• Լայն բացենք մեր սրտերի դռները. Ծաղկազարդի Սբ. Պատարագը՝ Գյումրիի Սրբոց Նահատակաց եկեղեցում

    «Օր­հ­նու­թի՜ւն Դաւ­թի Որ­դուն, օր­հ­նեա՜լ է նա, որ գա­լիս է Տի­րոջ անու­նով, օր­հ­նու­թի՜ւն բար­ձունք­նե­րում» (Մատթ. 21:9):


    Կիրակի, 5 ապրիլ, 2020 թուական, ժամը՝ 10:30-ին Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցուեց Գյումրու Սրբոց Նահատակաց Հայ Կաթողիկէ Առաջնորդանիստ Եկեղեցւոյ մէջ, ձեռամբ՝ Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի, առընթերակայութեամբ՝ Տէր Գրիգոր Աւագ Քհնյ. Մկրտչեանի եւ Տէր Նարեկ Քնյ. Թադեւոսեանի եւ մասնակցութեամբ՝ Տէր Սահակ Քհնյ. Աղեկեանի:

     

    Սիրելի՛ եղբայրներ եւ քոյրեր ի Քրիստոս,

     

    Այսօր Հայոց Եկեղեցին տօնում է Ծաղկազարդը կամ, ինչպէս ժողովրդի մօտ է ընդունուած ասել՝ Ծառզարդարը: Մեծ Պահքի վերջին կիրակին յիշատակում ենք մեր Տէր Յիսուս Քրիստոսի յաղթական մուտքը Երուսաղէմ:

     

    Յիսուս ուզեց երկրային կեանքի վերջին օրերն ապրել իր աշակերտների հետ եւ խրախուսել նրանց, որպէսզի կարողանան գալիք դժուար ու փոթորկալից օրերին յաղթանակել, ուստի, նրանց խոստացաւ ասելով. «Ես ձեզ հետ եմ մինչեւ աշխարհի վախճանը»:

     

    Այսօր Քրիստոսի հանդիսաւոր մուտքն է Երուսաղէմ՝ գիտակից մուտքը, որ Նա պէտք է չարչարուի, խաչուի, ապա՝ երրորդ օրը յարութիւն առնի մեր փրկութեան համար, մարդկային ցեղի համար, վերցնելով մարդկութեան բոլոր մեղքերը:

    Երուսաղէմից սկիզբ առաւ փրկագործութեան ծրագիրը Աստուծոյ արարածների հանդէպ եւ Դաւիթ մարգարէն իր սաղմոսների մէջ ասում է. «Սա է օրն այն, որ Տէրը ստեղ­ծեց. եկէք ցն­ծա՛նք եւ ու­րա­խա­նանք այ­ս­օր» (Սաղմ. 117:24): Եւ, Երուսաղէմի ժողովուրդը, ծերերը, երիտասարդները եւ մանուկները «ոստովք եւ ձիթենէօք» դիմաւորեցին թագաւորին թագաւորաց՝ երգելով սաղմոսները. «Ով­սան­նա՜ Բարձրեալին, օր­հ­նեա՜լ լի­նի նա, որ գա­լիս է Տի­րոջ անու­նով. օր­հ­նեա՜լ լի­նի մեր հօր՝ Դաւ­թի թա­գա­ւո­րու­թիւ­նը, որ գա­լիս է: Խա­ղա­ղու­թի՜ւն եր­կն­քում եւ փա՜ռք բարձունքներում» (Մարկ. 11:9-10): Այդ նոյն Երուսաղէմի ժողովուրդը, որ առանձնակի պատիւներով եւ խանդավառ հանդիսաւորութեամբ դիմաւորեցին մեր Տիրոջը, ահա՝ օրեր անց, միաձայն խնդրում էին Պիղատոսին. «Թող խա­չուի՛» (Մատթ. 27:23): Ի՜նչ յուսախաբ եւ ուրացող մարդկութիւն…

     

    Յիսուս Քրիստոս՝ Աստուծոյ Որդին, Հայր Աստուծոյ Գառը, համբերութեամբ եւ հեզութեամբ տանում էր բոլոր նախատինքները, որպէսզի իրականանան Եսայի մարգարէի խօսքերը. «Ինչ­պէս ոչ­խար՝ նա մոր­թուե­լու տա­րուեց եւ ինչ­պէս գառ՝ անմռունչ կան­գ­նած է խու­զո­ղի առաջ եւ նրա նման իր բե­րա­նը չի բա­ցում» (Եսայի 53:7):

     

    Յիսուս ողբաց Երուսաղէմը, ասելով. «Երու­սա­ղէ՜մ, Երու­սա­ղէ՜մ, որ կո­տո­րում էիր մարգա­րէ­նե­րին եւ քար­կո­ծում էիր քեզ մօտ ու­ղար­կուած­նե­րին. քա­նի՜ ան­գամ կա­մե­ցայ հա­ւա­քել քո մա­նուկ­նե­րին, ինչ­պէս հաւն է հա­ւա­քում իր ձա­գե­րին թե­ւե­րի տակ, բայց չկա­մե­ցաք» (Մատթ. 23:37):

     

    Հրէաները բազմիցս ցանկանում էին բռնել եւ սպաննել Յիսուսին, սակայն Նա խուսափում էր, որովհետեւ դեռ իր ժամը չէր հասել: Իսկ այսօր, ժամը հասաւ, ինքնակամ եկաւ Երուսաղէմ՝ չարչարանքների վայրը, որպէսզի իր յաղթական մահով եւ հրաշափառ յարութեամբ փրկի համայն աշխարհը:

    Սիրելի՛ քոյրեր եւ եղբայրներ ի Քրիստոս, ձեզ հրաւիրում եմ, Աւագ շաբաթուայ ընթացքին (Ծաղկազարդի տօնից յետոյ՝ Երկուշաբթիից մինչեւ Սուրբ Յարութիւն՝ Աւագ շաբաթ) ուղիղ եթերով եւս առաւել մասնակիցը լինէք Յիսուսի կեանքի վերջին դրուագներին, որպէսզի ներքուստ վերանորոգուէք եւ լաւագոյնս պատրաստուէք Քրիստոսի Հրաշափառ Յարութեան տօնին:

     

    Ուստի, եկէ՛ք մենք էլ Ծաղկազարդի այս տօնին լայն բացենք մեր սրտերի դռները Քրիստոսի դիմաց, նրա ոտքերի առջեւ փռենք մեր հին զգեստները, այսինքն՝ մեր մեղքերը, հոգսերը եւ առօրեայ դժուարութիւնները, որպէսզի մեր Տէրը՝ խաղաղութեան իշխանը, վերանորոգի մեր հոգիները, ծաղկազարդի մեր կեանքը, առաջնորդի մեզ դէպի խաղաղութեան նաւահանգիստը: Պօղոս Առաքեալը Փիլիպեցիներին ուղղուած թուղթի մէջ ասում է. «Եւ Աստ­ծոյ խաղաղու­թիւ­նը, որ վեր է, քան ամե­նայն միտք, պի­տի պա­հի ձեր սր­տե­րը եւ մտածումները Քրիս­տոս Յի­սու­սով» (Փիլիպ. 4:7):

     

    Այսօր Կաթողիկէ Ընդհանրական Եկեղեցին տօնում է նաեւ «Երիտասարդութեան Համաշխարհային Օրը»: Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը «Քեզ եմ ասում, ո՛վ պա­տա­նի, վե՛ր կաց» (Ղուկ. 7:14) խորագրով իր 35-րդ ուղերձում գրում է երիտասարդներին. «Ոտքի կանգնել նշանակում է երազել, վտանգել, գործել աշխարհը փոխելու համար, նշանակում է վերստին վառել երազանքները, քանզի բազմաթիւ երիտասարդների դէմքերը պիտի առոյգանան, կենսունակ եւ աւելի գեղեցիկ դառնան»:

     

    Այսօր ՄԱԿ-ը (Միաւորուած Ազգերի Կազմակերպութիւնը) հրաւիրում է նշելու խղճի միջազգային առաջին օրը: Մարդ արարածը օժտուած է բանականութեամբ եւ խղճով… հետեւաբար, բոլոր մարդիկ պէտք է գործեն միմեանց նկատմամբ եղբայրութեան ոգով… (Մարդու իրաւունքների ընդհանուր հռչակագիր), ուստի, ընդունենք ՄԱԿ-ի հրաւէրը լրջութեամբ եւ իրական յանձնառութեամբ՝ փորձենք լինել նորը, սկիզբ դնել մի նոր, տարբերուող եւ դրական ուղու: Այդ իսկ պատճառով, մենք ձեզ հրաւիրում ենք միանալ խղճի միջազգային առաջին օրուան, որպէսզի բոլորս միասին գտնենք ճիշտ ճանապարհը, սթափուենք եւ տեղ բացենք մեր խղճի համար… խիղճը մարդու ուղեցոյցն է:

     

     

    Սիրելինե՛ր, եկէք միասնաբար աղօթք բարձրացնենք առ Աստուած՝ աշխարհի տարբեր ծագերում այս համաճարակից մահացած մեր քոյրերի եւ եղբայրների հոգիների հանգստութեան համար, հայցենք Ամենակալ Տիրոջ ողորմածութիւնը Քորոնա ժահրով տառապող բոլոր հիւանդների շուտափոյթ ապաքինման համար, խնդրենք, որ առողջ մարդիկ չհիւանդանան, թող որ Տէրը ոգու ամրութիւն եւ տոկունութիւն պարգեւի օր ու գիշեր իրենց անխոնջ ծառայութիւնը մատուցող կառավարութեան անդամներին, հանրային ծառայողներին, եւ, ի հարկէ՝ մեր բժիշկներին ու բուժաշխատողներին, ովքեր իրենց կեանքն են վտանգում յանուն այլոց կեանքերի փրկութեան:

    Բարի Ծաղկազարդ համայն հայութեան: Ամէն:

     

    Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեան

    Փանիկի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ Ժողովրդապետ,

    Հայաստանի Հայ Կաթողիկէ Երիտասարդաց միութեան նախագահ

     

    05.04.2020թ.

     

Օրացույց

Օրացույց