«Ամեն ժամ աղոթք արեք, Տիրոջը շնորհակալություն հայտնե՛ք՝ անկախ ամեն ինչից, որ պատահում է», Ա Թես. 5, 17-18
Գյումրիի հայ կաթողիկէ առաջնորդարանում հոգևորականները շարունակում են կազմակերպել միասնական աղոթքներ՝ հավատացյալներին հնարավորություն ընձեռելով աղոթել իրենց հետ միասին՝ տներից, քանի որ համաճարակի պատճառով այս օրերին հնարավոր չէ հասարակաց աղոթքների կազմակերպումը եկեղեցիներում:
Մարտի 26-ին՝ հինգշաբթի, ժամը 15:00-ին, առաջնորդարանում տեղի ունեցավ Սուրբ Հաղորդության երկրպագություն, որի ընթացքում աղոթք բարձրացվեց առ Տերն մեր Հիսուս Քրիստոս՝ խնդրելով Հիսուսի Սուրբ Սրտի բուժիչ եւ փրկագործ սերը՝ համաճարակի հետեւանքով տուժած բոլոր մարդկանց համար՝ հիվանդների, ովքեր հատկապես ծանր վիճակում են, բուժաշխատողների համար, ովքեր պայքարում են հիվանդների կյանքի համար եւ հաճախ վարակվում են նույն վիրուսով, իշխանության պատկան կառույցների համար, ովքեր ջանք չեն խնայում՝ պաշտպանելու իրենց երկրների քաղաքացիներին համաճարակի սպառնալիքներից, քայլեր են ձեռնարկում նաեւ այս օրերին մարդկանց սոցիալական վիճակը բարելավելու համար:
Մարտի 27-ին, դարձյալ 15:00-ին առաջնորդարանի մատռան մեջ հոգեւորականները միասնաբար աղոթեցին Ճանապարհ խաչի ջերմեռանդությունը: Նախքան աղոթքը սկսելը, Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյանը համացանցով հետևող հավատացյալների համար հատուկ շեշտեց, որ համացանցային ուղիղ հեռարձակման նպատակը հավատացյալներին աղոթքներին մասնակցելու հնարավորություն առաջարկելն է: Հ. Գառնիկը նաեւ հրավիրեց համացանցով հետեւել նույն օրը երեկոյան՝ Հայաստանի ժամանակով 21:00-ին, Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարում Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի կողմից կատարված Սուրբ Հաղորդության երկրպագությանը եւ աշխարհին հղված «Urbi eu orbi» ուղերձի ընթերցմանը, եւ որ ամենակարեւորն է, Ընդհանրական Սուրբ Եկեղեցու կողմից կողմից լիակատար ներման շնորհմանը՝ բոլոր նրանց, ովքեր այս դժվարին օրերին կկատարեն անհրաժեշտ պայմանները, ինչպես սահմանվել էր նախապես Սուրբ Աթոռի կողմից:
Տ. Հովսեփ