«Տերն իմ հովիվն է, և ինձ ոչինչ չի պակասի…»
Մարտի 30-ի առավոտյան Սուրբ Պատարագը Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը սկսեց աղոթքով` բոլոր նրանց համար «ովքեր չեն կարող համակերպվել ներկայիս իրավիճակի հետ, ովքեր վախենում են համաճարակից․ թող Տերն օգնի նրանց բարձրանալ ու դիմակայել՝ հանուն հասարակության բարօրության»։
Իր քարոզը Նորին Սրբությունը սկսեց սաղմոսով․ «Տերն իմ հովիվն է, և ինձ ոչինչ չի պակասի։ Դալար վայրերում նա ինձ բնակեցրեց և հանդարտ ջրերի մոտ ինձ սնուցեց։ Նա կենդանացրեց ինձ, հանուն իր անվան առաջնորդեց ինձ արդարության ճանապարհներով։ Եթե նույնիսկ անցնեմ մահվան ստվերների միջով, չեմ վախենա չարից, քանզի դու, Տե՜ր, ինձ հետ ես։ Քո ցուպն ու գավազանն ինձ կմխիթարեն» (Սղ․ 22, 1-5)։
Հենց սա՛ են զգացել երկու կանայք, որոնց մասին խոսվում է օրվա երկու ծիսական ընթերցումներում․ մեկն անմեղ է՝ անարդարացիորեն զրպարտված, իսկ մյուսը՝ մեղավոր։ Նրանք երկուսն էլ մահվան են դատապարտված։ Եկեղեցու Հայրերը այս աստվածաշնչյան կանանց մեջ տեսնում էին Եկեղեցու կերպարը․ կինը սուրբ է, բայց նրա զավակները մեղավորներ են։
Մարդկային տեսակետից երկու կանայք էլ գտնվում են հուսահատ վիճակում։ Սուսաննայի մասին պատմության մեջ հանդես են գալիս կաշառակեր դատավորները։ Այս կերպարին Հիսուս անդրադառնում է նաև այլ ավետարանական դրվագներում, օրինակ՝ համառ այրու մասին առակում։ Այսօրվա ընթերցման գործող անձանցից են նաև դպիրները, որոնց դժբախտությունը ոչ թե կոռուպցիան էր, այլ՝ կեղծավորությունը։
Երկու կին՝ երկու աստվածաշնչյան կերպարներ, հայտնվել էին կեղծավոր ու անբարոյական մարդկանց ձեռքերում, և այս ծուղակից ելք չկար։ Երկու կանայք գտնվում էին «մահվան հովտում», որի մասին հիշատակվում է սաղմոսում։ Սուսաննան վստահում է Աստծուն, և Աստված միջամտում է։
Երկրորդ կինը, ով իսկապես մեղավոր էր՝ խայտառակված բոլոր ժողովուրդների առաջ, անկասկած, նույնպես աղոթել է, չնայած որ Ավետարանն այդ մասին ոչինչ չի ասում։
Այսպիսով, Տերը փրկում է անմեղ Սուսաննային և ներում է մյուս մեղավոր կնոջը։ Նա պատժում է անարդար դատավորներին, իսկ կեղծավորներին դարձի է բերում՝ հասկացնելով, որ նրանցից ոչ ոք առանց մեղքի չէ։ Նորին Սրբությունն ընդգծեց, որ Հովհաննես առաքյալն այս դրվագը հեգնանքով է պատմում․ «Նա վեր նայեց ու նրանց ասաց․ ձեր միջից անմե՛ղը նախ թող քար գցի դրա վրա։ Եվ դարձյալ ցած նայելով՝ գետնի վրա գրում էր։ Եվ այս լսելով՝ մեկ առ մեկ ելնում գնում էին՝ տարեցներից մինչև փոքրերը»։ Աստված նրանց ապաշխարելու ժամանակ է տալիս, մինչդեռ կոռումպացված դատավորները, որոնց մասին խոսվել է առաջին ընթերցման ժամանակ, չեն ներվել. եթե մեղավորը կարող է ներողություն խնդրել, ապա անբարոյական, կաշառակեր մարդը դրան ունակ չէ, նա ապրում է՝ ամեն օր նորանոր մարդկանց շահագործելով իր նպատակներին հասնելու համար՝ իրեն դնելով Աստծո տեղը։
Կանայք Տիրոջից անպատասխան չեն մնում․ Սուսաննային Նա փրկում է անբարոյական տարեցներից, իսկ մեղավորին ներում է ու ազատում։ Առաջին դեպքում ժողովուրդը փառաբանում է Աստծուն, իսկ երկրորդ դեպքում՝ Աստծուց սովորում է ողորմություն։
«Մեզանից յուրաքանչյուրն ունի իր պատմությունը, – ընդգծեց Սրբազան Քահանայապետը։ – Ամեն մեկն իր մեղքն ունի։ Եթե որևէ մեկը չի հիշում, ուրեմն թող մի քիչ մտածի ու կգտնի։ Փառաբանի՛ր Աստծուն, եթե դրանք հայտնաբերես, քանի որ հակառակ դեպքում դու անբարոյական ես։ Մեզանից յուրաքանչյուրն իր մեղքերն ունի։ Եկե՛ք Տիրոջը նայենք․ Նա իրագործում է արդարություն, սակայն որքա՜ն ողորմած է Նա։ Եկե՛ք չամաչենք այն բանի համար, որ մենք պատկանում ենք Եկեղեցուն․ ավելի լավ է մեր մեղքերի՛ց ամաչենք։ Եկեղեցին Մայր է բոլորի համար։ Եկե՛ք շնորհակալություն հայտնենք Աստծուն, որ մենք մեղավորներ ենք և ոչ թե՝ անբարոյականներ։ Եվ մեզանից յուրաքանչյուրը՝ տեսնելով, թե ինչպես է Հիսուսը վարվում, թող ապավինի Աստծուն և աղոթի մեղքերի թողության համար՝ վստահելով Աստծո ողորմությանը»։
Վատիկան Նյուզ, թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը
Սրբ.՝ Տ. Հովսեփը