• Նորին Սրբությունը կոչ է անում անտարբեր չլինել կարիքի մեջ գտնվողների նկատմամբ

    Եկե՛ք այսօր Տիրոջից շնորհ խնդրենք, որպեսզի անտարբեր չլինենք


    Մարտի 12-ի Սուրբ Պատարագի ժամանակ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Քահանայապետը կոչ արեց աղոթել նրանց համար, ովքեր որոշումներ են կայացնում՝ կապված կորոնավիրուսի համաճարակի հետ, եւ չմոռանալ ամենակարիքավորներին, հատկապես, սովից տառապող երեխաներին եւ պատերազմի փախստականներին:

     

    «Համաճարակի այս ժամանակաշրջանում եկե՛ք միասին աղոթենք հիվանդների, նրանց հարազատների, ծնողների համար, ովքեր երեխաների հետ տանն են նստած: Սակայն, նախ եւ առաջ, ուզում եմ ձեզ խնդրել, որպեսզի աղոթեք իշխանությունների համար: Նրանք պետք է որոշումներ կայացնեն, եւ հաճախ այդ որոշումները հաճելի չեն ժողովրդին: Սակայն այդ ամենն արվում է համընդհանուր բարօրության համար եւ իշխանությունները հաճախ են զգում միայնություն ու փոխըմբռնման բացակայություն: Աղոթե՛նք մեր ղեկավարների համար, ովքեր միջոցներ են ձեռնարկում մեզ պաշտպանելու համար, թող նրանք զգան ժողովրդի աղոթական աջակցությունը»,- ասաց Ֆրանցիսկոս Պապը:

     

    Մեկնաբանելով օրվա ավետարանական ընթերցումը մի հարուստ մարդու եւ աղքատ Ղազարոսի մասին (Ղկ.16,19-31), Սրբազան Քահանայապետը կոչ արեց անտարբեր չմնալ քաղցի ու պատերազմի ողբերգության նկատմամբ, որոնց պատճառով տառապում են երեխաները, իսկ փախստականներն իրենց դիմաց միայն պատնեշներ են տեսնում:

     

    Նորին Սրբությունն ընդգծեց, որ Տերը ցանկանում է ոչ թե պարզապես մի պատմություն պատմել, այլ՝ մատնանշել, որ ողջ մարդկությունն է այսպես ապրում.

     

    «Երկու մարդ. մեկն ամեն ինչից գոհ է, լավ հագնվում է, հավանաբար այդ ժամանակաշրջանի լավագույն ոճաբանների օգնությամբ, քանզի նա բեհեզ ու ծիրանի էր հագնում: Բացի այդ նա բավական լավ էր ապրում, քանի որ ամեն օր շքեղ խնջույքներ էր կազմակերպում եւ իրեն շատ երջանիկ էր զգում: Ոչ մի բանի մասին չէր անհանգստանում, միգուցե որոշ նախազգուշական միջոցներ էր ձեռնարկում խոլեստերինից պաշտպանվելու համար՝ ընդամենը մի քանի դեղահաբեր խմելով եւ կյանքն իր հունով ընթանում էր: Նրա դարպասների առաջ ընկած էր Ղազարոս անունով մի աղքատ մարդ: Հարուստը գիտեր այդ աղքատ մարդու մասին, սակայն դա նրան բնական էր թվում. «Իմ մոտ ամեն ինչ կարգին է, իսկ նրա մոտ…, դե կյանքն է այդպիսին, ինչ-որ ձեւով գլուխ կհանի»: Ավետարանն այդ մասին չի հիշատակում, սակայն չի բացառվում, որ այդ հարուստը երբեմն ինչ-որ բան էր նրան փոխանցում՝ որոշ փշրանքներ: Այսպես շարունակվում էր այս երկու մարդկանց կյանքը: Նրանք երկուսն էլ անցան համընդհանուր օրենքի միջով՝ մահացան»:

     

    Մահից հետո նրանց միջեւ մեծ անդունդ առաջացավ, շարունակեց Ֆրանցիսկոս Պապը, սակայն այդ անդունդը գոյություն ուներ դեռ նրանց կյանքի օրոք: Հարուստի ողբերգությունն այն էր, որ «նա շատ լավ տեղեկացված էր, սակայն նրա սիրտն էր փակ»: Նա գիտեր աղքատի մասին, բայց դա նրա սրտին չէր հասնում, հենց այդ պատճառով էլ նա կարեկցել չգիտեր: «Տեղեկություն, որը, սակայն, չի հասնում սրտին», ընդգծեց Ֆրանցիսկոս Քահանայապետը՝ հավելելով, որ դա տեղի է ունենում բոլորիս հետ: Մենք բոլորս գիտենք, թե աշխարհում քանի երեխա է տառապում սովի պատճառով, քանի երեխա անհրաժեշտ դեղամիջոցներ չի ստանում եւ քանիսը դպրոց չի հաճախում: Ամբողջ մայրցամաքներ լի են նման ողբերգություններով եւ մենք բոլորս գիտենք դրա մասին, սակայն միայն խոսքերով ենք կարեկցում՝ շարունակելով ապրել առաջվա նման: Դա անտարբերության անդունդն է կամ էլ անտարբերության համաշխարհայնացումը:

     

    «Այստեղ՝ Հռոմում, միգուցե, մենք անհանգստանում ենք այն պատճառով, որ չի կարելի ամեն օր զբոսնել, եւ փակ են խանութները, սակայն անհրաժեշտ է որոշ գնումներ անել: Մեզ մտահոգում են մեր հոգսերը եւ մենք մոռանում ենք սոված երեխաների, աղքատ մարդկանց մասին, ովքեր ազատություն են փնտրում տարբեր երկրների սահմաններին, մոռանում ենք պատերազմից ու սովից փախչող գաղթականների մասին, ովքեր իրենց դիմաց միայն պատնեշներ են տեսնում՝ երկաթյա պատնեշներ, փշալարեր, պարիսպներ, որոնք նրանց թույլ չեն տալիս անցնել: Մենք այս ամենը գիտենք, սակայն մեր սիրտը չի ազդվում»:

     

    «Եկե՛ք այսօր Տիրոջից շնորհ խնդրենք, որպեսզի անտարբեր չլինենք, թող Նա արժանացնի՛ մեզ այդ շնորհին, որպեսզի մարդկության ցավի ամբողջ տեղեկատվությունը հասնի մեր սրտերին եւ դրդի մեզ ուրիշների համար ինչ-որ բան անել»,- իր քարոզի ավարտին հորդորեց Նորին Սրբությունը:

     

    Վատիկան Նյուզ, թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը

    Սրբագրեց՝ Տ. Հովսեփը

Օրացույց

Օրացույց