«Ցավը, արդարև, կարող է մշտապես վախ առաջացնել, սակայն եթե այն լուսավորված լինի հավատքով ու ապրելով կյանքը՝ որպես հաղորդություն մեր Տիրոջ՝ Խաչեցյալ Հիսուս Քրիստոսի հետ, ապա այդ ցավը կդառնա սեր և ուժ»
15 տարի առաջ՝ 2005թ․ ապրիլի 2-ին, երկրային կյանքից հեռացավ եւ Երկնավոր Հոր տուն վերադարձավ Սուրբ Հովհաննես Պողոս Բ երջանկահիշատակ Քահանայապետը։ Այդպիսով վերջ տրվեց Եկեղեցու պատմության մեջ արձանագրված Սուրբ Պետրոսի հաջորդներից մեկի Քահանայապետության ամենաերկար ժամանակաշրջանին։
2005թ․ ապրիլի 2-ը շատերի մտքում դրոշմված է որպես պատմական մեծ օր։ Սուրբ Քահանայապետը՝ քրիստոնեական վկայությամբ ապրած երկարատև հիվանդությունից հետո, իր հոգին ավանդեց առ Աստված։ Սուրբ Պետրոսի հրապարակ այդ օրը խուժել էին հազարավոր հավատացյալներ, որպեսզի աղոթքով միանային Սուրբ Պետրոսի հաջորդի կյանքի վերջին ժամերին, նախքան Աստծո ձեռքերի մեջ Քահանայապետը առհավետ կավանդեր իր հոգին։
Սուրբ Հովհաննես Պողոս Բ Պապի մահվան 15-րդ տարելիցի առթիվ Ռադիո Վատիկանի և Վատիկան Նյուզի ծրագրերի ընդհանուր փոխտնօրեն՝ Պրն․ Ալեսսանդրո Ջիզոթթին հարցազրույց վարեց Վատիկանի Պետության Քահանայապետի օգնական՝ Կարդինալ Անջելո Քոմասթրիի հետ։ Հարցազրույցի ընթացքում Ծիրանավորը հաստատեց, որ «Սուրբ Հովհաննես Պողոս Բ Քահանայապետը մի հետևողական, համոզված հավատացյալ էր, որի կյանքի ճանապարհը լուսավորված էր հավատքով»։
Ակնարկելով ներկայումս աշխարհը խուճապի մատնող համաճարակի մասին՝ Կարդինալ Քոմասթրին նշեց, որ հասարակությունը պատրաստ չէր այս իրողությանը, քանի որ շատերի մեջ մարել է հավատքը։
«Սուրբ Հովհաննես Պողոս Պապը համոզված էր, որ կյանքը արագ վազքի է նման և պետք է հասնել դեպի Աստծո հետ ողջագուրումի տոնախմբությանը»,-ասաց Ծիրանավորը՝ ընդգծելով, որ «հարկավոր է նաև պատրաստվել այդ տոնախմբությանը, պետք է մի կողմ դնենք մեր եսասիրությունը, որպեսզի կարողանանք ողջագուրել Նրան, որ Սէր է»։
«Հովհաննես Պողոս Բ Պապը կյանքի տառապանքը ապրում էր այս հոգով, և այս պատճառով է, որ նա երբեք չէր կորցնում իր անդորրությունը, քանզի իր աչքի առջև ուներ կյանքի նպատակակետը»․-նշեց Կարդինալ Քոմասթրին՝ անդրադառնալով, որ շատերն այսօր չեն հավատում կյանքի հոգևոր նպատակին։ Եվ այս պատճառով է, որ ցավն ապրում են հուսահատությամբ, որովհետև նրանց աչքերը ցավից այն կողմ բան չեն տեսնում։
Ցավը, արդարև, կարող է մշտապես վախ առաջացնել, սակայն եթե այն լուսավորված լինի հավատքով ու ապրելով կյանքը՝ որպես հաղորդություն մեր Տիրոջ՝ Խաչեցյալ Հիսուս Քրիստոսի հետ, ապա այդ ցավը կդառնա սեր և ուժ, որը կարող է հաղթել աշխարհում գոյություն ունեցող եսասիրությանը։ Սա հնարավոր կլինի այն դեպքում, երբ մենք մեր սիրտը բացենք Հիսուս Քրիստոսի առջև, որովհետև միայն Նա է, որ կարող է ճանաչել մեր ցավը և այն արժևորել»։
Մատնանշելով Սուրբ Հովհաննէս Պօղոս Բ-ի գլխավորած վերջին Ավագ Ուրբաթ օրվա Ճանապարհ Խաչի արարողությանը, երբ Սուրբ Քահանայապետը ուժասպառ եղած ձեռքերի մեջ բռնել էր խաչը ու աչքերը սևեռելով դեպի Հիսուս Քրիստոսը՝ կարծես, խորհում էր. «Տեր Յիսուս ես էլ Քեզ հետ խաչի վրա եմ, բայց գիտեմ, որ Քեզ հետ ինձ սպասում է Հարությունը»։
Կարդինալ Քոմասթրին ընդգծեց, որ «Սրբերն այսպես են ապրում» և մեջբերեց Սուրբ Հովհաննես Պողոս Բ Պապի կարգախոսը․ «Մարիամ՝ ամբողջովին քոնն եմ», ուղղված Աստվածամորը, ում Քահանայապետը վստահել էր իր կյանքն ու քահանայապետությունը և որի հետ կարողացավ ցավը վերածել սիրո առիթի։
Կարդինալ Քոմասթրին հարցազրույցը ավարտեց հետևյալ խոսքերով, որ «Հովհաննես Պողոս Բ Պապը ջանում էր միշտ խաչը վերածել սիրո», այս առիթով ներկայացնելով անձնական կյանքից մի դրվագ, երբ երջանկահիշատակ Քահանայապետը նրան նվիրել էր մի լանջախաչ, ասելով. «Քեզ եմ նվիրում այս խաչը, ջանա՛ այն վերածել սիրո, որովհետև սա՛ է կյանքը լուսավորող իմաստությունը»։
Վատիկան Նյուզ
Ռոբեր Ադդարյան
Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը