային ուղիղ հեռարձակմամբ:

     

    Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանի քարոզը

     

    «Սիրելի՛ եղբայրներ ու քույրեր,

     

    Անտարակույս, մեզ համար աննախադեպ մի երևույթ է,  որ այսօր մենք միասին միայն հոգևորականներով շրջապատված՝  Սուրբ Պատարագ ենք մատուցում այս Եկեղեցու մեջ, ուր այսպիսի օրերին լեցուն էր բազմաթիվ հավատացյալ ժողովրդով՝ տոնելու համար Հիսուս Քրիստոսի Գալուստը։

    Անշուշտ, թույլ տվեք ինձ, որ այս Սուրբ Խորանից կարողանամ մոտենալ և մտնել ձեր տները, ձեր սենյակները և զրուցել միասին, աղոթել միասին Քրիստոսի Գալստյան ուրախությունը։

    Հիսուս Քրիստոսը ինչպես անցյալում ֆիզիկապես եկավ այս աշխարհ, այսօր ֆիզիկապես Սուրբ Հաղորդությամբ մեր մեջն է և այսօր, որ դուք բացակա եք և չեք կարող ֆիզիկապես ընդունել Սուրբ Հաղորդությունը ձեր մեջ, ապա ես ձեզ հրավիրում եմ, որպեսզի Այն ընդունեք՝ հոգեպես։

    Այս օրերին շատերն ասում են, որ շատ հավանական է, որ սա ժանտախտի նման մի հիվանդություն է, որն ամեն հարյուր տարին մեկ պատահում  է երկրագնդի վրա, թերևս, բայց սա ո՛չ Աստծո պատիժն է և ո՛չ էլ բնության վրեժը։ Այս չարը՝ մարդկանց գործն է։

    Վստահ եմ, որ հիշում եք Սուրբ Ավետարանից որոմների առակը․

    Երկնքի արքայութիւնը նմանուեց մի մարդու, որ իր արտի մէջ բարի սերմ սերմանեց: Եւ երբ մարդիկ քնի մէջ էին, նրա թշնամին եկաւ եւ ցանած ցորենի վրայ որոմ ցանեց ու գնաց: Եւ երբ ցորենը բուսաւ ու պտուղ տուեց, ապա երեւաց եւ այն որոմը: Տանտիրոջ ծառաները մօտեցան ու ասացին նրան. «Տէ՛ր, չէ՞ որ քո արտի մէջ դու բարի սերմ սերմանեցիր, ուրեմն որտեղի՞ց է այդ որոմը»: Եւ տէրն ասաց նրանց. «Թշնամի մարդ է արել այդ»: Ծառաները նրան ասացին. «Կամենո՞ւմ ես, որ գնանք ու քաղենք հանենք այն»: Եւ տէրը նրանց ասաց. «Ո՛չ, մի գուցէ որոմը քաղելիս, ցորենն էլ նրա հետ արմատախիլ անէք: Թողէ՛ք, որ երկուսն էլ միասին աճեն մինչեւ հունձը, եւ հնձի ժամանակ ես հնձողներին կ՚ասեմ՝ նախ այդ որոմը քաղեցէ՛ք եւ դրանից խուրձեր կապեցէ՛ք այրելու համար, իսկ ցորենը հաւաքեցէ՛ք իմ շտեմարանների մէջ» (Մտթ. 13, 24-30):

    Սիրելի՛ հավատացյալներ, եղբայրներ, քույրեր, մի վախեցե՛ք։

    Մի վախեցե՛ք այն թշնամիներից, որոնք աշխատում են Եկեղեցին անգամ ծնկի բերել, հեռացնել ձեզ Սուրբ Հաղորդության խորհրդից՝ Քրիստոսի ներկայությունից։

    Մի վախեցե՛ք, որովհետև Ավետարանում Հիսուսի բերանով անգամ ասվում է․ «Դժոխքի դռներն անգամ պիտի չկարողանան հաղթահարել Եկեղեցուն»։

    Ուր էլ, որ լինեք, որ վիճակի մեջ էլ, որ լինեք, իմացե՛ք, որ այս օրը և այս պահը սրտանց ձեզ հետ եմ և այս Սուրբ Խորանից աղոթում ենք ձեզանից ամեն մեկի դիտավորությամբ․ առողջները՝ առողջ մնան, հիվանդները՝ բուժվեն, ծերերը՝ տոկան, երիտասարդները՝ հաղթեն, մանուկները աճեն խաղաղության և սիրո մեջ։

    Այս ալիքը, այս ժանտախտը կանցնի, բայց Եկեղեցին կմնա, դո՛ւք կմնաք և կհաղթեք այս բոլոր դժվարությունները։ Մեր կյանքի ընթացքը այս աշխարհում ուրիշ բան չէ, եթե ոչ այս բոլոր ալիքների միջով անցնելով մենք ավելի կզօրանա՛նք և ավելի կմիանա՛նք մեր Տեր Աստծուն։ Եվ, սակայն ձեզ պիտի հիշեցնեմ՝ աղո՛թք, աղո՛թք, աղո՛թք։

    Ուր էլ, որ լինեք, որ վիճակի մեջ էլ, որ գտնվեք․ աղոթե՛ք առ Աստված, որպեսզի այս ժանտախտից շուտով ազատվենք։

    Եվ ձեզ ասեմ, թե ինչ է նշանակում աղոթքի ուժ։

    Վստահ եմ, որ բոլորդ էլ գիտեք Հերոսիմայի պատմությունը, որտեղ առաջին ատոմային ռումբը նետեցին։ Այնտեղ կար մի եկեղեցի և երբ ամբողջ քաղաքը կործանելուց հետո, օդանավներ են ուղարկում տեսնելու համար տարածքը և վնասը, որ հարցրեց ռումբը, տեսնում են հանկարծ, որ մարդիկ շրջում են եկեղեցու շուրջը։ Հետապնդելով այս մարդկանց նրանք տեսնում են, որ այս մարդկանց վրա ընդհանրապես ոչ մի ազդեցություն չկար այդ ռումբից նրանց վրա։ Նրանք այդ մարդկանց հարցնում են, թե ինչպես պատահեց, որ ձեզ ոչ մի բան չի եղել, իսկ այդ մարդիկ պատասխանում են․ «Երբ ռումբը պայթեց, ձայնը լսեցինք, մենք աղոթում էին եկեղեցու մեջ, դուրս եկանք, տեսնելու համար թե ինչ է կատարվել և տեսանք այս բոլոր կործանումը»։

    Տարիներով հետապնդեցին այդ կրոնավորներին տեսնելու համար թե ատոմային ռումբը ազդեցություն ունեցել է իրենց մարմնի վրա։

    Սա հրաշք է․․․, բայց ինչի՞ հրաշք է։ Սա աղոթքի ուժի և աղոթքի զորության հրաշքն է։ Եվ մանավանդ՝ Վարդարանի աղոթքի։

     

    Վարդարանի աղոթքը ուղղակի մեր Աստվածամոր կողմից մեզանից խնդրված է։ Ինչպես Ավետարանից վերցնում ենք Քրիստոսի պատգամը, այնպես էլ Վարդարանից վերցնում ենք Աստվածամոր պատգամը և խնդրանքը։

     

    Եվ դուք շատ լավ գիտե՛ք այն Անձին, այն մեծ Բարերարին՝ Տեր Հիսուս Քրիստոսին, որին պաշտում ենք, ուրեմն՝ եթե Իր մորը նույնպես հարգենք, ապա Տերն առատաձեռն կլինի իր պարգևներով ու շնորհներով:

     

    Գրի առավ՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց