«Թագուհի Հայաստանի, Առողջություն հիւանդաց, աղօթեա՛ վասն մեր…», Լիթանիա Սրբոյ Կուսին Մարիամու
Չնայած տեղաշարժման սահմանափակումներին, համաճարակի սփռած վախի եւ լարվածության մթնոլորտին, տանից դուրս գալու օրեցօր խորացող երկմտանքին, երջանիկ եմ եւ խիղճս էլ՝ հանգիստ, որ այսօր կարողացա գեթ երկու համայնքներում՝ Բավրայում եւ Մեծ Սեպասարում մատուցել տոնական Սուրբ Պատարագներ, երիտասարդների հետ միասին աղոթել Աստվածամոր Սուրբ Վարդարանը, երգել Գովերգը Սուրբ Կույսին, աղերսել Տիրամոր օգնությունը՝ պարզ, անմիջական, մեր սրտերից բխած բառերով, մեր երիտասարդների հեղինակած հիասքանչ աղոթքներով: Ժամը 15:00-ին Մեծ Սեպասարում միացանք նաեւ Ն. Ս. Ֆրանցիսկոս Քահանայապետի առաջարկին՝ միասնաբար աղոթելու Հայր Մերը՝ հիվանդների ապաքինամն եւ համաճարակից ազատման դիտավորությամբ: Հավատացյալների մեծ մասը եկեղեցում չէր, բայց վստահ եմ, որ նրանք ջերմեռանդորեն եւ մե՛ծ կարոտով աղոթում են տանը: Մեծ երջանկություն էր տեսնելը այդ մի քանի երիտասարդներին, ովքեր, այնուամենայնիվ եւ անկախ ամեն ինչից, եկե՛լ էին աղոթքի: Նրանց ընկերներն էլ հետեւում էին տանից՝ մեր թշվառ համացանցային կապի միջոցով, բայց, վստահ եմ՝ վեհ հոգիներով, աղոթքով եւ կարոտով, թե երբ են անցնելու այս «հանրային հեռավորության» կոչեցյալ չարաբաստիկ օրերը եւ երբ են դարձյալ ազատորեն իրենց ընկերների հետ միասին, առանց դիմակների, առանց վախի աղոթելու եկեղեցում:
Ավետման տոնն այս տարի իրապե՛ս հույսի տոն է եւ, չեմ ուզում, որ համաճարակի վախը ստվերում թողնի այս մեծ հույսը, որ իր հետ բերում է Ավետումը, որովհետեւ Սուրբ Կույս Մարիամի՝ Աստծուց ընդունած եւ մարդկությանը փոխանցած Հույսն է, որ պետք է մեզ վստահություն ներշնչի այս օրերին, որպեսզի իմաստ ունենա մեր պայքարը համաճարակի դեմ, մեր իսկ վատատեսության դեմ, մեր հուսահատության դեմ, մեր վախի եւ ապագայի հանդեպ անորոշության դեմ:
Ինչու՞
Երբ Տիրոջ հրեշտակը դեռատի Սուրբ Կույս Մարիամին հայտնեց Հիսուսի ծննդյան ավետիսը, Սուրբ Հոգու զորությամբ Հիսուսին հղանալու մասին, Մարիամը չհասկացավ, թե դա ինչպես կարող է իր հետ պատահել, որովհետեւ ինքը դեռեւս ամուսնական հարաբերության մեջ չէր Հովսեփի հետ: Բայց չհասկանալով հանդերձ՝ այս դեռատի աղջիկը, ի հեճուկս հասարակության հնարավոր հալածանքների եւ ծաղրանքի, համարձակվե՛ց ընդունել Աստծո կամքը.
«Ահավասի՛կ, ես մնում եմ Տիրոջ աղախինը: Թող ինձ լինի՛ քո խոսքի համաձայն», Ղկ. 1, 38:
Մարիամը հասկանում էր մեկ բան շատ հստակ՝ ինքը ստեղծված է՝ լինելու «Տիրոջ աղախինը» եւ կատարելու Նրա կամքը, նույնիսկ եթե այն իր համար հասկանալի չէ, «որովհետեւ Աստծո համար անկարելի բան չկա», Ղկ. 1, 37:
Սուրբ Կույսն ի սկզբանե Տիրոջ կողմից ստեղծվեց որպես անարատ մի անոթ՝ Անարատ Հղացյալ, մաքուր՝ ամեն տեսակ պղծություններից եւ նախափրկված, ինչպես Եկեղեցու Հայրերն են ասում, նախնական մեղքից, որպեսզի դառնա Տիրոջ ներկայությունն իր մեջ ընդունող մի տապանակ, մարդկանց համար փրկության դուռ եւ միակ հնարավորություն, լի աստվածային շնորհներով, որը նրան ամբողջ կյանքում մաքուր պահեց մեղքերից եւ սխալներից: Երբ հրեշտակը եկավ, այս ամենն այդ դեռատի աղջիկը, գուցե, դեռ չէր պատկերացնում խորապես, բայց քանի որ լի էր Աստծո շնորհներով՝ Աստծո գերբնական զորությամբ, հասկացավ պահի ամբողջ լրջությունը. եթե Տիրոջ հրեշտակն է եկել իր մոտ, ուրեմն՝ Աստծո կամքն է, ուրեմն Աստված խնդրում է իր ծառայությունը՝ որպես Տիրոջ աղախին, ուստի վախենալը, երկմտելը նշանակում է դավաճանել իր էությանը, իր ներսում մշտապես եղած աստվածային ներկայությանը, իր մարդկային կոչմանը:
Հույսի Ավետիսը
Եւ Մարիամը վստահեց Աստծուն ամբողջությա՛մբ, որովհետեւ հրեշտակն իրեն ասաց՝ «Մի՛ վախեցիր, որովհետեւ Աստծուց դու շնորհ գտար», Ղկ, 1, 30:
Մարիամը վստահեց այդ խոսքերին եւ համարձա՛կ բացեց իր սիրտը Աստծո առաջ: Մարիամը բացեց իր սիրտը՝ իր եւ ամբողջ մարդկության փրկության Հույսի՛ առաջ եւ երբ հրեշտակին տվեց իր համաձայնությունը, այդ նույն վայրկանին հղացավ Հիսուս Մանկանը. այդ նույն վայրկանին տեղի ունեցավ Աստծո Որդու Մարդեղությունը՝ Սուրբ Երրորդության երկրորդ անձը՝ Որդին Աստված Մարիամից վերցրեց մարդկային բնությունը՝ բայց առանց մեղքի, անարատ, ինչպես Մարիամն է, միացրեց Իր Աստվածային բնությանը եւ միավորեց իր մեկ անբաժանելի աստվածային Անձի մեջ:
Հանձին Հիսուս Քրիստոսի, Սուրբ Կույսն իր համարձակությամբ դարձավ Աստվածամայր, Աստվածածին, եւ ավելին, Նա դարձավ մարդկության փրկության Հույսի կրողը՝ ՀՈՒՍԱԿԻՐԸ:
Եվ այդ Հույսի անունը Հիսուս է:
Այդ Հույսը ոչ միայն կորուսյալ դրախտը վերադարձնելու Հույսն է, այլեւ՝ մարդկային առավել կատարյալ նկարագիր ունենալու, մարդու բարոյական եւ հոգեւոր նկարագրի մեջ Աստծո պատկերը կատարելապես արտացոլելու Հույսն է, մեղքի, չարի գերությունից ազատվելու Հույսն է: Եվ այդ Հույսը վերացական չէ, այդ Հույսը Հիսուսի Անձն է, որ մեզ համար եղավ եւ է՛ եղբայր, առաջնորդող Ուսուցիչ, Իր կյանքը մեզ հետ միասին ապրած եւ մեզանից յուրաքանչյուրի համար զոհաբերա՛ծ ընկեր, մեզ՝ մեր դժվարությունների մեջ, տառապանքների մեջ այսօր եւ միշտ ուղեկցող, զորացնող, գոտեպնդող, մեր բեռն Իր ուսերին խաչի պես ամեն օր շալակող անդավաճան ընկեր, ամեն օր, ամեն վայրկան Իր կյանքը եկեղեցիների Սուրբ Սեղաններին պատարագող, մեզ համար հացի ու գինու տեսքով Հայր Աստծուն որպես Ընծա ինքնամատուցվող Զոհ, զենվող Գառ, որ «իր վրա է վերցնում աշխարհի մեղքը», իր վրա է վերցնում է յուրաքանչյուր հավատացյալի հանդեպ անարգանքը եւ ծաղրը՝ այսօրվա անտարբեր աշխարհում:
Հույսը բուժում է
Այդ Հույսի անունը նաեւ Բժիշկ է, որ գալիս է այսօր՝ բուժելու հիվանդներին, ինչպես արեց իր երկրային կյանքի օրերին. «իր վրա վերցրեց մեր հիվանդությունները եւ կրեց մեր ցավերը», Ես. 54, 4 ա, Մտթ. 8, 17:
Բայց Հիսուսի բուժումները, մեր կողքին լինելը, մեզ զորացնելը չե՛նք տեսնի, եթե չհավատանք: Հիսուս հիվանդներին ասում էր. «Քո հավատը քեզ փրկեց»: Անհավատը կամ թերահավատը միշտ վախենալու է եւ իր ուշադրությունն ավելի կենտրոնացնելու է փորձանքներից, համաճարակներից պաշտպանվելու արտաքին միջոցների վրա եւ մոռանալու է ամենակարեւորը՝ «պատրաստել Տիրոջ ճանապարհը», մաքրել ձեռքերը մեղքերից, անտարբերության սոսկալի մերօրյա սովորությունից, դուրս գալ հոգեւոր գաղջությունից, մեծամտությունից, ինքնապաստանությունից եւ դեռատի Մարիամ Կույսի նման առանց վարանելու բացվել Հույսի առաջ, հղանալ Հիսուսով, ընդունել Հիսուսի ներկայությունը սեփական սրտի մեջ, դառնալ աստվածատուր Հույսի կրող, չվախենալ ոչ մի բանից եւ ապա դառնալ այդ Հույսի փոխանցողը ուրիշներին, նախեւառաջ՝ սեփական ընտանիքի անդամներին, որ այս օրերին, մանավանդ, վախի ու անորոշության մեջ են: Սյդ Հույսը, որ Հիսուսն է, երբեք հուսախաբ չի անի, միշտ հստակ է եւ պահանջում է «աղավնու միամտություն», երեխայի մաքրություն, Նա չի ուզում մեր տրամաբանությունը, մեր կենսափորձը, մեր հաշվարկները, այլ ուզում է մեր ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ:
Ուստի, եկե՛ք չվախենանք Սուրբ Կույսի նման բացվել մեր Հույսի Ավետման առջեւ, որ այսօր Աստված իր անսահման հայրական սիրով առաջարկում է մեզ: Որպես մեկ Եկեղեցի, որ կոչված է նմանվել Սուրբ Կույսին եւ միշտ իր մեջ կրել Հիսուս Մանկանը՝ աշխարհի փրկության Հույսը, եւ մայրական առատաձեռնությամբ տալ յուրաքանչյուր մարդու, այդպես եկե՛ք լինենք այդ Հույսի կենդանի կրողները՝ ՀՈՒՍԱԿԻՐՆԵՐ եւ ՀՈՒՅՍԻ անվախ ՓՈԽԱՆՑՈՂՆԵՐԸ ուրիշներին՝ հատկապես այս օրերին:
Սովորե՛նք Սուրբ Կույսից, որ գիտի թե ինչ է տառապանքը, որ կիսեց իր Որդու խաչի ճանապարհը, որ կանգնեց Խաչի տակ եւ լուռ հեկեկաց, համբերեց այդ ահավոր տեսարանին՝ գիտենալով, թե ինչի համար էր դա: Ուստի Տիրամա՛յրն է, որ մեզ կարող է սովորեցնել իմաստավորել մեր տառապանքը, մեր պայքարը, մեր համբերատարությունը եւ հասնել հաղթանակի՝ իր Որդու նման.
«Այստեղ, աշխարհում նեղություն պիտի ունենաք, սակայն քաջալերվեցե՛ք ես հաղթեցի աշխարհին», Հվհ. 16, 33:
Տ. Հովսեփ
25 մարտի, 2020