«Աղոթք և լուռ ծառայություն․ ահա սա՛ է մեր անհաղթահարելի զենքը»
2020թ. մարտի 27-ի երեկոյան Սուրբ Պետրոսի տաճարի դիմաց Սրբազան Քահանայապետի կատարած պատմական աղոթքի ժամանակ, որին հոգեպես միացել էին աշխարհի բոլոր հավատացյալները, ընթերցվեց մի հատված Մարկոսի Ավետարանից՝ փոթորկի խաղաղեցումը (Մրկ. 4.35)։
«Ահա մի քանի շաբաթ մեզ թվում է, թե արդեն երեկո է։ Խավարը պատել է մեր հրապարակները, փողոցներն ու քաղաքները, այն տիրել է մեր կյանքերին՝ լցնելով այն խլացուցիչ լռությամբ եւ տխուր դատարկությամբ, որը կաթվածահար է անում այն ամենն, ինչ հանդիպում է իր ճանապարհին:
Մենք հանկարծակիի եկանք անսպասելի ու կատաղի փոթորկից և պատահաբար նկատեցինք, որ բոլորս գտնվում ենք մեկ և նույն նավակի մեջ՝ հավասարապես դյուրաբեկ ու շփոթված՝ Ավետարանում նկարագրվող պատմության պես, Հիսուսի աշակերտների նման, ովքեր ասում են․ «Մենք կորչում ենք» (տես 38)։
«Այս պատմության մեջ ինքդ քեզ ճանաչելը շատ հեշտ է: Սակայն դժվար է հասկանալ Հիսուսի պահվածքը։ Այն ժամանակ, երբ աշակերտներն անհանգստացած ու ընկճված էին, Նա գտնվում էր նավախելի մեջ, այսինքն նավակի այն մասում, որն առաջին հերթին է սուզվում։ Ի՞նչ է Նա անում։ Չնայած իրարանցմանը՝ Նա հանգիստ քնած է՝ ապավինելով Հորը։ Սա միակ դեպքն է Ավետարանում, երբ մենք տեսնում ենք Հիսուսին քնած: Երբ Նրան արթնացնում են, Նա հանդարտեցնում է փոթորիկն ու ծովը, ապա դիմում է աշակերտներին եւ նախատում նրանց․ «Ինչու՞ եք այդքան վախկոտ։ Մի՞թե դուք հավատք չունեք»։
Հիսուսի այս արտահայտությունը Սրբազան Քահանայապետը կրկնում է մի քանի անգամ իր խորհրդածության մեջ։ Ո՞րն է աշակերտների հավատի պակասը։ Նրանք չէին դադարում Նրան հավատալ և կանչում են Նրան։ Սակայն ինչպե՞ս են դա անում։ «Քեզ համար բնավ հոգ չէ՞, որ ահա մենք կորչում ենք»։ «Քեզ համար հոգ չէ՞»․ նրանք կարծում են, որ Հիսուսին չի անհանգստանում իրենց հոգսերը։ Այդ արտահայտությունը վիրավորում և փոթորիկ է առաջացնում սրտում։ Փոթորիկը պատռում է մեր դյուրաբեկության, խոցելիության դիմակը՝ բացահայտելով մեր կեղծ ու թվացյալ հենարանները, որոնց օգնությամբ մենք կառուցում ենք մեր կյանքը։
Նորին Սրբությունը շարունակեց աղոթքով․
«Տե՛ր, Դու դիմում ես մեզ՝ կոչ անելով հավատալ, որը նշանակում է ոչ թե հավատալ, որ Դու գոյություն ունես, այլ՝ գալ դեպի Քեզ ու վստահել Քեզ․․․ Հիմա Քո դատի ժամանակը չէ, այլ մեր դատողության ժամանակն է․ ժամանակն է ընտրել, ինչն է իսկապես կարևոր և որն է անցողիկ, ժամանակն է անհրաժեշտը զատել ավելորդից»։
«Ի դեմս այս տառապանքների, որոնցով չափվում է մեր ժողովուրդների իրական զարգացումը, մենք բացահայտում և անձնապես զգում ենք Հիսուսի քահանայական աղոթքը․ «Որպեսզի ամենքը լինեն մեկ» (Հվհ․ 17, 21), – ասաց Սրբազան Քահանայապետը։
«Որքա՛ն մարդ է ամեն օր վարժվում լինել համբերատար և մեզ հույս են ներշնչում՝ հոգ տանելով այն մասին, որ ոչ թե խուճապ սերմանվի, այլ՝ համընդհանուր պատասխանատվություն։ Քանի՛ հայրեր, մայրեր, տատիկներ ու պապիկներ, քանի ուսուցիչներ ցույց են տալիս մեր երեխաներին՝ ամենօրյա աննշան ժեստերի օգնությամբ, ինչպես դիմագրավել այս ճգնաժամին ու հաղթահարել այն՝ փոփոխելով սովորությունները, հայացքը վեր բարձրացնելով ու աղոթելով։ Աղոթք և լուռ ծառայություն․ ահա սա՛ է մեր անհաղթահարելի զենքը»։
Հավատքը սկսվում է այն ժամանակ, երբ մենք գիտակցում ենք, որ փրկության կարիք ունենք։ Մենք ինքնաբավ չենք և միայնակ ենք գնալու դեպի հատակը, ընդգծեց Նորին Սրբությունը։ Մենք Տիրոջ կարիքն ունենք այնպես, ինչպես հին ծովագնացներն ունեին աստղերի կարիքը։
«Եկե՛ք Հիսուսին հրավիրենք մեր կյանքի նավակը և Նրան փոխանցենք մեր վախերը, որպեսզի Նա հաղթի դրանց»։
Փոթորկի խաղաղեցման ավետարանական դրվագում Տերն արթնանում է, որպեսզի արթնացնի մեր զատկական հավատքը։ Մենք խարիսխ ունենք․ Նրա Խաչով մենք փրկված ենք, մենք ղեկ ունենք․ Նրա Խաչով մենք ներվեցինք, մենք հույս ունենք․ Նրա Խաչով մենք բուժվեցինք ու ողջագուրվեցինք, որպեսզի ոչ մի բան ու երբեք մեզ չբաժանի Նրա սիրուց։ Սրբազան Քահանայապետը կոչ արեց կրկին լսել փրկարար ավետումը․ Հիսուս հարություն առավ և Նա մեզ հետ է։ Խաչը կրել՝ նշանակում է լինել քաջ և ընդունել ներկա պահի բոլոր հակասությունները։
Սրբազան Քահանայապետն իր խորհրդածությունն ավարտեց հետևյալ խոսքերով․
«Ես ուզում եմ բոլորին վստահել Տիրոջը՝ բարեխոսությամբ Սուրբ Կույս Մարիամի, որ իր ժողովրդի Փրկությունն է, որ Աստղ է՝ մոլեգնող ծովում։ Հռոմն ու ամբողջ աշխարհը գրկող այս սյունաշարերից՝ բոլորիդ վրա թող իջնի Աստծո օրհնությունը՝ որպես մխիթարական ողջագուրում։ Տե՜ր, օրհնիր ողջ աշխարհը, շնորհի՛ր մարմնական առողջություն և սրտի սփոփանք: Դու խնդրում ես մեզ չվախենալ, բայց մեր հավատքը թույլ է, և մենք վախկոտ ենք։ Դու՛, Տեր, մի թողնի մեզ անօգնական այս փոթորկի մեջ։ Եվս մեկ անգամ ասա՛․ «Մի՛ վախեցեք»։ Եվ մենք՝ Պետրոսի հետ միասին, Քեզ կփոխանցենք մեր հոգսերը, քանզի Դու հոգ ես տանում մեր մասին (Ա Պտ. 5, 7)»։
Վատիկան Նյուզ, թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը
Սրբ.՝ Տ. Հովսեփ