• Քահանայապետը խնդրում է աղոթել ընտանիքների համար

    Հիսուս եկան հիվանդների, մեղավորների, աղքատների մոտ… եւ նրան քննադատում էին


    Մարտի 14-ին՝ Սուրբ Մարթայի Մատուռում Պատարագ մատուցելիս, Ն. Ս. Ֆրանցիսկոս Քահանայապետը կոչ արեց, նախ եւ առաջ, աղոթել ընտանիքների համար, որպեսզի այս  դժվարին պահին նրանք չկորցնեն իրենց խաղաղությունը, ուրախությունն ու տոկունությունը, ինչպես նաեւ աղոթել հաշմանդամություն ունեցող անձանց համար, ովքեր հիմա առավել դժվար կացության մեջ են։

     

    «Ներկայիս համաճարակի պայմաններում՝ եկեք շարունակենք աղոթել հիվանդների համար,- ասաց Ֆրանցիսկոս Պապը։ – Այսօր ես ցանկանում եմ հատուկ աղոթք բարձրացնել ընտանիքների համար, ովքեր երեխաների հետ հայտնվել են տանը, քանի որ դպրոցները փակ են՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Այս դժվարին իրավիճակում նրանք պետք է ինքնակազմակերպվեն ու դա պետք է լավ անեն՝ պահպանելով հանգստություն եւ ուրախություն։ Ամենից առաջ ես մտածում եմ այն ընտանիքների մասին, որտեղ կան հաշմանդամություն ունեցող անձինք։ Հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված ցերեկային կենտրոնները փակ են, որի պատճառով էլ մարդիկ մնում են տանը՝ իրենց ընտանիքների հետ։ Աղոթե՛նք ընտանիքների համար, որպեսզի այս դժվարին պահին նրանք չկորցնեն խաղաղությունը եւ ամենն հաղթահարեն՝ պահպանելով տոկունությունը եւ ուրախությունը»։

     

    Իր քարոզում Սրբազան Քահանայապետը մեկնաբանեց անառակ որդու եւ ողորմած հոր մասին ավետարանական առակը։ Օրվա ծիսական ընթերցման այս հատվածը մենք շատ անգամ ենք լսել, ընդգծեց Նորին Սրբությունը եւ հրավիրեց ուշադրություն դարձնել համատեքստի վրա․ «Եվ բոլոր մաքսավորներն ու մեղավորները Նրա մոտն էին, որպեսզի լսեն Նրան։ Փարիսեցիներն ու օրենսգետները տրտնջում էին եւ ասում․ Նա ընդունում է մեղավորներին եւ ուտում նրանց հետ»։ Հիսուսը նրանց պատասխանում է այս առակով, եւ «մեղավորները լուռ մոտենում են, նրանք չգիտեն՝ ինչ ասեն, սակայն նրանց ներկայությունը շատ բանի մասին է խոսում եւ նրանք ցանկանում են լսել։ Իսկ ի՞նչ են ասում օրենսգետները։ Նրանք քննադատում են։ Նրանք «տրտնջում են», ինչպես Ավետարանն է ասում, եւ ցանկանում են թուլացնել Հիսուսի իշխանությունը ժողովրդի նկատմամբ՝ Նրան մեղադրելով, որ Նա ուտում է մեղավորների հետ եւ անմաքուր է»։

     

    Ժողովուրդը, այնուամենայնիվ, փրկության անհրաժեշտություն է զգում, ժողովուրդը հովվի՛ կարիք ունի եւ մոտենում է Հիսուսին՝ հենց Նրա մեջ հովվին տեսնելով։ Մարդիկ սպասում են, որ իրենց կօգնեն՝ կյանքի ճանապարհով ընթանալու համար։ Օրենսգետներն իրենց ինքնաբավ, ինքնագոհ են զգում, պարզաբանեց Ֆրանցիսկոս Պապը եւ դա արտահայտեց մեր ժամանակակիցներին առավել հասկանալի լեզվով․ «Մենք համալսարան ենք հաճախել, մենք գիտության թեկնածուներ ենք, ո՛չ, մենք գիտության երկակի թեկնածուներ ենք։ Մենք շատ լավ գիտենք, թե ինչ է ասում օրենքը եւ գիտենք բացարձակապես բոլոր պարզաբանումները, բոլոր դեպքերը»։

     

    Այնուհետեւ անդրադառնալով հոր կերպարին՝ Ֆրանցիսկոս Պապը նկատեց, որ որդու պահանջին ի պատասխան՝ հայրը նրան լռելյայն փող է տալիս, – «քանի որ նա հայր է եւ, հնարավոր է, ինքն էլ է հիշում իր երիտասարդական արարքների մասին»։ Հայրը գիտի լուռ տառապել եւ սպասել, նա սպասում է մինչեւ կանցնեն վատ ժամանակները, եւ հաճախ նրա վերաբերմունքն իր երեխաների թերությունների նկատմամբ խելագարություն է համարվում։ Երբ որդին հեռանում է տնից, հայրը ցավ ու սեր է զգում, դրա համար էլ անառակ որդին՝ խելքի գալով եւ որոշելով վերադառնալ, հանդիպում է սիրող հոր հետ, ով երբեք չէր դադարում սպասել։

     

    Խոսելով ավագ որդու «զայրացած» արձագանքի մասին՝ Ֆրանցիսկոս Պապն ընդգծեց, որ երբեմն այս զգացողությունը մարդկանց համար դառնում է միակ միջոցը՝ սեփական արժանապատվությունը դրսեւորելու համար: Սրբազան Քահանայապետն ավագ որդու պահվածքը համեմատում է օրենսգետների պահվածքի հետ․ ինչպես, որ նրանք էին օրենքի խախտում համարում այն, որ Հիսուս ուտում էր մեղավորների հետ, այդպես էլ որդին դժգոհ էր կրտսեր եղբոր սիրալիր ընդունելությունից։ Հայրն ասում է․ «Դու միշտ ինձ հետ ես, եւ ամեն ինչ, որ իմն է, քոնն է», սակայն ավագ որդին դա չէր նկատում՝ «ապրելով տանն ինչպես հյուրանոցում եւ ուշադրություն չդարձնելով հոր զգացմունքների վրա»։

     

    Բարեգութ հոր առակը ոչ միայն պատասխան է նրանց, ովքեր քննադատում էին Տիրոջը մեղավորներին մոտ լինելու համար, այլ նաեւ պատասխան է այժմյան դժգոհ անձանց համար, ովքեր քննադատում են կարիքավորներին եւ հեզերին մոտ լինելը։ «Թող Տերը մեզ շնորհ տա, որպեսզի մենք հասկանանք մեր խնդիրները,- քարոզի ավարտին ասաց Նորին Սրբությունը։ – Խնդիրն այն է, որ մենք տանն ապրելով՝ մեզ տանեցի չենք համարում, քանի որ առկա են հայրության եւ եղբայրության ոչ բավարար հարաբերություններ»։

     

    Վատիկան Նյուզ, թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը

    Սրբագրեց՝ Տ. Հովսեփը

Օրացույց

Օրացույց