• «Երանի՛ սրտով մաքուրներին». Ն. Ս. Ֆրանցիսկոսի խորհրդածությունը

    Անհրաժեշտ է սիրտն ազատել պատրանքներից


    Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը ապրիլի 1-ի ընդհանուր ուկնդրության ժամանակ շարունակեց Երանության պատվիրանների մասին զրույցը՝ խորհրդածելով «Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն»։

     

    Ներկայացնում ենք Սրբազան Քահանայապետի քարոզի ամբողջական տեքստը։

     

    Սիրելի եղբայրնե՜ր և քույրե՜ր,

     

    «Այսօր մենք միասին կկարդանք Երանության վեցերորդ պատվիրանը, ըստ որի՝ մաքուր սիրտ ունեցողները պետք է տեսնեն Աստծուն։

     

    Սաղմոսն ասում է․ «Լսի՜ր ձայնն իմ, Տե՜ր, քանզի քեզ կանչեցի, ողորմի՜ր ինձ և ակա՜նջ դիր, քանզի սիրտն իմ քեզ դիմեց, և հայացքն իմ փնտրեց, փնտրեց քո երեսը, Տե՜ր» (Սղ․ 26, 7-8)։

     

    Այս խոսքերն արտացոլում են Աստծո հետ անձնական փոխհարաբերությունների փափագը՝ ոչ թե մեխանիկական կամ թեթևակի մշուշոտ, այլ անձնական փոխհարաբերություններ․ անգամ Հոբի Գիրքն է սա անվանում անկեղծ հարաբերությունների նշան։ Հոբի Գրքում ասվում է․ «Սրանից առաջ ես ականջներովս էի լոկ լսել, բայց հիմա աչքերս էլ տեսան քեզ» (Հոբ 42, 5)։ Հաճախ ես կարծում եմ, որ Աստծո հետ մեր փոխհարաբերությունների մեջ  է կայանում մարդու կյանքի ճանապարհը։ Մենք պարզապես լսել ենք Աստծո մասին, սակայն մեր սեփական փորձի շնորհիվ ենք առաջ ընթանում և ի վերջո անձամբ ճանաչում Նրան, եթե, իհարկե, Նրան հավատարիմ ենք մնում։ Հենց սա՛ է հոգևոր հասունությունը։

     

    Ինչպե՞ս հասնել այս մտերմությանը, ինչպե՞ս Նրան ճանաչել։ Որպես օրինակ կարելի է բերել Էմմավուսի աշակերտներին․ «Տեր Հիսուսը նրանց մոտ էր, սակայն նրանց աչքերը բռնված էին, որպեսզի Նրան չճանաչեն» (Ղկ․ 24, 16)։ Ճանապարհի վերջում Տերը կբացի նրանց աչքերը: Ապա այդ ամենը կավարտվի հացի բեկմամբ, սակայն սկզբում Տերը նախատում էր նրանց․ «Ո՛վ անմիտ և թուլասիրտ մարդիկ, որ դժվարանում եք հավատալ այն ամենին, որ ասացին մարգարեները» (Ղկ․ 24, 25)։ Սկզբում նախատինքն էր։ Ահա սա՛ է նրանց կուրության աղբյուրը․ «անմտությունը եւ թուլասրտությունը»։ Անմիտ և թույլ սրտով անհնար է որևէ բան տեսնել․ ամեն ինչ աղոտ, մշուշապատ է երևում։ Երանության այս պատվիրանի իմաստությունը հետևյալն է․ տեսնելու համար նախ պետք է խորասուզվես ինքդ քո մեջ և Աստծո համար տարածություն ազատես ինքդ քո մեջ, քանի որ, ինչպես Երանելի Օգոստինոսն էր ասում, «Դու իմ մեջ ավելի խորն ես, քան իմ խորքերը» (interior imtimo meo, «Խոստովանություն» III 6,11)։ Աստծուն տեսնելու համար պետք չէ փոխել ակնոցները կամ տեսադաշտը, պետք չէ փոխել աստվածաբաններին, ովքեր ցույց են տալիս ճանապարհը. անհրաժեշտ է սիրտն ազատել պատրանքներից և սա է միակ ճանապարհը։

     

    Վերջնական հասունացումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ մենք գիտակցում ենք, որ մեր ամենաոխերիմ թշնամին մեր սրտում է թաքնված։ Ամենաազնիվ մարտը մեր մեղքերը ծնող ներքին խաբեությունների դեմ գոտեմարտն է։ Հենց մեղքերն են փոխում մարդու ներքին աշխարհայացքը, իրերի գնահականը, ստիպում են տեսնել բաներ, որոնք իրական չեն, կամ, գոնե, ամբողջովին իրական չեն։

     

    Ահա, թե ինչու է այդքան կարևոր հասկանալ, թե ինչ է նշանակում «սրտի մաքրություն»։ Ըստ Աստվածաշնչի, դրա համար անհրաժեշտ է հիշել, որ սիրտը բաղկացած է ոչ միայն զգացմունքներից, այլ նաև սիրտը մարդու էության ամենասրբազան վայրն է, ներքին տարածությունը՝ որտեղ մարդը մնում է իր ինքնության մեջ՝ որպես այդպիսին։ Այս ամենը՝ համաձայն աստվածաշնչյան մտածելակերպի:

     

    Մատթեոսի Ավետարանում նաև ասվում է․ «Իսկ եթե քո աչքը պղտոր է, քո ամբողջ մարմինը խավար կլինի» (Մտթ․ 6.23)։ Այդ լույսը սրտի հայացքն է, հեռանկարն է, համադրությունը և կետը, որտեղից մենք կարդում ենք իրականությունը։

     

    Ի՞նչ է նշանակում «մաքուր» սիրտ։ Սրտով մաքուրը ապրում է Աստծո ներկայության մեջ՝ սրտում պահելով այն, ինչն արժանի է Տիրոջ հետ հարաբերություններին․ միայն այդպես նրա կյանքը կարող է լինել ամբողջական, ուղիղ, պարզ, այլ ոչ թե՝ ոլոր-մոլոր։

     

    Մաքուր սիրտը մի գործընթացի արդյունք է, որը ենթադրում է ազատագրում և մերժում։ Սրտով մաքուրը այդպիսին չի ծնվում․ նա ապրում է ներքին «պարզեցում», սովորում է մերժել չարիքն իր մեջ, սովորում է այն ամենը, ինչը Աստվածաշնչի մեջ կոչվում է «սրտի թլպատում»։

     

    Այս ներքին մաքրմամբ մենք ընդունում ենք, որ մեր սրտի մի հատվածը գտնվում է չարի ազդեցության տակ․ ընդունում ենք վատ զգացումների, մտքերի, հայացքների առկայությունը, ընդունում ենք չարով մշուշված վատ հատվածի գոյությունը, որպեսզի թույլ տանք Սուրբ Հոգուն մեզ դաստիարակել ու առաջնորդել։

    Մեղքով պարուրված, հիվանդ, մեղավոր սրտից, որը չի կարողանում տեսնել, դեպի սրտի լիառատ լույսը մեզ տանում է Սուրբ Հոգին։ Հենց Նա է մեզ առաջնորդում, որպեսզի մենք հաղթահարենք այդ ճանապարհը և հենց այդ սրտի ճանապարհով ենք հասնում «Աստվածատեսության»։

     

    Ինչպես Երանության մյուս պատվիրաններում, այս պատվիրանում ևս կա ապագայի չափում, վախճանաբանական չափում, Երկնային Թագավորության խնդություն, դեպի որը մենք գնում ենք։ Բայց կա ևս մեկ չափում․ տեսնել Աստծուն՝ նշանակում է հասկանալ Նախախնամության դիտավորությունները, գիտակցել Նրա ներկայությունը Խորհուրդներում, գիտակցել Նրա ներկայությունը եղբայրների մեջ, հատկապես, աղքատների ու տառապյալների մեջ, ճանաչել Նրան, երբ Ինքն Իրեն հայտնում է։

     

    Երանության այս պատվիրանը ինչ-որ առումով նախորդների պտուղն է, եթե մենք ականջ դնենք մեզանում ապրող բարության փափագին ու գիտակցաբար ապրենք ողորմածությամբ, ապա կսկսվի ազատագրման ճանապարհը, որը կշարունակվի ամբողջ կյանքի ընթացքում և կտանի դեպի Երկինք։ Սա լուրջ աշխատանք է, որը Սուրբ Հոգին է կատարում, եթե, իհարկե, մենք Նրան տեղ ենք հատկացնում, որպեսզի Նա գործի, և բացվում ենք Սուրբ Հոգու գործունեության առջև։ Այսպիսով, մենք կարող ենք ասել, որ Աստծո գործը, Սուրբ Հոգու ներգործությունը մեր մեջ տանում են դեպի մեծ ուրախություն, դեպի ճշմարիտ խաղաղություն, որին մենք հասնում ենք փորձությունների և կյանքի մաքրման միջոցով։ Պետք չէ վախենալ։ Եկե՛ք մեր սրտի դռները բացենք Սուրբ Հոգու առջև, որպեսզի Նա մեզ մաքրագործի ու առաջնորդի դեպի լիակատար ուրախություն։

     

    Վատիկան Նյուզ,

    Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյան

    Սրբագրեց՝ Տ. Հովսեփը

Օրացույց

Օրացույց