• Քահանայապետը ոտքով գնաց Հռոմի եկեղեցիներ և աղոթեց հիվանդների համար

    Աստվածամոր սրբապատկերների և Խաչելության պատկերների սրբարար զորությունը


    2020թ․ մարտի 15-ի երեկոյան Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն անակնկալ կերպով դուրս եկավ Վատիկանից եւ քայլելով Հռոմի փողոցներով՝ այցելեց Սանթա Մարիա Մաջիորե՝ Աստվածամորը նվիրված եկեղեցին, որտեղ առանձնացավ Սալուս Փոփուլի Ռոմանի Տիրամոր սրբապատկերի առջեւ՝ հայցելով Սուրբ Կույս Մարիամի հատուկ հովանավորությունը կորոնավիրոսի համաճարակի ավարտի համար։ Լուրն հաղորդեց Սուրբ Աթոռի մամլո գրասենյակի տնօրենը՝ Պարոն Մաթթեո Բրունին, ով հայտնեց, որ Նորին Սրբությունը Սանթա Մարիա Մաջիորէ բազիլիկա այցելությունից հետո՝ որպես ուխտավոր գնաց դեպի Հռոմի կենտրոնում գտնվող «San Marcello al Corso» եկեղեցին, որտեղ գտնվում է հրաշագործ Խաչելությունը, որը 1522թ․ թափորով շրջեց Հռոմի մի շարք թաղամասերում, որպեսզի վերջ դրվեր Հռոմը հալածող «մեծ ժանտախտին»։

     

    Այս երկու եկեղեցիներում արված իր աղոթքների ժամանակ Սրբազան Քահանայապետն հայցեց Իտալիան ու ամբողջ աշխարհը հալածող համաճարակի ավարտը՝ աղերս բարձրացնելով առ Աստված՝  բազմաթիվ հիվանդների ապաքինման համար, հիշելով այս օրերի ընթացքում կորոնավիրուսին զոհ դարձած մարդկանց՝ խնդրելով, որ այդ զոհերի ընտանիքներն ու բարեկամները կարողանան գտնել մխիթարություն եւ սփոփանք։

     

    Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն աղոթեց նաեւ առողջապահական ոլորտի բոլոր աշխատակիցների համար՝ բժիշկներ, բուժ օգնություն մատուցողներ, կամավորներ, նաեւ բոլոր նրանց համար, ովքեր իրենց աշխատանքով ապահովում են ընկերության առաջընթացը։

     

    Ինչպես հայտնի է Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն հատուկ ջերմ վերաբերմունք ունի Սալուս Փոփուլի Ռոմանի Տիրամոր սրբապատկերի նկատմամբ։ Նա յուրաքանչյուր միջազգային ճանապարհորդությունից առաջ եւ հետո գնում էր դեպի  այդ սրբապատկերի մատուռը, որպեսզի, նախ, Տիրամորը հանձներ իր առաքելական ճանապարհորդությունը, ապա՝ ճանապարհորդությունն ավարտելուց հետո, Նրան շնորհակալություն հայտներ հաջող առաքելության համար։

     

    593թ․ Գրիգոր Ա Սրբազան Քահանայապետը թափոր կազմակերպեց Տիրամոր վերոնշյալ հրաշագործ սրբապատկերով շրջելով Հռոմի մի շարք թաղամասերում՝ հայցելով ժանտախտի ավարտը, իսկ 1837թ․ Գրիգոր Ժ Քահանայապետը հայցել էր Տիրամոր բարեխոսությունը խոլերայի համաճարակին վերջ դնելու համար։

     

    Անդրադառնալով «San Marcello al Corso» եկեղեցում պահվող 15-րդ դարի փայտե Խաչի հրաշքներին՝ հարկավոր է հիշել 1519թ․ մայիսի 23-ի հրաշքը, երբ գիշերը բռնկված հրդեհն ամբողջությամբ կործանեց Սան Մարչելլոյի եկեղեցին, սակայն երկրորդ օրը փլատակների տակից դուրս հանեցին խորանի խաչելության պատկերը, որն անբիծ էր ու առանց որեւէ վնասվածքի։

     

    Այդ հրդեհից երեք տարի անց Հռոմը դարձավ «մեծ ժանտախտի» թիրախ եւ ժողովուրդը, ժանտախտի տարածումը կանխարգելելու համար իշխանությունների որդեգրած սահմանափակումներին հետեւելու փոխարեն, շտապում էր եկեղեցի ու Խաչը թափորով տանում Հռոմի բազմաթիվ թաղամասեր, ապա՝ դեպի Սուրբ Պետրոսի Բազիլիկա։ Թափորը տեւեց 16 օր՝ 1522թ․ օգոստոս 4-ից մինչեւ 20-ը։ Մինչ թափորը առաջ էր ընթանում՝ ժանտախտը կամաց-կամաց հետ էր նահանջում, այդ իսկ պատճառով ամեն մի թաղամաս ջանում էր հնարավորինս երկար խաչն իր մոտ պահել։ Թափորի ավարտին, երբ խաչը վերադարձվեց եկեղեցի, ժանտախտն իսպառ անհետացել էր։

     

    1600թ․ սկսած Սան Մարչելլոյի անվան Եկեղեցու խաչի թափորի երթը դեպի Սուրբ Պետրոսի Բազիլիկա դարձել է ավանդություն, որը կատարվում է յուրաքանչյուր Հոբելյանական Սուրբ Տարվա ընթացքում։ Խաչի հետեւի մասում փորագրված են բազմաթիվ Քահանայապետների անուններ եւ Հոբելանական սուրբ տարիների թվականները։

     

    Վատիկան Նյուզ, Ռոբեր Ադդարյան

    Արևելահայերնի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը

     

Օրացույց

Օրացույց