• Հոգեւորականները միացան Քահանայապետի «Հայր մեր» աղոթելու հրավերին

    Վասն ամենայն հիւանդաց եւ վշտացելոց աղաչեսցուք զՏէր


    Ավետման տոնին՝ մարտի 25-ին Գյումրիի հայ կաթողիկէ առաջնորդարանում հոգեւորականները միացան Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի հրավերին, որ ուղղված էր ամբողջ աշխարհին՝ միասնաբար աղոթելու Տերունական «Հայր մեր» աղոթքը եւ խնդրելու Տիրոջ օգնությունը՝ համաճարակից ազատելու համար:

     

    Փանիկի ժողովրդապետ Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյանը, որ հրավիրել էր քահանաներին, աղոթքից առաջ դիմելով համացանցով հետեւող հավատացյալներին՝ ասաց, որ սիրով են միանում Քահանայապետի հրավերին եւ ուզում են աղոթել, որպեսզի համաճարակի տարածումը դադարի, աշխարհի բոլոր հիվանդների առողջության համար եւ այս օրերին հիվանդների կյանքը փրկելու համար ջանք չխնայող բուժաշխատողների համար: Նա ասաց, որ ուզում են աղոթել նաեւ կորոնավիրուսի հետեւանքով մահացած աշխարհականների եւ հոգեւորականների հոգիների համար: Ապա՝ ուղիղ ժամը 15:00-ին հոգեւորականները միասին երգեցին «Հայր մեր»-ը:

     

    Հ. Գառնիկն այնուհետեւ խնդրեց Գյումրիի Սրբոց Նահատակաց եկեղեցու ժողովրդապետ Տ. Գրիգոր Ավ. Քհն. Մկրտչյանին՝ խոսել Ավետման տոնի խորհրդի մասին:

     

    Տ. Գրիգորն ընթերցեց ավետման մասին Ղուկասի ավետարանի դրվագը: Ապա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ մարդս հաճախ ավելի կենտրոնանում է ի՛ր կամքը կատարելու վրա եւ մոռանում է, որ ամենակարեւորը Աստծո՛ կամքն է: Մենք պետք է մտածենք Սուրբ Կույս Մարիամի օրինակի մասին, որ հրեշտակից լսելով Աստծո կամքը՝ հանձն առավ կատարել այն ամբողջ կյանքում՝ մինչեւ իր ննջումը: Տիրամայրը խոնարհաբար երբեք ինքն իրեն վեր չդասեց որեւէ կնոջից՝ իմանալով հանդերձ, որ ինքը Փրկչի Մայրն է եւ Եկեղեցու Մայրն է: Նրա խոնարհությունը մեզ համար կատարյալ օրինակ է: «Այս տոնը թող յուրաքանչյուրիս համար լինի Տիրամոր օգնությամբ մեր ցավերից սփոփվելու եւ դեպի Տեր Հիսուս Քրիստոս առաջնորդվելու հնարավորություն»,-ասաց քահանան:

     

    Հոգեւորականները շարունակեցին իրենց աղոթքը՝ կատարելով Խաղաղական ժամերգությունը:

     

    Տ. Հովսեփ

Օրացույց

Օրացույց