Սփոփանք՝ տառապյալների համար
Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի գլխավորությամբ ամեն տարի ավագ ուրբաթի գիշերը տեղի ունեցող «Քոլլիզեումի» ավանդական ճանապարհ խաչի արարողության 14 կայանների խորհրդածությունները այս տարի հանձնված են Պադովայի «Due Palazzi» դատապարտյալների տան ժողովրդապետությանը։ Լուրը հայտնեց հենց ինքը՝ Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը Պադովայի «Il Mattino di Padova» օրաթերթին ուղարկած նամակի միջոցով, որտեղ ասում է, որ ընտրել է բանտը, որպեսզի այս անգամ ևս ամենավերջինները հանդիսանան նրանք, ովքեր ցույց են տալիս ճանապարհը»:
Խորհրդածությունները, որոնք առաջին անգամ են հանձնվել բանտարկյալներին՝ իրենից ներկայացնում է մի «խմբային» աշխատանք, որը միավորում է բանտի տարբեր դիմագծերը. թիրախը, բանտարկյալին, բանտապահին, կամավորին, բանտարկյալների ընտանիքներին, հսկիչ դատավորին, մանկավարժին, Եկեղեցին և անմեղ անձանց, ովքեր հաճախ անարդար կերպով են բանտի մեջ գտնվում»,-գրում է Ֆրանցիսկոս Պապն իր նամակում՝ հայտնելով, որ ինքը հուզմունքով կարդաց խորհրդածությունների մտորումները, որը մեզ մասնակից է դարձնում «սխալ գործող եղբոր ու նրան թիկունք կանգնող անձի պատմությանը», որպեսզի կարողանա այն դարձյալ վերականգնել։
Սրբազան Քահանայապետը հայտնում է, որ «Իլ Մաթթինօ» օրաթերթի միջոցով ցանկանում է, որ այս հայտարարությունը դառնա մի սփոփանք՝ այս օրերի ընթացքում ապրած տառապանքի համար. «մահվան տառապանք, որն Իտալիան ապրում է Covid-19 վիրուսի պատճառով», դրա համար էլ ցանկանում եմ «մարդկային մոտիկություն ցուցաբերել ու աղոթք բարձրացնել համայն Իտալիայի բնակչության քրիստոնեական հույսի ոգով»,-գրում է Ֆրանցիսկոս Պապը, ապա ակնարկում է նաև Պադովա քաղաքի մասին, որն ընտրվել է «2020թ. Եվրոպայի կամավորների մայրաքաղաք»: Այս կապակցությամբ քաջալերելով՝ Քահանայապետն ասաց, որ չի բացառելու որևէ մարդու և հատկապես նրանց, ովքեր անպաշտպան են, որովհետև «ոչ ոք չի մերժելու սիրալիր հայացքը և բարության արարքը և ուշադրությունը», գրում է Նորին Սրբությունը՝ ընդգծելով, որ «ուրիշը՝ անկախ նրա կյանքի իրավիճակից, միշտ էլ կարևոր է»:
Ֆրանցիսկոս Պապը նաև մատնանշում է այն կարգախոսը, որը վերաբերում է Պադովային՝ «Եվրոպայի կամավորների մայրաքաղաքին». «վերահյուսել Իտալիան», որը «հակասում է ժամանակակից իրականությանը, որտեղ նախընտրում են «մսխել, քան կառուցել, քայքայել, քան կարով միացնել»։
Ավարտին Նորին Սրբությունը շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր այս օրերին պայքարում են կորոնավիրուսի դեմ՝ հատկապես բժշկական ոլորտում աշխատողներին, և օրհնում է բոլոր նրանց, ովքեր այդ պատճառով հարազատներ կորցրեցին, օրհնում է տարեցներին, հիվանդներին ու բանտարկյալներին, ովքեր այս պահին չեն կարող անգամ պարզ մխիթարական այցելություն ընդունել։
Vatican News, արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը