• Սուրբ Աթոռի հրամանագիրը՝ այս օրերին ինդուլգենցիայի՝ լիակատար ներման, հնարավորության մասին

    Առաքելական ատյանը պարզաբանում է, թե ինչպես այն կարելի է ստանալ կորոնավիրուսի համաճարակի այս պայմաններում, երբ անհնար է կատարել այդ Խորհուրդը


    Մարտի 20-ին Հռոմի Սուր Աթոռի Առաքելական ատյանը հրապարակեց հրամանագիր, որի համաձայն լիակատար ներում են շնորհում հավատացյալներին, ովքեր վարակվել են Covid-19-ով, ինչպես նաեւ բուժաշխատողներին, հիվանդների հարազատներին եւ բոլոր նրանց, ովքեր այս կամ այն ձեւով՝ այդ թվում նաեւ աղոթքով, հոգ են տանում նրանց մասին։

     

    Առաքելական ատյանը կոչ է անում կորոնավիրուսի համաճարակը դիտարկել որպես «դարձի գալու անձնական հնարավորութուն»՝ դրա համար շնորհելով ինդուլգենցիաներ նրանց, ովքեր վարակակիր են եւ պահպանում են կարանտինը հիվանդանոցներում կամ իրենց տներում՝ ենթարկվելով առողջապահության նախարարության կարգադրություններին։ Շնորհումը կլինի այն պայմանով, որ մեղքերից ազատվելու համար հավատացյալները ԶԼՄ միջոցով, հոգեպես կմիանան եւ կմասնակցեն Սուրբ Պատարագներին, Սուրբ Վարդարանի աղոթքին, Ճանապարհ Խաչի ջերմեռանդությանը կամ բարեպաշտության այլ ձեւերին, կամ էլ, նվազագույնը, կասեն Հավատամքը, «Հայր Մեր» եւ «Ողջոյն քեզ Մարիամ» աղոթքները՝ այս փորձությունը հաղթահարելով մեծ հավատքով առ Աստված եւ ողորմածությամբ եղբայրների նկատմամբ, եւ առաջին իսկ ընձեռնված հնարավորության դեպքում, հավատացյալները պետք է գնան անհատական խոստովանանքի, ընդունեն Սուրբ Հաղորդություն եւ աղոթեն Քահանայապետի դիտավորությամբ համար։

     

    Համաշխարհային համաճարակի այս դժվարին պայմաններում Առաքելական ատյանը լիակատար ներում է շնորհում նաեւ «այն հավատացյալներին, ովքեր գոնե կես ժամ կընթերցեն Աստվածաշունչ, կկատարեն Ճանապարհ խաչի ջերմեռանդությունը եւ կաղոթեն՝ աղաչելով Ամենակարող Աստծուն, որ համաճարակն ավարտվի, որպեսզի բոլորը բուժվեն, ինչպես նաեւ հավիտենական փրկություն՝ նրանց, ում Աստված արդեն Իր մոտ է կանչել»։

     

    Լիակատար ներում կշնորհվի նաեւ «այն հիվանդացած հավատացյալներին, ովքեր գտնվում են մահվան մահճում եւ իրենց կյանքի ընթացքում սովորաբար որոշ աղոթքներ են կարդացել»։ Այս դեպքում հենց Եկեղեցին է լրացնում հետեւյալ երեք պայմանները՝ համաձայն ինդուլգենցիայի մասին կանոնների (2008) դրանք են՝ խոստովանանքը, Սուրբ Հաղորդությունը եւ աղոթքը Նորին Սրբության դիտավորության համար։

     

    Ինդուլգենցիայի մասին կանոնների 20-րդ պարագրաֆի համաձայն, եթե Եկեղեցու կողմից սահմանված այս բոլոր պայմանները բացակայում են, ապա, ամեն դեպքում, հավատացյալը կարող է ստանալ մասնակի ներում։

     

    Բացատրե՛նք, որ ինդուլգենցիան ոչ թե մեղքերի թողությունն է, որը հավատացյալին շնորհվում է Խոստովանության խորհրդով, այլ ազատումն է արդեն իսկ ներված մեղքերի հետեւանքով վաստակած ժամանակավոր պատիժներից, որոնք հավատացյալը պետք է կրեր այս կյանքում կամ քավարանի՝ վերջնական մաքրազտման, վիճակում։

     

    Վատիկան Նյուզ,

    Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը

     

Օրացույց

Օրացույց