• Հոգևորականները միասին Վարդարան աղոթեցին՝ միանալով Ֆրանցիսկոսի հրավերին

    Սուրբ Մարիամ եւ Սուրբ Հովսեփ, բարեխոսեցե՛ք հիվանդների եւ մեզ համար


    Մարտի 19-ին Գյումրիում, Հայ Կաթողիկէ Առաջնորդարանի մատուռում Փանիկի ժողովրդապետ Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյանի հրավերով հոգեւորականներն աղոթեցին Սուրբ Վարդարան եւ հայցեցին Սուրբ Հովսեփի բարեխոսությունը՝ ամբողջ աշխարհում մոլեգնող համաճարակի ավարտի եւ հիվանդների առողջության համար:

     

    Աղոթական այս ձեռնարկը ներշնչված էր Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի՝ մարտի 18-ի ընդհանուր ունկնդրության քարոզի ժամանակ տրված հրավերով՝ միասնաբար այսօր աղոթել Աստվածամոր Վարդարանը՝ միանալով Իտալիայի եպիսկոպոսների կոչին՝ ուղղված Իտալիայի բոլոր հավատացյալներին.

     

    «Յուրաքանչյուր ընտանիք, յուրաքանչյուր հավատացյալ, ամեն մի կրոնական հասարակությունվաղը երեկոյան՝ 21:00-ին, հոգեպես միանանք՝ աղոթելու համար Վարդարանի Լույսի խորհուրդները»:

    Իտալիայի եպիսկոպոսները նաեւ կոչ էին արել, որպեսզի յուրաքանչյուր տուն իր պատուհանի մոտ դնի մեկ վառված մոմ եւ սպիտակ դրոշ՝ ի նշան հույսի եւ հավատքի ամրության, որ մեզ պետք է առաջնորդեն այս դժվարին օրերին:

     

    Գյումրիի Հայ Կաթողիկէ Առաջնորդարանի մատուռում եւս վառվում էր մեկ մոմ՝ պատահունագոգին, միասնական աղոթքը հոգեւորականները սփռեցին նաեւ համացանցի միջոցով՝ «Հայ Կաթողիկէ Եկեղեցի» ֆեյսբուքյան էջին, որպեսզի հավատացյալները եւս մասնակցեին աղոթքին՝ իրենց տներից: Վարդարանի աղոթքը ուղիղ եթերով հեռարձակեց նաեւ Ռադիո Մարիամը: Հ. Գառնիկի հետ միասին աղոթքին մասնակցում էին Տ. Նարեկ Քհն. Թադւոսյանը, Տ. Սահակ Քհն. Աղեկյանը, Տ. Հովսեփը եւ երկու ճեմարանականներ:

     

    Վարդարանի աղոթքից առաջ Հ. Գառնիկը ողջունեց համացանցով աղոթքին հետեւող հավատացյալներին եւ հրավիրեց միասին աղոթել համաճարակի շուտափույթ ավարտի, հիվանդների առողջության, բժշկական հաստատությունների, առողջապահության կազմակերպիչների, ինչպես նաեւ՝ պետական պատկան մարմինների համար, որպեսզի ուժ եւ կորով ունենան՝ իրենց աշխատանքը պատշաճ ձեւով կազմակերպելու եւ չհուսահատվելու՝ ի դեմս մեծ դժվարությունների եւ մարտահրավերների:

     

    Վարդարանի յուրաքանչյուր տասնյակից հետո երգվեց «Երանելի Կոյս Մարիամ» երգը, Վարդարանից հետո կատարվեց «Ողջ լեր Թագուհի» աղոթքը,  «Լիթանիա Աստվածամոր» երգը, ընթերցվեց ավետարանական հատված՝ Սուրբ Հովսեփի մասին, աղոթեցին Սուրբ Հովսեփին ուղղված բարեխոսական մի աղոթք, ապա Հ. Գառնիկը խնդրեց աղոթել Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի դիտավորության համար:

     

    Այս օրերին համացանցի միջոցով հեռակա Վարդարանի ամենօրյա աղոթքի մի ձեռնարկ է սկսել նաեւ Գյումրիի ժողովրդապետ Տ. Գրիգոր Ավ. Քհն. Մկրտչյանը, որին հրավիրում ենք միանալ նաեւ մեր հավատացյալներին:

     

    Տ. Հովսեփ

    19 մարտի, 2020

Օրացույց

Օրացույց