• Ֆրանցիսկոսը մեկնում է չորրորդ երանին

    Աստծո հանդեպ ծարավ կա նույնիսկ Նրանից շատ հեռու սրտում


    Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի՝ մարտի 11-ի ընդհանուր ուկնդրության ամբողջական տեքստը, որը նա ասաց Առաքելական պալատի գրադարանից:

     

    Բարև ձեզ սիրելի եղբայրնե՜ր և քույրե՜ր:

     

    Այսօր մենք կշարունակենք խորհրդածել երջանկության պայծառ ճանապարհի մասին, որը Տերը մատնանշում է Երանիների պատվիրաններում: Մենք կանդրադառնանք չորրորդ «երանիի»-ն. «Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան» (Մտթ. 5,6):

     

    Մենք արդեն հանդիպել ենք հոգու աղքատության և սգո հետ, իսկ հիմա տեսնում ենք թուլության ևս մեկ տեսակ, որն այս անգամ կապված է քաղցի ու ծարավի հետ: Քաղցն ու ծարավը մարդու գոյության, գոյատևման առաջնային կարիքներն են: Անհրաժեշտ է ընդգծել, որ այստեղ խոսքը չի գնում ընդհանուր բնույթի ցանկության մասին, այլ՝ մի այնպիսի կենսական ու կարևոր պահանջի մասին, որն է սնունդը:

     

    Սակայն ի՞նչ է նշանակում արդարության քաղցն ու ծարավը: Իհարկե, մենք նկատի չունենք նրանց, ովքեր վրեժի ծարավ են, ընդհակառակը, Երանիների նախորդ պատվիրանում խոսեցինք հեզության մասին: Անշուշտ, անարդարությունը վիրավորում է մարդկությանը, մարդկային հասարակությունը ճշմարտության, անկեղծության, սոցիալական արդարության կարիք ունի: Մենք հիշում ենք, որ չարիքը, որը ներկայումս ապրում, զգում են մարդիկ ամբողջ աշխարհում, ի վերջո հասնում է Հայր Աստծո սրտին: Ո՞ր հայրը չի տառապի՝ տեսնելով իր երեխաների ցավը:

     

    Ավետարանում ասվում է, որ Աստված գիտի և կիսում է աղքատների ու ընկճվածների ցավը: Լսելով Իսրայելի որդիների բարձրացրած ողբը՝ Աստված իջավ, որպեսզի ազատի Իր ժողովրդին, ինչպես պատմում է Ելքի Գիրքը (տե՛ս՝ 3, 7-10): Սակայն արդարության քաղցն ու ծարավը, որի մասին խոսում է Տերը, առավել խորիմաստ է, քան մարդկային արդարադատության օրինական պահանջը, որն ամեն ոք կրում է իր սրտում:

     

    Այդ նույն «Լեռան քարոզում» Հիսուս խոսելու է արդարության մասին, որը գերազանցում է մարդկային օրենքները կամ անձնական կատարելությունը. «Եթե ձեր արդարությունը ավելի չլինի, քան օրենսգետներինը և փարիսեցիներինը, երկնքի արքայություն չեք մտնի» (Մտթ. 5, 20): Ահա՛ այսպիսին է Աստծուց եկած արդարությունը (տե՛ս՝ Կոր. Ա 1, 30):

     

    Ավետարանում առավել խորը դրսևորված ծարավի ենք հանդիպում, քան ֆիզիկական ծարավն է, դա հենց այն ցանկությունն է, որն ընկած է մեր գոյության, կեցության հիմքում: Սաղմոսում ասվում է. «Աստվա՜ծ: Դու իմ Աստվածն ես, վաղ լուսաբացից Քեզ եմ փնտրում, Քեզ է փափագում հոգին իմ, Քո համար է տոչորվում, չարչարվում մարմինն իմ դատարկ, չորացած ու ջրազուրկ հողում (Սղ. 63,2): Եկեղեցու հայրերն են խոսում մարդու սրտում ապրող այդ անհանգստության մասին: Սուրբ Օգոստինոսը պնդում է. «Մեր սիրտը խաղաղություն չի ճանաչի, մինչև որ իր հանգստությունը քո մեջ չգտնի»: Գոյություն ունի ներքին ծարավ, ներքին քաղց և անհանգստություն…

     

    Ամեն մի սրտում՝ նույնիսկ փչացած ու բարուց շատ հեռու գտնվող մարդու սրտում, թաքնվում է դեպի լույսը ձգտելու ցանկությունը, անգամ եթե այն գտնվում է ստի և մոլորության փլատակների տակ, միշտ էլ կա արդարության ու բարության ծարավ, իսկ դա հենց Աստծո ծարավն է: Այդ ծարավն առաջացնում է Սուրբ Հոգին. Նա՛ է կենդանի ջուրը, որն ամրացնում է մեր հողն ու մոխիրը (աճյունը), Նա՛ է կենարար շունչը, որի շնորհիվ մենք ապրում ենք:

     

    Ահա, թե ինչու է ուղարկված Եկեղեցին՝ բոլորին Աստծո Խոսքը հռչակելու համար, որը լցված է Սուրբ Հոգով. Հիսուս Քրիստոսի Ավետարանը ամենամեծ արդարությունն է, որը կարելի է առաջարկել մարդկային սրտին, որը կենսականորեն անհրաժեշտ է նրան՝ անգամ եթե նա դա չի էլ գիտակցում:

     

    Օրինակ, երբ տղամարդն ու կինը ամուսնանում են՝ գեղեցիկ ու հիանալի ինչ-որ բան անելու մտադրությամբ և նրանք կենդանի են պահում այդ ծարավը, ապա անպայման առաջ ընթանալու ճանապարհ կգտնեն՝ չնայած բոլոր խնդիրներին, շնորհի օգնությամբ: Երիտասարդներին ևս բնորոշ է այսպիսի ծարավ և նրանք դա չպետք է կորցնեն: Երեխաների սրտերը անհրաժեշտ է  պաշպանել ու լցնել սիրո, քնքշության, ուրախության այդ ցանկությամբ, որոնք դրսևորվում են նրանց անկեղծ ու պայծառ ավյունով:

     

    Ամեն մարդ կոչված է կրկին գիտակցելու, որ գոյություն ունի կարևոր մի բան, որի կարիքը նա իսկապես ունի, ինչը նրա կյանքը դարձնում է ավելի լավը և միևնույն ժամանակ հասկանալ, թե ինչն է երկրորդական, առանց որի կարելի է հանգիստ ապրել:

     

    Արդարության ծարավի ու քաղցի մասին Երանության այս պատվիրանում Հիսուսն ասում է, որ կա ծարավ, որը հուսախաբ չի անում, ծարավ, որը միշտ կհագեցվի, եթե նրան աջակցես, ծարավ, որը միշտ բարիք կլինի, քանզի այն արձագանքում է հենց Աստծո սրտում, Նրա Սուրբ Հոգում, Ով ինքնին հենց սեր է, որը Սուրբ Հոգին սերմանել է մեր սրտերում: Թող Տերը արժանացնի մեզ այս շնորհին, որպեսզի միշտ զգանք արդարության ծարավը, իսկ դա հենց Աստծուն գտնելու ու տեսնելու և մարդկանց բարություն անելու ցանկությունն է:

     

    Վատիկան Նյուզ, թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց