• «Աղոթում եմ միայնակ տարեցների համար». Ֆրանցիսկոս

    Սովորենք ներել միմյանց


    Մարտի 17-ի առավոտյան Նորին Սրբությունն ուղիղ հեռարձակմամբ Սուրբ Պատարագ մատուցեց Սուրբ Մարթայի Մատուռից, որը նվիրեց տարեց մարդկանց․ հարկադիր կարանտինի ժամանակ, որի պատճառը կորոնավիրուսն է, նրանք իրենց լքված են զգում՝ հեռու գտնվելով իրենց հարազատներից։

     

    Սրբազան Քահանայապետն ասաց․

     

    «Ես ցանկանում եմ, որ այսօր մենք աղոթենք տարեցների համար, ովքեր հատկապես տառապում են այս ժամանակահատվածում՝ զգալով հսկայական ներքին միայնություն, իսկ երբեմն նաեւ՝ մեծ վախ։ Աղոթք բարձրացնենք առ Աստված, որպեսզի Նա մոտ լինի մեր տատիկներին ու պապիկներին, բոլոր տարեցներին՝ ամրապնդելով նրանց ուժը։ Նրանք մեզ նվիրել են իմաստություն, կյանք, պատմություն։ Մենք նույնպես մոտ ենք նրանց մեր աղոթքների շնորհիվ»։

     

    Սրբազան Քահանայապետը խորհրդածեց Մատթեոսի Ավետարանի հատվածի (Մտթ․ 18, 21-35) եւ անվերապահ քրիստոնեական ներողամտության թեմայի մասին։ Պետրոս առաքյալի այն հարցին, թե քանի՞ անգամ պետք է ներենք մեզ նեղացողներին, Հիսուս պատասխանում է մի արտահայտությամբ, որը նշանակում է «միշտ»: Ներելը հեշտ բան չէ, ընդգծեց Նորին Սրբությունը, քանի որ մեր ինքնահավան, գոռոզ սիրտը հաճախ ձգտում է ատելության, վրեժի, վրդովմունքի։ «Մենք բոլորս գիտենք ընտանիքների մասին, որոնք կործանվել են ներընտանեկան ատելության պատճառով, որը փոխանցվում է սերնդեսերունդ։ Թվում է, թե մարդն ավելի հակված է ատելության, քան սիրո, իսկ դա չարի աշխատանքն ու հարստությունն է, որն անընդհատ սնուցում է մեր վրդովմունքը՝ վերածելով ատելության, որպեսզի սերմանի ավերածություն։ Նա պատրաստ է կործանել բոլորին եւ ամեն ինչ, նույնիսկ՝ Աստծուն, Ով այս աշխարհ է եկել ոչ թե դատապարտելու, այլ՝ ներելու համար։ Շատերն ապրում են մյուսներին քննադատելով՝ «անընդհատ վատաբանելով իրենց գործընկերներին, հարեւաններին, հարազատներին»՝ չցանկանալով ներել։ Այնուամենայնիվ, ներողամտությունը դրախտ մուտք գործելու պայմանն է:

     

    Քրիստոսը պատրաստ է մեծ ուրախությամբ տոնել մեղավորի վերադարձն ու մոռանալ այն բոլոր չարիքները, որոնք մենք արել ենք, ընդգծեց Նորին Սրբույթունը։ Ինչ-որ մեկը մի անգամ ասել է․ «Դա Աստծո ցավն է»։ Տերը մոռանում է բազմաթիվ մեղավորների զազրելի արարքների, մեր եւ ձեր գործած մեղքերի մասին։ Նա մեծահոգաբար ներում է մեզ եւ խնդրում, որ մենք սովորենք ներել։ Մինչ Խոստովանանքը, Սուրբ Պատարագը, անհրաժեշտ է ներել մերձավորին։ Տերն ասում է․ «Ինձ մոտ մի արի՝ մի ձեռքիդ սեր պահած, իսկ մյուս ձեռքիդ՝ ատելություն քո եղբոր նկատմամբ»։ Ներողություն խնդրել՝ նշանակում է ներել, ընդգծեց Սրբազան Քահանայապետը։

     

    Վատիկան Նյուզ, թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց