Հարցազրույց կարդինալ-ատենապետի հետ, ով պարզաբանում է, թե իրենից ինչ է ներկայացնում հրամանագիրը, որը նախատեսված է հիվանդների, նրանց խնամակալների ու ընտանիքների, ինչպես նաեւ նրանց համար, ովքեր աղոթում են, որպեսզի կորոնավիրուսի համաճարակն ավարտվի
«Ողորմության մեծ շերտը տարածվում է բոլոր նրանց վրա, ովքեր ցանկանում են այն ունենալ, գտնել»։ Vatican News-ին տված հարցազրույցի ժամանակ այսպիսի խոսքերով է Սուրբ Աթոռի Գերագույն ատենապետ, կարդինալ Մաուրիո Պիաչենցան մեկնաբանում լիակատար ներման մասին հրամանագիրը, որը շնորհվում է համաճարակի պատճառով պայմանավորված այս արտակարգ իրավիճակում։
Խնդրում եմ պարզաբանեք, թե ինչու՞ հրապարակվեց ինդուլգենցիայի մասին հրամանագիրը COVID-19-ով պայմանավորված այս արտակարգ իրավիճակում։
Եկեղեցու բարձրագույն օրենքը դա հոգիների փրկությունն է։ Եկեղեցին ապրում է աշխարհում, որպեսզի հռչակի Ավետարանն ու կատարի Սուրբ Խորհուրդները, այսինքն մարդկանց առաջարկի լիառատ աստվածային ընծաներ ու շնորհներ։ Մեզանից յուրաքանչյուրի համար ակնհայտ է ճգնաժամը, որը, ցավոք, այժմ մենք տեսնում ու զգում ենք աշխարհի շատ երկրներում: Մենք ապրում ենք արտակարգ իրավիճակում․ որոշ հիվանդանոցներ շուտով չեն կարողանա ընդունել նոր հիվանդներին, կան հիվանդներ, ովքեր ստիպված են մեկուսացված ապրել եւ, ցավոք, նաեւ մահանալ առանց իրենց հարազատների մխիթարանքի ու մոտիկության, չկան բավարար թվով քահանաներ, ովքեր կմատակարարեն նրանց Հիվանդների օծման խորհուրդն ու կկատարեն խոստովանանք։ Իշխանությունների կարգադրությունների համաձայն, ներկայումս կարանտինի մեջ են գտնվում բազմաթիվ մարդիկ ու մի շարք քաղաքներ, որոնց բնակչությունը պետք է փակված մնա իրենց տներում, որպեսզի կանխի, զսպի վարակի հետագա տարածումը։
Որո՞նք են ամենահրատապ խնդիրները։
Այս արտակարգ ժամանակաշրջանը պահանջում է չափազանց մեծ օգնություն, մոտիկություն, մխիթարություն, աջակցություն, որպեսզի ոչ ոք այս տառապանքների մեջ ու մոտալուտ մահվան ժամանակ չզրկվի Աստծո փաղաքշանքից։ Հենց այդ պատճառով էլ Առաքելական ատյանը, որը ծառայում է Սրբազան Քահանայապետին եւ օժտված է նրա լիազորություններով, թողարկեց լիակատար ներման մասին հրամանագիրը։
Ո՞րն է այդ միջոցի առանձնահատկությունը։
Նախեւառաջ լիակատար ներում է առաջարկվում կորոնավիրուսով տառապող բոլոր հիվանդներին, ովքեր գտնվում են հիվանդանոցներում կամ տնային կարանտինում։ Այդ նույն պայմաններով այն նաեւ առաջարկվում է բուժաշխատողներին, հիվանդների ընտանիքների անդամներին եւ նրանց, ովքեր խնամում են հիվանդներին։ Բացի այդ, լիակատար ներում է շնորհվում բոլոր նրանց, ովքեր աղոթում են համաճարակի ավարտի, բոլոր տառապողների եւ նրանց համար, ում Տերն արդեն Իր մոտ է կանչել։
Որո՞նք լիակատար ներում ստանալու պայմանները
Դրանք շատ պարզ են։ Հիվանդներին ու խնամակալներին խնդրում են հոգեպես միանալ Սուրբ Պատարագին, Վարդարանին, Խաչի ճանապարհին կամ բարեպաշտական այլ աղոթքների՝ իհարկե ԶԼՄ-ների միջոցով այնտեղ, որտեղ դա հնարավոր է։ Եթե դա հնարավոր չէ իրականացնել, ապա նրանց խնդրում են կարդալ Հավատամքը, «Հայր Մեր» եւ «Ողջույն քեզ, Մարիամ» աղոթքները։ Բոլոր նրանց, ովքեր աղոթում են մահացածների հոգիների, տառապյալների եւ համաճարակի ավարտի համար, առաջարկում են, իհարկե հնարավորության դեպքում, այցելել Սուրբ Հաղորդությանը կամ Սուրբ Հաղորդության երկրպագություն կատարել։ Որպես այլընտրանք՝ կարելի է կարդալ Աստվածաշունչ, կամ աղոթել Վարդարան կամ էլ Խաչի ճանապարհ կատարել՝ նվազագույնը գոնե կես ժամ։ Ակնհայտ է, որ բոլորն էլ կարող են աղոթել կամ Աստվածաշունչ կարդալ տանը, որը լիովին համապատասխանում է վարակի կանխարգելման կանոններին։
Այս պարագայում ի՞նչ կարելի է ասել մահացածների մասին։
Նրանք, ովքեր գտնվում են մահվան սեմին եւ չեն կարող խոստովանել, Հաղորդություն ստանալ կամ ընդունել Հիվանդների օծման խորհուրդը, վստահում են Աստծո ողորմածությանը: Նրանց լիակատար ներում է շնորհվում այն պայմանով, որ նրանք սովորաբար աղոթել են իրենց կյանքի ընթացքում։
Այսպիսով ողորմությունը համակում է բոլոր նրանց, ովքեր ցանկանում են այն ձեռք բերել, գտնել։
Առաքելական ատյանի հրամանագրում միայն խոսվում է կորոնավիրուսով հիվանդների մասին։ Արդյո՞ք դա նշանակում է, որ ինդուլգենցիան շրջանցում է մյուս հիվանդներին։
Մենք ընդմիշտ կհիշենք բարի մարդկային հոգիները․ հրամանագրում հաշվի է առնված ներկայիս համաշխարհային արտակարգ իրավիճակը։ Այն վերաբերում է բոլոր հիվանդներին, քանի որ հիվանդանոցներում գտնվող բոլոր հիվանդները, այս կամ այն չափով, տառապում են արտակարգ իրավիճակի եւ համաճարակի պատճառով։
Խոսենք Խոստովանանքի Խորհրդի մասին։ Արդյո՞ք հնարավոր են այլ միջոցներ, բացի անհատական տարբերակից, որն է խոստովանանքը քահանայի ներկայությամբ։
Մեղքերի հավաքական թողություն՝ առանց անհատական խոստովանանքի, միշտ էլ կարող է կատարվել, եթե կա վերահաս մահվան վտանգ կամ, ինչպես Կանոնագիրքն է ասում, միայն «ծայրահեղ անհրաժեշտության դեպքում»։ Առաքելական ատյանը պարզաբանել է, որ վարակի բռնկման վայրերում ու մինչ համաճարակի ավարտը կարող են լինել ծայրահեղ անհրաժեշտության դեպքեր։ Հետեւաբար, թեմի եպիսկոպոսները կարող են նման որոշումներ կայացնել՝ հանուն հոգիների փրկության։ Նույն կերպ կարող են վարվել նաեւ քահանաները, եթե կա դրա անհրաժեշտությունը։ Նման դեպքերում երեցները պարտավոր են նախազգուշացնել իրենց եպիսկոպոսներին կամ էլ՝ գոնե հնարավորինս շուտ տեղյակ պահել Թողության խորհրդի հավաքական կատարումից հետո: Մեղքերի հավաքական թողություն կարելի է կատարել հիվանդասենյակների դռների առջեւ, որտեղ վարակված հավատացյալներին սպառնում է մահվան վտանգը, հնարավորության դեպքում նրանց էլ մասնակից դարձնել Խորհրդին։
Ի՞նչ կասեք անհատական խոստովանանքի մասին։
Իհարկե խոստովանանքը պետք է կատարվի՝ բոլոր կանխարգելիչ միջոցները հաշվի առնելով․ պահպանել պատշաճ հեռավորություն, օգտագործել պաշտպանիչ դիմակներ եւ, բնականաբար, չմոռանալ պահպանել սրբազան գաղտնիքը։ Ես ցանկանում եմ հիշեցնել սրտանց զղջման կարեւորության մասին, երբ մարդը չի կարող մասնակցել Խոստովանանքի խորհրդին։ Այս մասին խոսել է նաեւ Նորին Սրբությունն իր քարոզի ժամանակ՝ մարտի 20-ին, Սուրբ Մարթայի Մատուռում։ Նման հնարավորության մասին է հիշատակում նաեւ Կաթողիկէ Եկեղեցու Վարդապետությունը․ խղճի փորձություն, իսկական ապաշխարություն, այլեւս մեղք չգործելու մտադրություն եւ հնարավորինս շուտ գնալ խոստովանանքի, որը հաճելի է Աստծուն։ Այս ամենը մեզ հաշտեցնում է Աստծո հետ եւ շնորհում մեղքերի թողություն։
Վատիկան Նյուզ, թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը